Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսպես շարունակվի, մարզիչներ էլ չենք ունենա

Հոկտեմբեր 20,2014 12:10

Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը խոսեց վերջին տարիներին հայ հրաձգային սպորտի ձեռքբերումների, լուծված եւ չլուծված խնդիրների մասին:

Մարզաձեւը իսկապես վերելք է ապրում, որի ապացույցը աշխարհի, Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում մեր մարզիկների նվաճած մեդալներն են: Սակայն արդյունքները կարող էին ավելի նշանակալի լինել, եթե պետությունը պատշաճ ուշադրություն դարձներ գոնե նյութատեխնիկական բազային (հրաձգարաններ, զենք-զինամթերք, մարզիչներ):
«Առավոտի» հարցին. եթե մարզերում հրաձգարաններ լինեն, ունե՞նք համապատասխան թվով որակյալ մարզիչներ, Սեյրան Նիկողոսյանը պատասխանեց. «Ցավոտ հարց եք տալիս: Մարզիչները պակասել են: Ընտանիք պահելու խնդիր կա: Լավ մարզիչները, մեծ մարզիկները գնացել են արտասահման կամ այլ աշխատանքով են զբաղվում: Բայց՝ դեռ ունենք: Տարիներ անցնեն՝ չենք ունենա: Մենք էլ ենք մեծանում՝ փոխարինողներ շատ քիչ կան, մոտ 25-ն ենք: Բայց եթե մարզերում հրաձգարաններ բացվեն, պատրաստ ենք զարգացնել հրաձգությունը, որից հետո արդեն տեղերի մարզիչները կշարունակեն: Պետք է մարզիչներին վերապատրաստել: Օրինակ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում մեր մասնագիտության ֆակուլտետ չկա»:

hradzig_2

Հարցին, թե ֆեդերացիան չի՞ համագործակցում մեր նախկին չեմպիոնների հետ, Սեյրան Նիկողոսյանը սենսացիոն հայտարարություն արեց. «Մենք ունենք օլիմպիական չեմպիոն՝ Հրաչյա Պետիկյանը: Քանի-քանի անգամ մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը նրան հրավիրել է համագործակցելու: Չի եկել: Հրաժարվում է: Չի ուզում»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, օրինակ, «Հայոց արծիվների» վերջին մեկուկես տարիների նախաձեռնությունը, որով կազմակերպությունը հայրենասեր անհատների ֆինանսավորմամբ ռազմահայրենասիրական ծրագիր է իրականացնում եւ այս ընթացքում Հայաստանի, հատկապես, սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի հանրակրթական կրթօջախներին արդեն նվիրել է գերմանական «Perfecta» ֆիրմայի արտադրության 1500 լրակազմ օդաճնշիչ հրացաններ, Սեյրան Նիկողոսյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ «Հայոց արծիվները» ահագին զենք է բաժանել դպրոցներին: Ճիշտ է, դրանք սպորտում չեն օգտագործվում` սիրողական կարգի հրացաններ են, սակայն պարոն Խաչիկ Ասրյանի արածը շատ կարեւոր, հարենանվեր գործ է: Երեխան գոնե զենքը ճիշտ բռնելու, նշան վերցնելու եւ մատ սեղմելու ձեւերն է սովորում: Թե չէ, զինակոչիկը գնում է բանակ ու ոչինչ չգիտի: Կրակելիս աչքերը փակում է: Եթե Խաչիկ Ասրյանի սկսած գործը տեղերում շարունակեն եւ աշխատանքները ճիշտ կազմակերպեն, պատանին ու աղջիկը կսովորեն զենք օգտագործելու այբուբենը: Իսկ հետագայում նրանց մեջ կարող են ի հայտ գալ ապագա հրաձիգներ, որոնք կհամալրեն մեր թիմերը եւ հետագայում նոր մեդալներ կբերեն Հայաստանին», – պատասխանեց Սեյրան Նիկողոսյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031