Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Իշխանափոխություն կատարելու համար նախ եւ առաջ պետք է կատարել ընդդիմափոխություն»

Հոկտեմբեր 18,2014 17:10

Արմեն Աղայանը համարում է, որ 1988 թվականի 3-4 անգամ փոքր հանրահավաքները ավելի մեծ արժեք ունեին, քանի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը

«Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքը կարելի է նախընտրական քարոզարշավի սկիզբ համարել»,- այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Նա հնարավոր է համարում, որ հանրահավաքը տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ ԱԺ ոչ իշխանական եռյակը ցանկանում էր կանխել սահմանադրական փոփոխությունները. «Մեր ծրագրերում այդ ամենը չկա: Մասնավորապես՝ մենք հավասարապես մերժում ենք թե՛ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրության պատկերացումը, թե՛ գործող նախագահական համակարգը փրկելու եռյակի ջանքերը: Մեզ համար երկու տարբերակներն էլ հավասարապես անընդունելի են, որովհետեւ նյութապաշտական մրցակցության հիման վրա ձեւավորված Սահմանադրությունը չի կարող երաշխավորել ազգային որակյալ որոշումների կայացում»:

Ըստ Արմեն Աղայանի՝ հանրահավաքի ընթացքում հնչած հայտարարությունը, թե միայն եռյակի առաջնորդներն են հետագա քայլերը որոշելու, սառը ցնցուղ էր բոլոր նրանց համար, ովքեր հեղափոխական գաղափարներով էին գնացել Ազատության հրապարակ: Նա հավելեց, որ այս հանրահավաքը շատ էր տարբերվում 1988 թվականին տեղի ունեցած հանրահավաքից. «Այսօր հանրահավաքներին շարքերով են գալիս, այսինքն՝ հանրահավաք կազմակերպելն այսօր այլեւս այն չէ, ինչ 1988 թվականին, երբ որ ասում էին՝ հայեր, խնդիր կա, եւ հայերը հավաքվում էին: 1988 թվականի այն հանրահավաքը, որ սրանից 3-4 անգամ քիչ մարդ էր հավաքել՝ ավելի մեծ արժեք ունի, քան մեր այսօրվա հանրահավաքները՝ նույնիսկ սրանից երկու անգամ մեծ հանրահավաքը»:

Նա համարում է, որ իշխանափոխություն կատարելու համար նախ եւ առաջ պետք է կատարել ընդդիմափոխություն. «Պետք է փոխվի գաղափարական ուղղվածությունը: Եթե դու ասում ես նույն բաները, որ 20 տարվա ընթացքում բոլորն ասել են, եւ Հայաստանը ձեւավորվել է այդ գաղափարախոսական կարգախոսների արդյունքում, դու, ուրեմն՝ ոչինչ չես ասում: Ասում ես՝ իշխանությունների գաղափարական հենքը ճիշտ է, բայց նրանք վատն են, դա լավ չեն կատարում, ես ավելի լավ, բարի, ազնիվ տղա եմ, կգամ ավելի լավ կկատարեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031