Թվում է թե՝ գոնե այս աշուն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին չպիտի ծավալուն խոսակցություն ծավալվեր, մանավանդ որ՝ ոչ իշխանամետ քառյակի հետ Քոչարյանի անձն ուղղակիորեն չի կապվում: Ամենից ավելի Քոչարյանին կապել և կապում են դաշնակցության հետ, բայց դաշնակցությունն, ըստ էության, լքեց քառյակը՝ այն վերածելով եռյակի: Այսինքն, հիմա արդեն պիտի դժվարանանք միանշանակ պնդել թե՝ դաշնակցությունը քոչարյանամետ կուսակցություն է:
Քառյակի երկրորդ անդամը, որին այս կամ այն կերպ հնարավոր է կապել Քոչարյանի հետ, միանշանակ ԲՀԿ – ն է: Հայտնի է, որ ԲՀԿ – ն հիմնադրվեց Քոչարյանի իշխանության տարիներին, ընդ որում՝ Քոչարյանի ակնհայտ նախաձեռնությամբ:
Ոչ իշխանամետ քառյակի հաջորդ անդամը, որին չափազանց դժվար է որևէ կերպ կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀԱԿ – ն է: Ավելին. շատերս ենք հիշում առաջին նախագահի հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստանի նախագահի ընտրություններում կառաջադրվի միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնում առաջադրվի նաև Ռոբերտ Քոչարյանը: Ըստ ամենայնի, սույն մոտեցումն առաջին նախագահի կողմից վերանայված է կամ, ավելի մեղմ ասած, ենթարկված է քաղաքագիտական վերլուծության:
Ավելի ուշ առաջին նախագահի կողմից հնչել է տեսակետ՝ իր իսկ առաջացած տարիքի մասին, բայց, կարծում ենք, տվյալ տեսակետը նույնպես ենթակա է վերանայման, մանավանդ որ՝ քաղաքագիտական վերլուծության հնարավորությունը մշտապես կա և լայն ու բազմապիսի հորիզոններ կարող է ապահովել հատկապես առաջին նախագահի համար:
«Ժառանգության» և երկրորդ նախագահի առնչություններն առավել դժվար է վերծանել ու վերլուծել: Եվ ընդհանրապես՝ «Ժառանգությունը» քառյակից եռյակի վերածված միավորման ամենաանկախատեսելի և ամենաանկռահելի միավորն է:
Ամենասկզբում շատերը կարծիք էին հայտնում, որ առաջինը հենց «Ժառանգությունը» կլքի քառյակը, բայց, շատերի համար անսպասելի, դաշնակցականներն առաջինը լքեցին, և դաշնակցության՝ պառլամենտական պետություն կառուցելու տեսլականի հետ կապված բացատրություններն ու պատճառաբանություններն ավելի քան անհամոզիչ են, որովհետև դեռ պարզ էլ չէ՝ Սերժ Սարգսյանի ու հանրապետականների փափագածը պառլամենտական հանրապետությո՞ւն է, թե՝ միանգամայն այլ բան, թե՞ իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում:
Կարդացեք նաև
Առայժմ միայն մի բան է պարզ. քառյակից եռյակի վերածված միավորումը կտրականապես դեմ է երրորդ նախագահի ու հանրապետականների փափագած սահմանադրական փոփոխություններին, որովհետև իրենք գտնում են, որ Սերժ Սարգսյանն ու հանրապետականները սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են վերարտադրվել ու շարունակել իրենց իշխանավարությունը: Մի խոսքով, Քոչարյանի պես Սերժ Սարգսյանն էլ չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ: Եվ չնայած առաջին նախագահը սիրում է խոսել իր առաջացած տարիքից, ինքն էլ քաղաքական թոշակառու դառնալու ձգտումներ առանձնապես հանդես չի բերում:
Չնայած էս շարունակական հոդվածի վերնագրում անձամբ Ռոբերտ Քոչարյանի անունն ենք նշել, այդուհանդերձ, ինքս էլ եմ հասկանում, որ էս ամենն էնքան Քոչարյանին չի վերաբերում, ինչքան բոլորին ու բոլորիս, բայց վերնագրում Քոչարյանի ազգանունն ենք նշել ու շեշտել, որովհետև Քոչարյանին մշտապես հիշելով՝ Քոչարյանի մասին շատերն են լռում, և Քոչարյանի մասին հատկապես ու առանձնապես ընդդիմադիր եռյակն է լռում, և հիմնականում այդ լռությունն է, որ խորհրդածությունների տեղիք է տալիս:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
քոչարյանի անունն ես գրել, որ ընթերցող հավաքես, այնինչ դատարկաբանություն էր: