Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Հոդվածն ամբողջ թերթի հետ միասին տպարան գնաց, բայց այդպես էլ դուրս չեկավ»

Հոկտեմբեր 20,2014 13:30

«Առավոտում» աշխատանքային տարիներն է հիշում Արմինե Ուդումյանը

«Առավոտն» այդ ժամանակ երազանքի նման մի բան էր: Չեմ մոռանա իմ զգացողություններն ու հպարտությունը, երբ իմ լուրն ու արած լուսանկարը տպագրվեցին առաջին էջում, կամ լուսահոգի հորս հպարտությունը, երբ հայտնեցի «Առավոտում» աշխատանքի անցնելու լուրս, նա Արամ Աբրահամյանին շատ էր գնահատում»,- «Առավոտում» իր աշխատանքի անցնելու օրերն է հիշում Արմինե Ուդումյանը:
«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ նա է պատմելու օրաթերթում իր աշխատանքային տարիների մասին:

«Տնտեսական թեմաներով մասնագիտացած թերթում էի աշխատում: Մի անգամ ասուլիսի էի, որից հետո «Առավոտի» տնտեսական էջի պատասխանատու Լուսինե Մարգարյանն առաջարկեց «Առավոտի» համար հոդված գրել: Որոշ ժամանակ հետո Լուսինե Մարգարյանը այլ աշխատանքի տեղափոխվեց, իսկ օրեր անց Արամ Աբրահամյանը կանչեց ու հայտնեց իմ աշխատավարձի չափն ու պարտականությունների սահմանները՝ որպես տնտեսական էջի պատասխանատու: Այդ որոշման մեջ դեր էր ունեցել նաեւ սոցիալական էջի պատասխանատու Արեւհատ Գրիգորյանի առաջարկը,- պատմում է Ա. Ուդումյանը: Արդեն հետո՝ աշխատանքի ընթացքում Արմինեն նկատեց, որ Արամ Աբրահամյանը երբեք չի ուղղորդում որեւէ մեկին հոդված գրելիս. «Նա ոչինչ չէր փոխում նյութերում, խմբագրելիս երբեք չէր աղավաղում միտքը կամ ասելիքը, բայց գուցե մի բառ ավելացներ ու այնքան ուժեղանար հոդվածը, որ հիանում էիր նրա մտքի սրությամբ ու պրոֆեսիոնալիզմով»:

«Առավոտում» Արմինե Ուդումյանի հրապարակումները միայն տնտեսական թեմաներով էին, դրանք միշտ արժանանում էին ուշադրության: «Ես, կարելի է ասել, մասնագիտական ամենամեծ ու ամենակտրուկ վերելքը հենց «Առավոտում» եմ ապրել: Արամ Աբրահամյանի հետ աշխատանքն ինձ համար անգնահատելի դպրոց էր: Գրելով անընդհատ սուր հոդվածներ, ես միաժամանակ անփոխարինելի ընկերներ եմ ձեռք բերել, նույնիսկ անխնա քննադատության ենթարկվող ֆիգուրներն անհարգալից չէին վերաբերվում, փորձում էին բարեկամանալ ու լավ հարաբերություններ պահպանել: Հազար անգամ եմ լսել. նախարարներից կամ տնտեսական գործիչներից շատերն օրվա մամուլի ընթերցումներն այդ ժամանակ սկսում էին «Առավոտով» ու միանգամից չորրորդ էջով: Եվ բոլոր առումներով, «Առավոտում» աշխատանքն իմ պատկերացրածից անհամեմատ հիանալի էր»,- ասում է Արմինե Ուդումյանը:

Ըստ նրա, հրապարակումների թեմաները շատ էին, փաստարկված նյութերն «Առավոտում»՝ բազմաթիվ: «Առավոտը» մի համերաշխ, մեծ, սիրելի ընտանիքի պես էր: Բոլորս բոլորիս խնդիրների, ուրախությունների, հաջողությունների, անձնական հարցերի մասին գիտեինք: Ինչ-որ մի ժամանակից, հաշվի առնելով մեկ աշխատասենյակում ծխողների եւ չծխողների առկայությունն ու իմ՝ ծխելու դեմ անզիջում պայքարը, մեր բաժնի (տնտեսական) համար խմբագիրն առանձին աշխատասենյակ հատկացրեց: Այնտեղ է՛լ ավելի ջերմ ու հարազատ մթնոլորտ էր: Լուսինե Բուդաղյանի հետ միեւնույն աշխատասենյակում էինք, որն իմ ամենամոտ ընկերուհին է: Հետո Հռիփսիմե Ջեբեջյանը միացավ: Շատ լավ տեղեկատվության աղբյուրներ ունեինք եւ միշտ սուր ու մեծ ռեզոնանս առաջացնող, բացահայտումներ պարունակող հոդվածներ էինք հրապարակում: Եվ նույնիսկ, երբ դրանց հասցեատերերը աղմուկ բարձրացնելու, մեզ սպանելու հաստատ ցանկությամբ գալիս էին խմբագրություն ու մեր աշխատասենյակ, տեսնելով մեր ապացույցները, մեր ռացիոնալ վերաբերմունքը, մեզ շատ էին համակրում, փորձում բարեկամանալ, սկսում բացատրել իրենց տեսանկյունից օբյեկտիվ պատճառները եւ չէին ուզում հեռանալ»,- պատմում է Արմինե Ուդումյանը:

Այստեղ աշխատելու տարիներին աղմուկ բարձրացրած հրապարակումների պակաս չկար, բայց դրանցից մեկը հատկապես հիշարժան է Արմինե Ուդումյանի համար: Հրապարակման հեղինակն ինքն էր, ասում է՝ իր հերթական նյութերից էր, նախորդ գրածներից առանձնապես չտարբերվող: «Լուսահոգի, հարգարժան նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շրջապատից մի գործարար տիկնոջ բիզնես վարքագծի մասին էր: Նա անթույլատրելի գործողություններ էր թույլ տալիս՝ օգտագործելով իր կապերի մասին համբավը: Նախ՝ մինչեւ հրապարակումը փորձ արեցին ճնշում գործադրել՝ չհրապարակելու համար (տեղյակ էին, որ նման փաստեր ունեմ, քանի որ արդեն դիմել էի պարզաբանումների եւ հակափաստարկների համար): Ունենալով մեր խմբագրի անվերապահ վստահությունը, ես աշխարհի ամենաինքնավստահ մարդն էի ինձ զգում, ճնշումներն ինձ վրա ուղղակի անհնար բան էին: Հետո փորձեցին խնդրանքով, հետո կաշառելու փորձերով, հետո խմբագրին էին խնդրում, բայց մենք անդրդվելի մնացինք եւ հոդվածն ամբողջ թերթի հետ միասին տպարան գնաց, տպարան գնաց, բայց այդպես էլ դուրս չեկավ,-ասում է նա,- հաջորդ օրն, առանց չափազանցության, ամբողջ հանրապետությունն իրար էր խառնվել. ոչ ոք «Առավոտ» չէր ստացել՝ ոչ կրպակները, ոչ նախարարությունները, ոչ նախագահականն ու կառավարությունը, ոչ էլ նույնիսկ խմբագրության օրինակներն էին տեղ հասել: Պատահել էր, որ ինչ-որ կրպակներից, ինչ-որ քաղաքում թերթը հավաքեն, որ ընթերցողներին չհասնի, բայց որ բացարձակապես անհետանա ամբողջ խմբաքանակը, նման բան էլ երբեւէ չի եղել: Ու քանի որ «Առավոտն» ամենաընթերցվող թերթն էր, կամ ամենամեծ լսարան ունեցող ու ազդեցիկ 2-3 լրատվամիջոցներից մեկը, ուստի բացակայությունն իսկական աժիոտաժ էր առաջացրել:

Միանգամից դա որակվեց ազատ մամուլի նկատմամբ ոտնձգություն: Լրագրողական կազմակերպությունները, այդ ժամանակվա քաղաքական գործիչներն ու կուսակցություններից մի քանիսը հայտարարություններով հանդես եկան, ընդդիմության գործիչները քննարկումների ժամանակ մեջբերեցին փաստը, իսկ երեկոյան արդեն նաեւ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով դեպքը: Բայց դա էլ քիչ էր, ամբողջ հանրապետությունը, բոլորը փնտրում էին այդ հոդվածը: Լրագրողները դիմում էին մեկնաբանությունների համար, բայց ի պատիվ մեր խմբագրի հավասարակշռված վարքագծի, մենք դրանից ոչ մի շոու չսարքեցինք, չգայթակղվեցինք, չքաղաքականացրեցինք, եւ շատ համեստ վարքագիծ դրսեւորեցինք: Մենք, իհարկե, այդ հոդվածը երկրորդ անգամ չտպեցինք: Խմբագիրն իմ հոդվածի համար գումարային պարգեւատրում տվեց, այն, իհարկե, մի 300 անգամ պակաս էր այն գումարից, որ առաջարկվում էր որպես կաշառք՝ չհրապարակման համար, բայց դա անգին էր, դա մեր խմբագրի գոհունակությունն էր աշխատանքի դիմաց եւ դա անմոռանալի էր»:
Օրաթերթում Արմինե Ուդումյանն աշխատել է չորս տարի՝ 2001-2005թթ.: «Առավոտից» հետո կրկին մեդիա ոլորտում է աշխատել: Հիմա Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական ծառայության» տնտեսական լրագրողն է, զուգահեռաբար աշխատում է «Գլենդել Հիլզ» ընկերությունում՝ որպես PR մենեջեր: Ասում է՝ շարունակում է հետեւել «Առավոտի» գործունեությանը, ցանկանում է «Առավոտին» միշտ տեսնել պրոֆեսիոնալ եւ ուժեղ. «Առավոտի» հեղինակությունն իմ հեղինակությունն էլ է, իմ կյանքի մի մասն է այնտեղ անցել, եւ ես շատ եմ սիրում իմ կյանքի այդ մասը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031