Եղիազար Դավթյանի խոսքերով՝ արտառոց դեպքեր չեն արձանագրվել:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գեղարքունիք, Լոռի, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք եւ Շիրակ մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:
Aravot.am-ի հետ զրույցում դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի ընտրական տեղամասերում իրավիճակը հանգիստ է, եւ ընտրողների հոսքն առանձնապես շատ չէ. «Այսօր կիրակի է, Ներքին Գետաշենում մեծ շուկայի օր է, մարդիկ շուկա են գնում: Օրվա երկրորդ կեսին նոր ընտրողների հոսքը կավելանա: Առանձնապես արտառոց դեպքեր չկան, բոլոր ընտրական տեղամասերում կան դիտորդներ եւ վստահված անձինք»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իրավախախտումներին՝ պարոն Դավթյանը նշեց, որ մարդիկ պարզապես տեղյակ չեն, որ պետք է քվեաթերթիկը ծալել, դնել ծրարի մեջ, նոր դուրս գալ քվեախցիկից. «Եղել են դեպքեր, երբ ընտրողը առանց ծրարի մեջ դնելու է դուրս եկել քվեախցիկից, ե՛ւ դիտորդները, ե՛ւ վստահված անձինք նկատել են եւ դիտողություն են արել: Հիմա էլ այդպիսի խնդիր չկա: Առավոտյան էլ թեկնածուների ծանոթ մարդիկ ընտրատեղամաս ազատ մուտք ու ելք են ունեցել, դիտորդների դիտողություններից հետո հանձնաժողովի նախագահը արգելել է, որ որեւիցե մեկը մտնի ընտրատեղամաս: Ընտրատեղամասերի դիմաց էլ կան 5-10 հոգով հավաքված մարդիկ, որոնք հարցերին հասաարակ պարզաբանումներ են տալիս: Սակայն, դա նորմալ է, ամեն դեպքում ընտրությունները տեղի են ունենում դպրոցում, մշակույթի տանը, որոնք էլ համարվում են կենտրոններ, որտեղ հավաքվում են գյուղի բնակիչները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ