Այսօր «Նոյան տապան» ակումբում «Արեւմտյան Հայաստանի հանրապետության վտարանդի կառավարության» ղեկավար Տիգրան Փաշաբեզյանն ասաց, որ արդեն ունեն հանրապետության առաջին պաշտոնական փաստաթղթերը՝ կառավարության, ազգային ժողովի ստեղծման մասին: Նրա խոսքով, առաջիկայում կներկայացնեն նաեւ սահմանադրության հայեցակարգը: Ըստ Տիգրան Փաշաբեզյանի՝ սահմանադրության նախնական տեսքն այժմ ներկայացված է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթում. «Սահմանադրության հիմքն է լինելու այդ փաթեթը: Բոլոր քաղաքացիները կծանոթանան դրան, քվեարկությանը կմասնակցեն միայն քաղաքացիները»:
Հետո նա պատմեց, որ հոկտեմբերի 18-ին, 19-ին Երեւանում Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանն են գումարել, ամփոփել վերջին մեկ տարում խորհրդարանի ու կառավարության կատարած աշխատանքը:
Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանն էլ ասաց՝ Երեւանում անցկացված համաժողովի ժամանակ հաստատվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման վերաբերյալ հայտարարություն:
Տիգրան Փաշաբեզյանի խոսքով, այդ հայտարարությունը ներառված է Արեւմտյանի Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության միասնական փաթեթում. « Երբ հստակեցնում ենք ցեղասպանության իրականացման տարիները, իսկ ցեղասպանությունը շարունակվել է 1894-ից մինչեւ 1923 թթ Թուրքիայի երեք կառավարությունների ղեկավարման տարիներին: Հատուցման հարցը բարձրացնելուց առաջ մենք պետք է հստակ ցույց տանք այն հանցագործությունները, որոնք հայերի նկատմամբ եղել են, հետեւաբար արդեն ակնհայտ է, թե ինչ են հատուցելու»:
Կարդացեք նաև
Արմեն Տեր-Սարգսյանն էլ ասաց, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաթեթն ու որոշ կարեւոր պատմական փաստաթղթեր, օրինակ՝ Սեւրի դաշնագիրը, Կիլիկիայի անկախության հռչակագիրը եւ այլ փաստաթղթեր Արեւմտյան Հայաստանի հարցով շահագրգռված պետությունների բանակցային սեղանի վրա են դնելու:
Տիգրան Փաշաբեզյանը Արեւմտյան Հայաստանի հանրապետության անկախության հռչակման իրենց տեսլականը իրատեսական է համարում. «Մեր նպատակակետն է, որ Արեւմտյան Հայաստանի հայերը կարողանան ապահովել գոյություն ունենալու եւ առաջընթացի կարեւորագույն սկզբունքները միջազգային իրավունքի նորմերով: Իրատեսական է մեր ծրագիրը, որովհետեւ այսօր է փոփոխությունների ժամանակը, հետո գալու է այլ ժամանակ, երբ փոփոխություններ անել այլեւս հնարավոր չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ