Այսօր մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը: Մասնակցեցին եւ իրենց արտադրանքները սպառողին ներկայացրին հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ:
Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողին, ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները եւ գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:
«Պատանեկան նվաճումների» խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, որ իր եւ թոռնիկների համար «վզկապներ» էր գնել, Aravot.am-ին ասաց. «Այս ՀԿ-ն Հայաստանում գործում է 1995 թվականից եւ քաղաքացիական մշակույթն է բերել մեր կրթական համակարգ: Բացի նրանից, որ մենք կրթություն ենք տալիս երեխաներին, որ պետության համար պիտանի քաղաքացիներ մեծանան, նրանց սովորեցնում ենք նաեւ տնտեսագիտական, ճիշտ բիզնես անելու, ճիշտ կառավարելու հմտություններ: Ես ամեն անգամ գալիս եմ այս միջոցառմանը ու անպայման մի հետաքրքիր բան գնում: Այս միջոցառումը տարին երկու անգամ է լինում: Առաջին անգամ նրանք վաճառում են իրենց ստեղծագործություն աշխատանքները եւ գումար վաստակում, երկրորդ կիսամյակում որոշում, թե ինչի վրա ծախսեն: Ես Նորքի Զանգվածի դպրոցներից մեկից գնելով այս «վզկապները», հետաքրքրվեցի, թե գումարներն ինչի՞ վրա պիտի ծախսեն: Չգիտեին: Խորհուրդ տվեցի հանդիպել վարչական շրջանի ղեկավարին, մանկապարտեզների վարիչներին, խանութների տնօրեններին, զրուցել մարդկանց հետ, տեսնել, թե ինչի կարիք կա, նայեն իրենց գումարներին եւ ինչի կբավականացնի, դրան համապատասխան որոշում կայացնեն: Ասացի՝ այդպես դուք ինքներդ ձեզ ավելի եք սիրում, ավելի պետքական եք զգում եւ բոլորը ձեզ մատով են ցույց տալիս՝ թե սրանք այն երեխաներն են, որ մեր թաղամասում այսինչ բանն արեցին»:
Միջոցառման գործնականորեն մասնակցեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա աշակերտական ընկերություններից բավականին աշխատանքներ գնեց»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ