Արմավիրի մարզում երեկ հետաձգվեց Վլադիմիր Գավրիուշենկոյի, Մարտին Շահենյանի, Գոռ Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նոյեմբերի 8-ին կշարունակվի գործով դատական նիստը:
Նախագահող դատավորն է Արթուր Ադամյանը:
Ըստ մեղադրանքի, Վլադիմիր Գավրիուշենկոյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունվարի 20-ին, գողություն կատարելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող երկաթյա հարմարեցված գործիքով բացելով Ն. Քոչարյանի՝ Մեծամոր քաղաքի 3 բ շենքի 21 բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է։
Բացի դա, Վլադիմիր Գավրիուշենկոն, գողություն կատարելու դիտավորությամբ, իր ծանոթներ Մարտին Շահենյանի եւ Գոռ Հակոբյանի հետ, վերջինիս ավտոմեքենայով 2014թ. փետրվարի 26-ին գնացել է Արմավիր քաղաք, որտեղ Մ. Շահենյանը եւ Գոռ Հակոբյանը սպասել են մեքենայի մեջ, իսկ նա ժամը 10-ի սահմաններում մտնելով Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 8 շենքի մուտք, իր մոտ գտնվող երկաթյա հարմարեցված գործիքով բացելով երկրորդ հարկի 44 տան մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել Ն. Ասլանյանի բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. շենքի մուտքից ձայներ լսելով՝ դիմել է փախուստի, սակայն աստիճանների վրա բռնվել է նշված շենքի բնակիչ Ն. Պետրոսյանի կողմից։
Կարդացեք նաև
Վլադիմիր Գավրիուշենկոն բացելով Ս. Հարոյանին պատկանող՝ նույն շենքի 10 բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք էր գործել բնակարան եւ կատարել 2 մեդալների, 2 շքանշանների, համակարգչի 1 հիշողության սարքի, սպորտային ատրճանակի (փամփուշտներով) գողություն։
Մարտին Շահենյանը դիմել է «Առավոտին», հայտնելով, որ կապ չունի կատարված հանցագործությունների հետ, այդ պատճառով էլ նա դիմել էր վաթսուն օրով հացադուլի:
Ստորեւ տպագրում ենք կալանավորի նամակը:
«Ես՝ Մարտին Յուրիկի Շահենյանս, գտնվել եմ հացադուլում հուլիսի 13-ից: Պատճառը իմ դեմ հարուցված քրեական գործն էր, որի համար ձերբակալվել եմ փետրվարի 26-ին: Արմավիրի ոստիկանության քրեական բաժնի օպերներից 3-ը ինձ ահաբեկում էին իրենց կաբինետում, գիշերը, ասում էին, որ եթե իրենց ասած ձեւով չգրեմ ցուցմունքս, որ իբր ես ու Վովան տաքսու վարորդի հետ պայմանավորված գնացել ենք գողության, ինձ պատվազուրկ կանեն: Նրանցից մեկը բռնի կռացրեց ինձ, մյուսն էլ ասաց՝ հեռախոսդ հանի՝ որ նկարես, մեկն էլ ասում էր, որ հետեւիցդ էդ նկարածը կուղարկեմ բերդ, որ բոլորն իմանան դու ով ես: Ես ստիպված գրել եմ ցուցմունք, որն ամբողջությամբ սուտ է: Ես չգիտեմ՝ Վովան իրենից ինչ էր ներկայացնում, քանի որ նրան ճանաչել եմ 8-10 օր, չեմ ճանաչել նաեւ տաքսու վարորդ Գոռին, որի մեքենան նստել եմ 2 անգամ՝ վճարելով իր քշածի դիմաց: Երբ Արմավիրից մեզ տեղափոխեցին «Նուբարաշենի» բերդ, գցեցին «կարանտին» կոչվող խուցը, ես փորձեցի ինքնավնասման ճանապարհով իմ բողոքը հասցնել բարձր ատյաններին: Այդ խցում կտրեցի ձախ թեւիս ծալքի գլխավոր երակը, կարեցին, նորից բերեցին նույն խուցը: Մարտի 5-ին ես հայտարարել էի հացադուլ, ինչի առիթով գլխավոր դատախազությունից հատուկ բաժնի քննիչ եկավ, խոստանալով, որ օպերները կպատժվեն, իմ գործով նրանց կբերեն իմ հետ առերեսման: Բայց նրանցից ոչ մեկին չբերեցին, այլ բերեցին ուրիշ օպերների, որոնք մասնակից չէին: Հացադուլից դուրս եկա, ինձ տեղափոխեցին 44 խուցը: Այդ խցում կար 12 մահճակալ, իսկ կալանավորներս 15-ն էինք, հերթով էինք քնում: Երկու ամիս այդ խցում մնացի, բայց իմ գործում ոչ մի տեղաշարժ չեղավ: Մի մեծ մեխ ճարեցի, մեխեցի աջ կրծքավանդակիս մեջ: Շտապօգնության մեքենայով ինձ տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց՝ վիրահատության, իսկ հաջորդ օրը կողքիցս «շլանգներ» միացրած, ծանր վիճակում ինձ տեղափոխեցին բերդի հիվանդանոց: 13 օր պահել են, կարերը կիսատ-պռատ քանդել, նորից տեղափոխել 44 խուց: Դրանից հետո նորից դիմել եմ հացադուլի՝ գիտակցելով, որ վտանգավոր քայլ եմ անում: Ի՞նչ արած, ուրիշ ելք չունեի, ցանկանում էի, որ բարի մարդու ձեռք ընկնի այս գրությունս եւ լուսաբանվի, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է տեղի ունենում մեր իրավապահ մարմիններում: Իրականում ինչ է տեղի ունեցել: Որտեղ ես ապրում էի վարձով, մեր տան մոտ հացի փուռ կար, գնացել էի փռից հաց առնելու, երբ ինձ մոտեցավ մի տղա՝ նորմալ հագնված, ձեռքին թեթեւ ճամպրուկ եւ հարցրեց վարձով տուն:
Զրուցեցինք իրար հետ մոտ 20 րոպե, իմացա, որ նա կալանավայրից է, տեղացի չի՝ Վրաստանից է: Հրավիրեցի մեր տուն, քանի որ տեղ չուներ մնալու եւ գրպանում էլ փող չկար: Տեղ տվեցի քնելու: Անունը Վովա էր: Վովան ասաց, որ ունի մտերիմ մարդիկ Մասիսում, Արմավիրում, որոնք գումար պետք է իրեն տան: Առավոտյան Վովան ասաց, թե մեքենա է պետք, որ գնանք Մասիս, վերցնենք գումարը: Քանի որ այդ օրը ձեռքիս գումար չկար, խնդրեցի մի քանի օր համբերել, մինչեւ մի օր ձեռքս 10.000 դրամ փող ընկավ, տվեցի Վովային, որ գնա իր հարցերը լուծի: Վովան ասաց՝ արի իրար հետ գնանք, համ գումարը կվերցնեմ, համ էլ վարձով տան համար կպայմանավորվեմ: Մինչ ես տանից դուրս կգայի, Վովան արդեն տաքսի էր կանչել, գնացինք Մասիս: Գնացինք, Վովայի ուզած շենքը հարցնելով գտանք, կանգնեցինք շենքի դիմաց, Վովան ասաց՝ դուք մի քիչ զրուցեք, ես բարձրանամ ու շուտ գամ: Գնաց, մի 5 րոպեից ետ եկավ, ասաց՝ տանը չէր այն անձը, որին փնտրում էր, մի ուրիշ անգամ պետք է գալ: Եկանք, ճանապարհին վարորդի հետ պայմանավորվեցինք, որ երբ մեքենա պետք լինի, զանգենք իրեն, ու բաժանվեցինք: Արդեն տանը Վովան ինձ հարցրեց՝ կարա՞նք վաղը 5000-ով գնանք Հոկտեմբերյան ու հետ գանք:
Ես ասացի, որ վաղվա հացի, ծխախոտի փող չունենք: Վովան ասաց, որ Զեյթունում ծանոթ ունի, կգնա իր ծանոթի մոտ: Երբ հաջորդ առավոտյան արթնացա, տեսա, որ Վովան չկար. նա այդ օրը եկավ բավականին ուշ: Իր մոտից հանեց երկու հատ մեդալ, երկու հատ կրծքանշան, մեկ սպորտային ատրճանակ, փոքր ցելոֆանե տոպրակով փամփուշտներ: Ես ասացի՝ էս ի՞նչ սիրուն խաղալիք ա: Նա ասաց՝ եթե դուրդ գալիս է, քեզ կնվիրեմ ծնունդիդ. երբ նրա հետ խոսել էինք, գիտեր, որ ծնունդս մարտի 20-ին է: Հաց կերանք, վերջացրինք, Վովան ասաց՝ հեռախոսը տուր զանգեմ Գոռին՝ տաքսու վարորդին, ասեմ գա, գնանք Հոկտեմբերյան: Նա զանգել, խոսել էր, վարորդը եկավ, գնացինք Հոկտեմբերյան: Բարձրացավ իր ուզած տեղն ու շենքը, ասաց՝ սպասեք, հիմա կգամ: Եկավ կես ժամից: Հետը մի տղա կար, որն էլ իջավ ճանապարհին ինչ-որ տեղ: Այդտեղ զինվորական հագուստով էլի մարդիկ կային: Վովան իջավ, չգիտեմ՝ ինչ խոսեցին մի 20 րոպե: Ավելի շատ վեճի էր նման: Ավտոյի մեջ նա ասաց, որ երեկոյան ժամը 7-ին պետք է զանգենք էդ տղերքին, գանք իրենց տեսնենք: Եկանք Երեւան, Ծերեթելի խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնեցինք: Կողքի մեքենաների միջից դուրս եկան մի խումբ երիտասարդներ, մեզ ձերբակալեցին»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2014