Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «Գյուղացու համար իր շուկան իր գյուղն է»

Հոկտեմբեր 18,2014 22:47

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն է:  Նորավանցիները զբաղվում են ինչպես հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այնպես էլ` բանջարաբոստանային:

Նորավան այցելած գնորդը տեղաբնակներից կարող է ինչպես հացահատիկ գնել, այնպես էլ` կաղամբ, գազար, կարտոֆիլ, տարբեր տեսակի մրգեր եւ այլն:  Գյուղացիների խոսքով` բնակլիմայական պայմանները  բարենպաստ են Նորավանում գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ այն զարգացնելու համար, սակայն ներկայիս պայմաններում բնության տված հնարավորությունը բավական չէ եկամուտ ստեղծելու եւ ապրուստը հոգալու համար:  Նորավանցիները դժգոհ չեն այս տարվա բերքից, թեեւ գարնանը տեղացած կարկուտից հետո  մեծ սպասելիքներ չունեին, բայց  միջին բերքատվություն արձանագրվեց գյուղում: Այսօր նորավանցիները Սյունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչների նման կանգնած են բերքի իրացման լուրջ խնդրի առջեւ: Նրանց խոսքով` փոքր հողատարածքներում հացահատիկ աճեցնող գյուղացիները չեն կարողանում հանձնել իրենց բերքը, հույսները դրել են պատահական գնորդների վրա:

« Չարչարվել ենք, բերք ենք հավաքել, գումար ենք ծախսել, բայց էսօր չենք կարողանում վաճառենք, որ մեր ծախսերը հոգանք: Ստիպված պիտի մի տեղից պարտք անենք, որ ֆինանսկան խնդիրները լուծենք: Բացի դա, եթե մեր բերքը չկարողանանք իրացնենք, պահեստավորման լուրջ խնդիր ենք ունենալու, պահեստ չունենք բերքը տեղավորելու համար», – ասացին գյուղացիները:

Նորավանի գյուղապետ Սլավիկ Պապյանի խոսքով` այս տարի անձնական միջնորդությունների շնորհիվ` մեծ քանակությամբ հացահատիկ արտադրողները կարողացան իրենց բերքը Գորիսի ալրաղաց հանձնել եւ նրանց համար  բերքի իրացման խնդիր չեղավ:

«Նրանք 130 դրամով հանձնեցին բերքը, իսկ ովքեր 100 կգ, 500 կգ կամ մինչեւ 1 տոննայի սահմաններում են հացահատիկի  բերք ստացել, խնդրի առաջ են կանգնած, նրանց համար հեշտ չի  միջնորդել, տանել ինչ-որ տեղ հանձնել: Փոքր հողատերերն ավելի վատ վիճակում են, շուկա գնալու հնարավորություն չունեն, իսկ գյուղի մոտ 99 տոկոսը փոքր հողակտորների տերեր են», – ասաց հեռավոր գյուղի ղեկավարը` նշելով, որ բերքի իրացման հարցում մեծ խոչընդոտ է առաջացնում նաեւ հեռավորությունը: Սլավիկ Պապյանի տեղեկացմամբ` 100 տնտեսություն ունեցող Նորավանի բնակիչներն օրվա հացի խնդիր են լուծում այսօր` իրենց արտադրած գյուղմթերքները  վաճառելով գյուղ այցելած պատահական գնորդներին կամ փոխանակելով այս կամ այն  ապրանքատեսակների հետ:

«Իրականում շուկա գոյություն չունի գյուղացու համար…, գյուղացու համար իր շուկան իր գյուղն է», – ավելացրեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղական համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031