Ներքին Գետաշեն գյուղի մոտ 50 տոկոսը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
«Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տեղամասերում ներկա դիտորդները, վստահված անձինք պնդում են, որ ընտրությունների ընթացքը հանգիստ է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքերում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ասաց դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը:
Նա նշեց, որ Ներքին Գետաշեն գյուղում ցածր մասնակցություն է գրանցվել. համայնքի բնակիչների մոտ 50 տոկոսը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Նա հավելեց, որ ընտրությունների ընթացքում միայն մեկ միջադեպ է արձանագրվել 24/1 ընտրատեղամասում ժամը 17:00-18:00 սահմաններում, երբ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացի մտել էր ընտրատեղամաս եւ փորձել վիճաբանել հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ. «Առանց քվեարկելու քվեաթերթիկով տեղամասից դուրս էր եկել: Դիտորդների, վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջամտությամբ այդ քաղաքացուն հետ են վերադարձրել ընտրատեղամաս, վերջինս քվեարկել էր եւ հեռացել ընտրատեղամասից: Չնայած ասացին, որ այդ քաղաքացին ընտրատեղամասի տարածքում ժամը 14:00-ի սահմաններում էլ է երեւացել, բայց ավելորդություն իրեն թույլ չի տվել: Այս միջադեպը լարվածություն էր ստեղծել, բայց ընդհանուր առմամբ մյուս տեղամասերում ամեն ինչ հանգիստ է, եւ ընտրության ընթացքում առանձնապես խնդիրներ չեն եղել»:
Իսկ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում, Եղիազար Դավթյանի պնդմամբ, օրվա երկրորդ կեսին ընտրողների կեսն արդեն հասցրել էր քվեարկել. «Հետաքրքրական էր, որ Մաքենիսում ընտրելու գալիս էին ավելի շատ տղամարդիկ: Եվ քանի որ այնտեղ ընդամենը 1 թեկնածու էր, ընտրությունները ավելի հանգիստ էին անցնում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ