Աշխատող հղիների նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա:
Մայրության նպաստ. այս ձեւակերպմամբ կառավարությունն առաջարկում է վերանվանել հղիության եւ ծննդաբերության նպաստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի քանի օրենքներում փափոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, առաջարկվում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%, եւ չաշխատող հղիներին տրամադրել նպաստ: Չաշխատող կնոջը տրվող նպաստի անվանական չափը 2016 թվականին կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ (80 հազար դրամ) կկազմի 365 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ առանց հարկերի՝ 275 հազար դրամ: Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Կենսաթոշակային հիմնադրամի իրազեկման կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ լրագրողների համար սեմինար էր կազմակերպել՝ նախագծին ծանոթացնելու եւ այն քննարկելու համար:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ այսօր հղիության եւ ծննդաբերության նպաստ է տրվում 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության եւ ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա լրացուցիչ եւս տարեկան 30 հազար կին: Պարոն Սաիյանի վստահեցմամբ, ներկայիս օրենքով՝ աշխատող հղիների աշխատավարձերի 100%-ի չափով նպաստ տրամադրելը մեծ բեռ է պետբյուջեի համար, եւ այս խնդիրն աշխարհի շատ երկրներում կա: Ըստ պարոն Սաիյանի, 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ: Այսինքն, բեռը թեթեւացնելու համար, ինչպես բանախոսն ասաց՝ կառավարությունը գնում է փոխհատուցման չափի կրճատմանը:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ եթե նախագծի նպատակը բյուջեի բեռը թեթեւացնել է, ապա չաշխատող հղիներին նպաստ տրամադրելով բյուջեի համար կրկին բեռ է ավելանում, կարծես թե տնտեսում, կամ բեռի թեթեւացում չի ստացվում, պարոն Սաիյանն ասաց, այո, բեռ է լինում, բայց չաշխատող հղիների աջակցության հարց է լուծվում. «Չէ՞ որ չաշխատող հղիներն էլ խնդիրներ ունեն լուծելու՝ հագուստ, հատուկ սնունդ եւ այլն: Իսկ աշխատող հղիներն այսպես թե այնպես, աշխատավարձ ստանում են»:
Կարդացեք նաև
Հարցին էլ, արդյո՞ք այս նախագիծը կնպաստի ծնելիության աճին, պարոն Սաիյանն ասաց, որ որեւէ երկրում չկա նման պրակտիկա, որ գումարային փոխհատուցումը կարող է դեմոգրաֆիական խնդիր լուծել, քանի որ կան եվրոպական երկրներ, որտեղ այսպիսի փոխհատուցում է տրվում, սակայն ծնելիության աճ չի գրանցվել: Ըստ պաշտոնյայի, դեմոգրաֆիական խնդրի կամ ծնելիության աճի լուծմանը ավելի շատ նպաստում են հավատը ապագայի նկատմամբ, երկրի ընդհանուր իրավիճակը, երեխաների համար նախատեսված խնամքի կենտրոնների խնդրի լուծումն եւ այլն:
Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, այն դեռ պետք է հանրային լսումներում եւ խորհրդարանական լսումներում քննարկվի: Ընդունվելու դեպքում աշխատող հղիների նպաստի փոխհատուցումը կկրճատվի 2015 թվականից, իսկ չաշխատող հղիների մայրության նպաստը կսկսվի տրամադրվել 2016 թվականից:
Բյուլետենների վճարման մեխանիզմն ու գումարների չափերը եւս նախագծում ներառված են, որի մասին առաջարկություններն՝ առաջիկայում: Պարոն Սաիյանի խոսքերով՝ բյուլետենի եւ հղիներին տրամադրվող նպաստի գումարն եկող տարի կկազմի 10.3 միլիարդ դրամ, որը, բանախոսի ներկայացմամբ՝ քիչ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ