Համեղ, օգտակար, գեղեցիկ, առանց քիմիական հավելումների… պատրաստեք այս աղցանը՝ ինչպես տոնական, այնպես էլ առօրյա սեղանների համար: Ե՛վ ձեր հյուրերը գոհ կմնան, ե՛ւ տան անդամները:
Անհրաժեշտ մթերքները
Կանաչ լոբի- 1 կգ
Սամիթ- մի քանի ճյուղ
Սխտոր-1-2 պճեղ
Արեւածաղկի կամ դդմի մաքրած սերմեր՝ 2 ճաշի գդալ
Աղ, սեւ պղպեղ
Կարդացեք նաև
Մայոնեզի համար
Ձվի դեղնուց- 2 հատ
Մանանեխ՝ 2 ճաշի գդալ
Բուսական յուղ- 1,5-2 բաժակ
Քացախ կամ թարմ կիտրոնի հյութ-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Լվացած եւ պոչազատած կանաչ լոբին կտրատել բարակ եւ երկար՝ ծղոտանման: Եռացող առատ ջրի մեջ ավելացնել մեկ ճաշի գդալ աղ, լցնել լոբին: Չթողնեք շատ եփվի, որ գույնը չկորցնի: 4-5 րոպեն լրիվ բավարար է: Եփվելուց հետո ջուրը քամեք եւ թողեք լոբին սառչի: Իսկ մինչ այդ պատրաստեք մայոնեզը:
Ձվի դեղնուցները լավ հարել միքսերով կամ ձեռքի բլենդերով, ավելացնել մի պտղունց աղ, մանանեխը, շարունակել հարել: Շատ բարակ շիթով լցնել բուսական յուղը՝ չդադարելով հարելը: Կամ, եթե չեք կարողանում բարակ շիթով լցնել, այդ դեպքում՝ գդալ-գդալ ավելացրեք: Բայց ամեն գդալից հետո լավ հարեք, հետո մյուս գդալն ավելացրեք եւ այդպես շարունակ: Վերջում ավելացրեք քացախը կամ կիտրոնահյութը, կրկին հարեք: Մայոնեզը պատրաստ է: Ի դեպ, ես պատրաստի մայոնեզին՝ աղցանների մեջ օգտագործելու դեպքում, ավելացնում եմ նաեւ քամած մածուն՝ գրեթե 1:1 հարաբերությամբ՝ ավելի թեթեւ է լինում եւ ավելի համեղ:
Սառած լոբին լցրեք աղցանամանի մեջ, ավելացրեք սամիթի կտրատած ճյուղերը, արեւածաղկի կամ դդմի սերմերը, մայոնեզը, սխտորը, լավ խառնեք եւ մատուցեք: Եթե մայոնեզը ավելանա՝ կարող եք մի քանի օր հանգիստ պահել սառնարանում եւ օգտագործել այլ աղցանների համար:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
18.10.2014