Կառավարությունը նախաձեռնել է փոփոխել ժամանակավոր անաշխատունակության նպաստների, այսինքն՝ բյուլետենների վճարման չափն ու կարգը: Նախագծով առաջարկվում է վերանայել բյուլետենների՝ հիվանդության նպաստի համար վճարվելիք գումարի չափն ու մեխանիզմը: Հնարավոր է սահմանվի ոչ թե է 100% փոխհատուցում, այլ՝ կախված աշխատանքային ստաժից՝ 50-80%: Ընդ որում, բյուլետենի համար վճարվող նպաստը հաշվարկվելիս, ներկայումս հաշվի է առնվում աշխատողի ամբողջ եկամուտը՝ ներառյալ պարգեւատրումները: Նախագծով հնարավոր է պարգեւտրումների շեմը փոփոխվի, կամ՝ ընդհանրապես այն վերացվի:
Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ լրագրողների համար սեմինար էր կազմակերպել՝ ներկայացնելու նախագծով առաջարկվող հնարավոր փոփոխությունները: Այս նախագիծը դեռ պետք է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվի, եւ շահագրգիռ կողմերի համար ընդունելի տարբերակ ընտրվի, ապա ներկայացվի Ազգային ժողովին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ժամանակավոր անաշխատունակության, հիվանդության նպաստի մասով ծախսարդյունավետության խնդիր կա:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ ծախսերն ամբողջությամբ պայմանավորված չեն օբյեկտիվ իրողություններով: Ասենք, գնալով ավելանում էր բյուլետենների ծախսերը: Իսկ ուսումնասիրություններն ու Վերահսկիչ պալատի բացահայտումները ցույց են տվել, որ շատ գործատուներ մի քանի ամսվա աշխատողներին նշանակում են բարձր աշխատավարձ, աշխատավարձին ոչ համարժեք պարգեւատրումներ՝ ընդհուպ մինչեւ 1 միլիոն դրամ, ապա հիվանդության նպաստ նշանակելիս պետությունը ստիպված է լինում հսկայական գումարներ վճարել: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործատուները խորամանկ քայլերի են դիմում՝ աշխատողը ներկայանում է աշխատանքի, բայց նաեւ բյուլետեն է ներկայացվում, գործատուն մեծ գումարներ է ստանում պետությունից: Այսինքն որոշակի պայմանավորվածություններ են լինում կողմերի միջեւ՝ պոլիկլինիկա-աշխատող-գործատու, եւ ոչ հիվանդ անձն ու գործատուն պետբյուջեից հսկայական նպաստներ են ստանում պետբյուջեից:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մայրության նպաստներին , որով առաջարկվում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80% (այս թիվը հնարավոր է փոփոխվի), եւ չաշխատող հղիներին տրամադրել միանվագ նպաստ:
Aravot.am-ի հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ աշխատող հղիները բողոքի ակցիա կանեն, քանի որ արդեն նման հայտարարություններ են անում, եւ նախագիծն արժանանա պարտադիր կուտակայինի ճակատագրին, Արտեմ Ասատրյանն ասաց՝ «Ես կարծում եմ մեր հասարակությունը դրական կարձագանքի»:
Նախարարի խոսքերով՝ չաշխատող հղիներն ավելի շատ հոգածության կարիք ունեն:
Մեր այն հարցին էլ, ի՞նչն էր պատճառը, որ նախարարությունը նախաձեռնեց չաշխատող հղիներին էլ նպաստ տրամադրել, նախարարն ասաց՝ նախկինում էլ եղել են օրենսդրական առաջարկություններ, նախագիծը մշակելուց հետո այն ներկայացվեց կառավարությանը: Ընդ որում, 12 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է ենթադրում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
.