Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօր Սյունիքի մարզկենտրոնում նշվեց Կապանի օրը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2014 22:54

 

KapannnKapan-76.Այսօր Կապանը նշեց քաղաքի կարգավիճակ ստանալու 76-րդ տարեդարձը: Սակայն Կապանի պատմությունը դարերի խորքից է գալիս, որի մասին այսօր քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ բոլորն են հիշատակել, ինչպես նաեւ հատուկ ընդգծել կապանցու անցած ուղու փառավոր էջերը` ամփոփված բազում հերոսություններով ու հաղթանակներով:

«Որտեղ էլ լինենք, ուր էլ գնանք, միշտ հիշենք, որ մեր քաղաքը մեզ է սպասում: Կապանը կա ու կլինի իր փառավոր անցյալով, իր հերոսներով, իր մշակույթով, կապանցի հանքագործի քրտնաջան աշխատանքով, Խուստուփ սարով, Վահանավանքով, Հալիձորի բերդով, իր առինքնող եւ անկրկնելի գեղեցկությամբ», – ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը` շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի կապակցությամբ` մաղթելով բազում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, իսկ Կապանին` լուսավոր ապագա:

Կապանի տոնին նվիրված միջոցառումներին մասնակցող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձավ Կապանի հին ու նոր պատմության էջերին` նշելով, որ Կապանն ունեցել է հազարամյակների պատմություն, կապանցին բոլոր ժամանակներում խնդիր է ունեցել, հաշտ ու խաղաղ չի ապրել, պայքարել է  օտարների դեմ եւ ամուր պահել իր հողը:

«Եթե խոսենք բուն Կապանի մասին, որը յուրաքանչյուրիս`  նաեւ մեր ապուպապերի համար, հպարտություն է, որտեղ եղել է 200-ամյա մեր սյունյաց թագավորանիստը, աթոռանաիստը, որը իսկապես պատիվ է բոլորիս համար: Հայաստանն ուներ 4 թագավորություն, բայց կապանյան թագավորությունն ամենաերկարն էր եւ ամենահզորը, որը ոչ միայն սյունյաց տարածաշրջանն էր պահպանում` նաեւ մնացած տարածաշրջանը: Մենք դեռեւս 13-րդ դարից արդեն  ճանաչում ունեինք մեր պղնձի հանքերի շնորհիվ, ճանաչում էին, որպես հարուստ պղնձահանքեր ուենցող մի տարածաշրջան: 19-րդ դարի վերջին ֆրանսիացիներն էլ ավելի զարգացրեցին մեր հանքերի մշակումը, որի շնորհիվ  միջազգային ճանաչում ստացավ Կապանը: Կապանն ունեցել  է հարուստ արդյունաբերություն, հարուստ մշակույթ, եւ այս ամենի կողքին ուզում եմ գնահատենք Կապանում բոլոր ժամանակներում ապրած մարդուն,   ամենաթանկ արժեքն այսօր մարդն է, որը ստեղծում, արարում   եւ փոխանցում է սերունդներին»,-  ասաց Սուրիկ Խաչատրյանը` ներկայումս յուրաքանչյուրի խնդիրը համարելով`Կապանի զարգացումն ու հզորացումը:

Kapan tsaxkadrumԱրցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը նույնպես այսօր շնորհավորեց կապանցիներին` նշելով, որ մեծ էր կապանցիների դերը  Արցախյան գոյամարտի ժամանակ գրանցած հաղթանակի  հարցում:

«Անկախության գործընթացի եւ հայ ժողովրդի պարտադրված պատերազմի տարիներին Կապանի երկրապահ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց իր սահմանները, այլեւ օգնության նետվեց  Արցախի իր եղբայրներին: Կապանի, Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի քաջերն իրենց պապերի օրինակով պաշտպանեցին երկրի հարավային սահմանները` հզորացնելով Հայաստանը», – նշված է գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձում, որը Կապանի տոնին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցեց ԵԿՄ վարչության անդամ Վազգեն Վարդանյանը:

Կապանի օրվան նվիրված միջոցառումներին ներկա գտնվող Կապանի նախկին քաղաքապետ, այժմ թիվ 38 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանը մաղթեց, որ կապանցին ապրի արժանավայել իր հող ու ջրում,  խաղաղ երկնքի տակ եւ բարեկեցիկ պայմաններում:

«Կապանացին իր աշխատասիրությունը դեռեւս  ապացուցել է Խորհրդային Միության տարիներին: Բազմաթիվ կապանցիներ ընդգրկվելով արտադրական ձեռնարկություններում` կարողացել են իրենց աշխատասիրությամբ Կապանը դարձնել խոշոր արդյունաբերական կենտրոն: Մեր  սերունդները տեսել են այդ տարիները, վայելել են այդ բերկրանքը, եւ հավատացեք, որ նորից մենք կհասնենք դրան, որովհետեւ այն արժեքները` առավել եւս հաղթանակի արժեքները, մենք կարողացել ենք ստեղծել այդ դժվար ճանապարհին: Մեզ մնացել է հեշտ ճանապարհը, այդ հեշտ ճանապարհը մեր տնտեսության զարգացումն է, մեր ընտանիքները պետք է բարեկեցիկ  ու արժանավայել ապրեն այս հող ու ջրի վրա»,- նշեց Արմեն Կարապետյանը:

Ազատամարտիկ Սպարտակ Ստեփանյանը ցավով նշեց, թե ինչ հետքեր է թողել Արցախյան պատերազմը Կապան քաղաքի կենսագրության մեջ. «Հարյուրավոր կյանքեր խլեց, բազմաթիվ մարդկանց հաշմանդամ դարձրեց, ծնողներին` որդեկորույս, կանանց` այրիներ, երեխաներին` որբեր, քաղաքն ավերակների վերածեց, բայց կապանցիներն իրենց  անկոտրում կամքի շնորհիվ  շարունակեցին ապրել եւ վերակառուցել Կապան քաղաքը»:

«Անտեսել ենք ու արհամարհել պատերազմի ահուսարսափը, դիմակայել վշտին ու դառնություններին, մութ ու ցուրտ օրերին, մահաբեր գնդակոծություններին, ռմբակոծություններին, ամուր եք պահել զինյալ պաշտպանների, ռազմաճակատի թիկունքը…», – նշեց ազատամարտիկ Սպարտակ Ստեփանյանը:

Կապանի տոնին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հետմահու  «Կապան» ոսկե մեդալով պարգեւատրվեցին առողջապահության, երգարվեստի, արվեստի, կրթության բնագավառներում մեծ ավանդ ունեցած մի շարք անվանի կապանցիներ: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատվոգրեր հանձնեց  նաեւ ներկայումս աշխատող  տարբեր բնագավառների մի շարք աշխատակիցների` խմբագրի, ոստիկանի, մեքենավարի, բժշկի,  դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենի, մարզիկի եւ այլն:

Հանդիսավոր նիստից հետո  տոնական միջոցառումները եզրափակվեցին համերգային ծրագրով: Իսկ  Կապանի տոնին նվիրված  տարաբնույթ միջոցառումների շարքն այսօր  մեկնարկել էր դեռեւս վաղ առավոտից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարները` Ալեքսան Գրիգորյանի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vladik says:

    Վարազ Սյունի ու”ր ես, բա մի հատ մտի մեջով տուր..

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սրանք բոլորը միայն գեղեցիկ խոսքեր են: Օր ու գիշեր անցյալի՛ց են խոսում: Իսկ ներկա՞ն: ՓԱՍՏԸ, ցավոք, այն է,որ Կապան քաղաքը իրականու՛մ չի զարգանում,որովհետև քաղաքը չի՛ կառավարվում: Կապանում ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ չկա (արդեն 26 տարի չկա): Իսկ մարդկանց մի զգալի մասը անհույս աղքատ է (օրվա հացի պայքար):

    Սաղ օրը սա են ասում. «եկեք ու ներդրեք ձեր հարազատ Կապանում»: Բայց կա՞ (ասենք քաղաքապետարանի կողմից մշակված-հաստատված ներդրման քաղաքային-պետակա՛ն պլան) կամ նման այլ պլան:

    Նույնիսկ այսքան ժամանակ քաղաքի փոքր մի օդանավակայան չեն կարողանում վերաբացել,երբ 20-30 մլն դոլարով կողքի (մասնավոր) հանքեր են առնում-ծախում:

    Ամեն տարի (նույն ձևով ու նույն հաջորդականությամբ) 3 մ. ծաղիկ են դնում արձաններին, գեղեցիկ խոսքեր ասում ու հանգիստ սրտով գնում քնելու: Իսկ բոլշևիկների կողմից «քաղաքի կարգավիճակ» ստացած «76 տարեկան» Կապանը 1 տարով էլ ծերացավ: Այս տարի թերևս մի փոքր այլ էր. տոնը նշողներին միացել էր «անկրկնելի սյունեցի» Լիսկան, որը բանտում չէ: Բանտում է (կապանցի արմատներով) Շանթը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031