Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա Շահեն Հարությունյանին չորս տարի ազատազրկման դատապարտելը՝ թեկուզ պայմանականորեն, հասարակությունը չի ընդունում 

Հոկտեմբեր 18,2014 20:39

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարի նոյեմբերի 2-ին կայացած ակցիայի ժամանակ զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության մեջ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով՝ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանը՝ 4 տարի պայմանական ազատազրկման: Այս գործով անցնող մյուս ամբաստանյալները դատապարտվեցին. Ալբերտ Մարգարյանը՝ 6 տարի ազատազրկման, Ալեք  Պողոսյանը՝ 4 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը՝ 5 տարի ազատազրման, Հայկ Հարությունյանը՝ 4,5 տարի ազատազրկման, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի ազատազրկման, Սեւակ Մնացականյանը՝ 1,5 տարի ազատազրկման, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի ազատազրկման, Վահան Վարդանյանը՝  5 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանը՝ տուգանքի` 50 հազար դրամի չափով: 
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը լայն հասարակությանը հայտնի դարձավ 2002 թվականին՝ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանին՝ Կուկու մականունով, դատապարտելով ընդամենը մեկ տարի պայմանական ազատազրկման՝ քաղաքացի Պողոս Պողոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 24-ին ծեծելով սպանելու համար՝ Քոչարյանին ուղղված «բարեւ, Ռոբ» արտահայտության համար: 
15-ամյա Շահեն Հարությունյանը ոչ մեկին չի սպանել, նա ընդամենը փորձել է պաշտպանել իր հորը՝ Շանթ Հարությունյանին՝ ոստիկանական բռնություններից, սակայն Մնացական Մարտիրոսյանը համարում է, որ նա քառակի անգամ ծանր հանցանք է գործել, քան ժամանակին՝ Կուկուն, եւ Շահենին դատապարտել է չորս տարի պայմանական ազատազրկման: 
Ի՞նչ էր սա: Ի՞նչ էր ուզում այս դատավճռով ասել դատարանը, եւ հանձին դատարանի՝ ՀՀ իշխանությունները. վրե՞ժ էին լուծում նրա հորից՝ հակաիշխանական եւ հակառուսական պայքար ծավալած Շանթ Հարությունյանից, թե՞ մյուս բոլոր հնարարավոր «շանթերին» էին հասկացնում՝ ահա՛ թե ինչ կարող է սպասվել յուրաքանչյուր ընդվզողին: 
«Առավոտի» այս հարցին ի պատասխան «Իրավունք և աջակցություն հիմադրամի հիմնադիր անդամ, «Միություն հանուն արդարության» աշխատանքային խմբի անդամ Սյուզան Սիմոնյանն ասաց. « Իհարկե, սա պարզ վրեժխնդրություն է Շանթի նկատմամբ: Սակայն կա նաեւ երկրորդ գործոնը: Քանի որ օրեցօր հասունանում է պայթյունը, եւ իշխանությունները լիովին հասկանում են, որ ժողովրդի համբերության բաժակը անհատակ չէ, Շահենին դատապարտելով, նրանք ցանկանում են հասկացնել ՀՀ ցանկացած քաղաքացու, որ միանգամայն անողոք են գտնվելու ընդվզման ցանկացած դրսևորման նկատմամբ»: 
Տիկին Սիմոնյանը ավելի խիստ գնահատականներ էլ տվեց. «Գնահատելով իշխանության այս անմարդկային քայլը անչափահաս տղայի նկատմամբ՝ կարող ենք ասել՝ սա նաեւ մանկապղծություն է: Ռեժիմը՝ հանձին տարատեսակ բազեների, ցանկանում է երիտասարդների մեջ տեսնել մտածելու կարողություն չունեցող «Պավլիկ Մորոզովների»: Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս բացատրել Շահենի դատապարտումը, երբ այնքա՜ն մարդկային է, որ զավակը, տեսնելով ոստիկանների կողմից հոշոտվող իր ծնողին, միջամտում է և նույնիսկ իր կյանքի գնով փորձում փրկել նրան: Ես ինքս՝ չափահաս լինելով, չեմ կարող վստահ ասել, որ իմ ծնողին նման վիճակում տեսնելով, ի՞նչ քայլերի կդիմեի, բայց որ կդիմեի՝ դա՝ հաստատ»: 
Տիկին Սիմոնյանը հարցը դիտարկեց նաեւ բարոյականության տեսանկյունից. «Չկա առավել զորեղ կապ այս աշխարհում, քան ծնող-երեխա կապն ու հարաբերությունն է, և դատել մեկին՝ մյուսին պաշտպանելու համար, ներեցեք, անբարոյականություն է, եթե նույնիսկ դա պահանջում է օրենքը: Օրենքը բարոյականություն հաստատելու, բարոյական նորմերն ու հարաբերությունները պաշտպանելու համար է: Այն օրենքը, որն անբարո պահանջ է կրում՝ չի կարող ընդունելի լինել: Իսկ տվյալ դեպքում՝ դատախազն ու դատավորը պարզ կամակատարներ են, որոնք իրենց հրամանը ստացան դեռևս Կոլումբիայի համալսարանում իրենց բոսից (նկատի ունի Սերժ Սարգսյանի ելույթը Կոլումբիայի համալսարանում, երբ ի պատասխան Շանթի մասին հնչած հարցի՝ նա ակնարկել էր, որ Շանթը եւ ընկերները հանցագործներ են, թեեւ դեռ չկար դատավճիռ, եւ նման պնդումն անելն առնվազն անմեղության կանխավարկածի խախտում էր-Մ. Բ) »: 
Իսկ «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Կարծում եմ, որ՝ երկուսը միաժամանակ: Վրեժխնդրությունն ակնհայտ է, հատկապես, Շանթի դեպքում, երբ նաև անչափահաս երեխային են դատապարտում, այսինքն, վրեժխնդրություն է՝ ընտանիքի նկատմամբ: Ընդ որում՝ Կոլումբիայի համալսարանում ակնհայտ դարձավ, որ Շանթին հանցագործության մեջ մեղադրող Սերժ Սարգսյանն իր մեղադրանքում ներառում է նաև անչափահաս տղային: Մեկ ընտանիքից երկուսին դատապարտելը անբարո է, նույնիսկ՝ վրեժխնդրության դեպքում: Մյուս կողմից էլ՝ իհարկե սա նաև օրինակ կլինի մյուսների համար»: 


Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.10.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031