Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) այսօր տեղի ունեցավ «ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի պատմությունը» ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Գրքի համահեղինակ, Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ Ալլա Հերբերը լրագրողների հետ զրույցում, կարևորելով նման ձեռնարկի ստեղծումը, ասաց, որ դրանով ցանկացել են հասարակության բոլոր շերտերին (անկախ տարիքից, սեռից, ազգությունից, մասնագիտությունից և այլն) համառոտ պատմել հրեական մեծ ողբերգության՝ Հոլոքոստի մասին. «Բոլորին պիտի հասկանալի լինի՝ երբ, որտեղ, ինչից և ինչու սկսվեց այն, ինչպես ընթացավ ու ինչ հետևանքներ ունեցավ»,- ասաց Ա. Հերբերը:
Այս գրքում Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակություն չկա, բայց, ինչպես վստահեցնում է Ա. Հերբերը, իրենց կենտրոնը շատ է ցանկանում ունենալ նաև մեկ ընդհանուր գիրք. «Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կունենանք մի գիրք, որտեղ միաժամանակ ներկայացված կլինեն և´ Հոլոքոստը, և´ Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ ասաց, որ թեև «ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի պատմությունը» ձեռնարկը Ռուսաստանի դպրոցների համար դասագիրք է, բայց դա չի նշանակում, որ մենք Հոլոքոստին նվիրված առանձին դասընթաց պիտի ունենանք. «Սա ընդամենը ուղեցույց է լինելու «Համաշխարհային պատմություն» առարկայի շրջանակներում դասավանդվող Հոլոքոստի թեմայի համար: Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, որպես Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետք է հասկանանք նաև այն ժողովուրդների ցավը, որոնք անցել են նույն արհավիրքի միջով: Բացի այդ, սա մեզ նաև իրավունք է տալիս նրանցից պահանջելու: Մենք անում ենք և նրանցից պահանջելու իրավունք ենք ստանում, այլապես մեր պահանջները հիմք չեն ունենա»,- ասաց Ս. Մանուկյանը:
Կարդացեք նաև
Նա գտնում է, որ Հոլոքոստի դասավանդման մեթոդի ուսումնասիրությունը հետաքրքիր է նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանության առումով. «Այս երկու ողբերգություններն իրար սերտորեն կապված են: Մենք միշտ ասում ենք՝ Հոլոքոստը չէր լինի կամ ինչ-որ չափով մեղմ կլիներ, եթե աշխարհը ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը: Ընդհանրապես, կապերն ու նմանությունները շատ են, և մենք ուզում ենք դա դնել նաև գիտական շրջանառության մեջ, որովհետև ակադեմիական մակարդակում Հոլոքոստն ընդունված, ճանաչված, գիտական շատ ակտիվ շրջանառության մեջ մտած թեմա է, և Հայոց ցեղասպանությունը, համեմատության մեջ դնելով Հոլոքոստի հետ, ավելի ամուր հիմքերով գիտական դաշտ ենք մտցնում»,- համոզված է ՀՑԹԻ-ի փոխտնօրենը:
Այս առումով նա շատ է կարևորում «Հոլոքոստ» կենտրոնի հետ համագործակցությունը (համագործակցության պայմանագիրը կնքվել է նախորդ տարի, Մոսկվայում – Ս. Մ. ), որի շրջանակներում եկող տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ են նախատեսվում «Հոլոքոստ» կենտրոնի տասնյակ հարթակներում. «Այս կենտրոնի հետ համատեղ կատարված աշխատանքերի մի մասն էլ վերաբերում է ռուսական դասագրքերում Հայոց ցեղասպանության հիշատակմանը: Մենք պայմանավորվածություն ունենք և համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ ռուսական դասագրքերում անպայման ընդգրկվի Հայոց ցեղասպանության թեման»,- ասաց Ս. Մանուկյանը:
«ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի պատմությունը» ուսումնական ձեռնարկի համահեղինակ, «Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանն էլ տեղեկացրեց, որ «Հոլոքոստ» կենտրոնն արդեն 15 տարի է, ինչ աշակերտների եւ ուսանողների շրջանում Հոլոքոստի թեմայով մրցույթ է անցկացնում, և այս տարի նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել. «Երեկ մեզ ցույց տվեցին հայ երեխաների՝ Հոլոքոստի թեմայով արած նկարները, որոնք ինձ շատ դուր եկան: Հավանաբար, նրանք այդպիսի նկարներ կունենան նաև Հայոց ցեղասպանության թեմայով: Մրցույթն այս տարի կհայտարարենք նոյեմբերի 1-ից: Իսկ հետագայում այն կունենա հատուկ ուղղություն՝ «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը. ընդհանուրն ու մասնավորը»,- ասաց Ի.Ալտմանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ