Ինչպես հայտնի է , երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցած տարի նոյեմբերի 2-ին կայացած ակցիայի ժամանակ զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության մեջ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով՝ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանը՝ 4 տարի պայմանական ազատազրկման: Այս գործով անցնող մյուս ամբաստանյալները դատապարտվեցին. Ալբերտ Մարգարյանը՝ 6 տարի ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը՝ 5 տարի ազատազրման, Հայկ Հարությունյանը՝ 4,5 տարի ազատազրկման, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի ազատազրկման, Սեւակ Մնացականյանը՝ 1,5 տարի ազատազրկման, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի ազատազրկման, Վահան Վարդանյանը՝ 5 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանը՝ տուգանքի` 50 հազար դրամի չափով:
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս դատավճիռները՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ասաց. «Ցավում է սիրտս, հոգիս, իմ ներսում էլ է զսպանակը վտանգավոր աստիճանի լարվում: Իհարկե, Շանթին և նրա ընկերներին ազատազրկման դատապարտելու նպատակը պոտենցիալ «շանթերին» վախեցնելն ու ընդվզողներին ահաբեկելն է: Իսկ 15-ամյա Շահեին 4 տարով պայմանական դատապարտելը, այս իշխանության ճակատի խարանն է, սա դեմ է Հայաստանի կողմից վավերացված բազմաթիվ միջազգային կոնվենցիաներին և կարծում եմ, ՀՀ-ում գործող օրենքների: Սա չի կարող օրենքով հիմնավորված լինի և մեր Սահմանադրությանը հակառակ չլինի:
Հակառակ գործող Նախագահի նախընտրական խոստմանը, որ «հեռախոսային» արդարադատությանը պետք է վերջ տալ, իր ցուցումով շարունակվում է նման արդարադատությունը: Հենց այս տեսակետից անհնար է զուգահեռ չանցկացնել Սյունիքի մարզպետի և իր տղայի կողմից Գորիսում, իրենց տան բակում կատարած սպանության և Շանթի ու իր ընկերների կողմից իշխանությունների նկատմամբ իրականացրած բողոքի ակցիայի միջև: Եթե մարզպետի դեպքում, երբ մարդ է սպանվել, արդարադատությունը պարզապես չի աշխատում, արդարադատության կողմից նրանցից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում, ավելին՝ նա կրկին վերականգնվում է իր նախկին պաշտոնում, որովհետև գործող իշխանությունների աթոռները պինդ պահելու խնդիրը կարող հիանալի լուծել, ապա Շանթն ու նրա ընկերները, ում գործողություններից ոչ մեկը քերծվածք անգամ չի ստացել, հանիրավի ազատազրկվում են, որովհետև այդ աթոռները փոձեցին սասանել:
Կարդացեք նաև
Զարմանալ կարելի է միայն գործող իշխանության այս կարճամիտ քայլերի վրա, նրանք «շանթերի» ընդվզումը մեղմելու փոխարեն մեծացնում են նրանց թիվը, լարում հասարակության ներսում գործող զսպանակի միջուկը՝ վախեցնելու նպատակով: Իհարկե վախի մթնոլորտն իրենն անում է, հասարակությունը կուչ է գալիս նման քայլերից, սեղմվում , լարվում է ինքն իր մեջ, բայց նա չի կարող անվերջ լարվել,սեղմվել: Եթե իշխանության աթոռները գրավողները մի քիչ բնագիտություն, ֆիզիկա իմանային, ապա կգիտակցեին, որ ազդեցությունը հավասար է հակազդեցությանը, որ բնության մեջ ոչ մի համակարգ անվերջ սեղմվել, լարվել չի կարող, այն ի վերջո պայթյունով բացվում է և դրանից առաջացող ալիքը հենց այն աթոռներն է թռցնելու, որոնց վրա իրենք են նստած:
Ամբողջ խնդիրն այս պարագայում իշխանության նենգ ու պարզունակ քայլերն են, որոնց արդյունքում անարդարության ալիք տվող տեղատվություններն ու մակընթացությունները կարող են ավերիչ լինել ոչ միայն իշխանության, այլև մեր պետականության գոյության համար: Այս մասին չմտահոգվելն ու շարունակելը, նշանակում է դավաճանել մեր պետականությանն ու մեծ հարցականի տակ դնել ազգային անվտանգությունը:
Բառեր չեմ գտնում դատապարտելու համար այն դատավարությունն ու դատավորին, ով ոչ թե մեր Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավար պետության շահերն ու բողոքի միջոցով քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանեց, այլ՝ անօրինությունն ու ուժը:
Ցավում է սիրտս, հոգիս, իմ ներսում էլ է զսպանակը վտանգավոր աստիճանի լարվում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ