ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 14-18-ը տարածաշրջան կատարած այցի հետ:
Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը և ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոն հանդիպել են ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված երկների ղեկավարների հետ և մասնակցել հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգի առաքելությանը: Նրանց է միացել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, իսկ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անձնական պատճառներով ճանապարհորդությանը չի մասնակցել, սակայն ԱՄՆ-ը ներկայացնող կողմ ունեցել է:
Բաքվում և Երևանում համանախագահները հանդիպել են երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ: Երևանում նրանք նաև խորհրդակցություն են ունեցել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մայրաքաղաքներում նրանք քննարկել են Ալիևի և Սարգսյանի Ֆրանսիայի նախագահի հետ Փարիզում ակնկալվող հանդիպումը:
Կարդացեք նաև
Համանախագահները խոսել են Սոչիում և Ուելսում նախագահների կայացած հանդիպումների մասին և ընդգծել, որ այս ամառ տեղի ունեցած լարված իրադարձություններից հետո շփման գծի և սահմանի երկայնքով իրավիճակը կայունացել է: Նրանք հույս են հայտնել, որ վերջին շրջանում նկատվող հրադադարի խախտումները չեն սրվի:
Սահմանին մոնիթորինգ իրականացնելու ընթացքում նրանք հանդիպել են երկու կողմերի տեղի պաշտոնյաների և հրամանատարների հետ՝ անվտանգության պայմանների հետ ծանոթանալու համար:
Համանախագահները կողմերին լարվածությունը նվազեցնելու և բռնությունները կանխելու, մասնավորապես քաղաքացիական բնակչության նկատմամբ, կոչ են արել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ