«Առավոտը» ներկայացրել էր հարցազրույց (04.10.2014թ.) Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի նախագահ, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Այսօր ուշ երեկոյան հայտնի կդառնան 17 երկրից 320 աշխատանք ներկայացրած հաղթող մասնակիցների անունները: Հիշեցնենք, որ վերջիններս մրցում էին 9 անվանակարգերում՝ հեռուստատեսային եւ վիդեո գովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, ռադիոգովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք եւ սոցիալական գովազդ:
Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին» փոխանցեց, որ անկախ անվանակարգերի ժյուրիների որոշումից, ինքն ու կոլեգաները խանդավառված են, որ բիենալեին ներկայացված աշխատանքների 10 տոկոսը Հայաստանից է: Իսկ աշխատանքներ էին ներկայացվել Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից, Մոլդովայից, Վրաստանից, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանից եւ այլն: Պարոն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ միջազգային ժյուրին հավասար պայմաններում է քննել հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան գովազդային ընկերությունների գործերը, փառատոնի շրջանակներում անցկացվել են վարպետության դասեր, ցուցահանդեսներ, շրջագայություն Հայաստանում եւ այլն: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ արտերկրից ժամանած հյուրերի մի մասն այսօր կմեկնի Արցախ՝ տեղում որոշելու այդ պետության բրենդը, մանրամասնելով. «Օրինակ, Գերմանիան ասոցացվում է ճշգրտության եւ որակի հետ, Շվեյցարիան՝ ժամացույցների արտադրության եւ բանկային համակարգի եւ այլն: Մեր գործընկեր «Արցախբանկն» էլ, որ բիենալեի գլխավոր գործընկերն է, առաջիկայում կհայտարարի մրցույթ՝ Արցախի բրենդի տարրերի կառուցման վերաբերյալ»:
Մենք հանդիպեցինք կոմունիկացիաների մասնագետներ Վազգեն Քալաջյանին (ԱՄՆ), Քաան Էրթուզին (Թուրքիա), Դմիտրի Ֆեդորենկոյին (Ուկրաինա) եւ Մասիժ Լիսովսկիին (Լեհաստան): Մեր զրուցակիցները նախ նշեցին, թե տպավորված են մեր երկրով, շեշտեցին բիենալեի անհրաժեշտությունը եւ իհարկե ոգեւորված էին Արցախ մեկնելու առիթով:
Պարոն Ֆեդորենկոն նշեց, որ գովազդի ոլորտն ամենակարեւորներից է ցանկացած երկրի համար, որովհետեւ ցանկացած ապրանք արտերկրում գովազդելու համար պետք է ծանոթ լինել տվյալ երկրի մշակույթին, այն էլ ոչ թե հպանցիկ, այլ խորը: Մասիժ Լիսովսկին էլ հաստատելով գործընկերոջ խոսքը, առանց գովազդատուի անունը նշելու, փաստեց, որ, օրինակ, արաբական երկրներում 1990-ականներին գլխացավի դեմ դեղ է գովազդվել՝ բաղկացած 3 նկարից: Առաջին նկարում պատկերված է եղել գլխացավով տառապող կին, երկրորդում՝ կինը հաբ ընդունելիս, երրորդ նկարում՝ արդեն ժպտացող կին: «Գովազդատուն այս դեպքում շատ տարրական հանգամանք հաշվի չէր առել՝ որ արաբները ոչ միայն գիրը, այլեւ պատկերային ինֆորմացիան ընկալում են ոչ թե ձախից աջ, այլ՝ աջից ձախ»,- հավելեց պարոն Լիսովսկին:
Մի օրինակ էլ պարոն Էրթուզին բերեց. «Եվրոպական արտադրության Kaloderma կոսմետիկ քսուքը Ռուսաստանում ժամանակին ոչ միայն չի վաճառվել, այլեւ աղմուկ է հանել: Բանն այն է, որ եվրոպական արտադրության այդ միջոցի անվանումը ռուսներն ընկալել են իրենց մայրենիով՝ ՍՈս Ռ ՊպՐՖՎՏ»:
Կարդացեք նաև
Ամերիկացի մեր հայրենակից Վազգեն Քալաջյանի խոսքով՝ հայաստանյան գովազդային շուկայում տարեցտարի առաջխաղացում է նկատվում: «Ողջունում եմ բիենալեի անցկացումը: Դա նույնիսկ անհրաժեշտ է ոչ միայն հայաստանցիներիդ համար, այլեւ մեզ՝ դրսից եկածներիս: Անհամբեր սպասում եմ ոտք դնել Արցախ աշխարհ: Հուսով եմ, որ այնտեղ ձեռք կբերեմ ոչ միայն լավ բարեկամներ, այլեւ գործընկերներ»,- ասաց պարոն Քալաջյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ձախից՝ Վազգեն Քալաջյանը (ԱՄՆ), Քաան Էրթուզը (Թուրքիա),
Դմիտրի Ֆեդորենկոն (Ուկրաինա) եւ Մասիժ Լիսովսկին (Լեհաստան)
«Առավոտ» օրաթերթ
18.10.2014