«Մենք ստիպված ենք հիմա զարգացնել մեր հարաբերությունները, որ մեր երեխաների համար ստեղծենք ավելի զարգացած եւ ավելի կարգավորված հարաբերություններ»,- Հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆեթիեի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Թուրքիայում պալատների եւ բորսաների միության խորհրդի նախագահ Աքիֆ Արըջանը:
Հանդիպումը կազմակերպված էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Պարոն Արըջանը նկատեց, որ հայ-թուրքական հարաբերություններում լարվածություն կա՝ հաշվի առնելով պատմական անցյալը, հարաբերությունների կարգավորման կարեւոր պայման համարեց առեւտրային հարաբերությունների հաստատումը:
«Իհարկե ցանկացած երրորդ երկրի միջոցով Հայաստան ապրանք ուղարկելը մեզ համար էլ է դժվարություններ առաջացնում: Շատ ցանկալի է, որ այն ուղարկվի Հայաստան-Թուրքիա ուղիղ ճանապարհով: Հիմնականում մենք ստիպված ենք շատ հարցեր նստել այսպես երես-երեսի նայելով քննարկելով լուծել: Պետք է ոչ թե միակողմանի լինեն շահերը, այլ պետք է երկկողմանի շահերը համատեղել եւ դրա արդյունքում նստել քննարկել եւ զարգացնել տնտեսական հարաբերությունները»,- ասաց նա:
Նա ներկայացրեց երկու երկրների միջեւ համագործակցության իր տեսլականը. «Մենք, որպես հասարակական կազմակերպություն, կարող ենք Հայաստանում գործող համարժեք հասարակական կազմակերպության հետ համագործակցել, կազմակերպել, թե ինչ փոխադարձ արտադրատեսակներ ունենք, իրենք ներկայացնեն իրենց արտադրատեսակները,մենք՝ մերը, ուղղությունները եւ սկսենք համագործակցություն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Արըջանից՝ փորձո՞ւմ է արդյոք Ֆեթիեյի առեւտրաարդյունաբերական պալատը որեւէ ազդեցություն ունենալ կառավարության կողմից տարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքականության վրա, եթե այդքան շատ է կարեւորում առեւտրային հարաբերությունների հաստատումը:
Նա պատասխանեց, որ Թուրքիայում գործող բոլոր առեւտրաարդյունաբերական պալատները միավորված են մի կառույցի շուրջ, եւ պալատների կողմից առաջարկող ցանկացած ծրագիր քննարկվում է պալատների միավորման ղեկավարի հետ, ու հետո նաեւ ներկայացվում կառավարությանը: Նա նման առաջին քայլ համարեց լրագրողների հետ հանդիպման կազմակերպումը:
Aravot.am-ի հետ առանձին զրույցում Ֆեթիեի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Նրա ասաց այն, ինչ մենք լսում ենք համարյա բոլոր թուրքերից. «Այս հարցը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշտապես քննարկվում է, եւ ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է թողնեմ այն մարդկանց, ովքեր ավելի մասնագիտացված են այդ հարցում՝ պատմաբաններին: Իսկ մենք, պարզ է, որ անցյալը պետք է լավ իմանանք: Բայց պետք է նաեւ թողնենք այնպես, որ այդ հարցը լուծվի, վերջանա: Քաղաքական հարցում մենք չենք կարող ունենալ մեր միջամտությունը, բայց մենք ունենք միության նախագահ, եւ ես գիտեմ, որ նա այդ հարցը բարձրացնում է քաղաքական գործիչների առաջ»:
Նշենք, որ այժմ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողները երկշաբաթյա ավտոբուսային ճանապարհորդության են մասնակցում Թուրքիայի եւ Հայաստանի շուրջ՝ բացահայտելով միմյանց երկրների ավանդույթները, քննարկելով երկու երկրների միջեւ տարվող քաղաքականությունը:
Aravot.am-ը մասնակցում է շրջագայությանը եւ առաջիկայում եւս ներկայացնելու է ճանապարհորդության ընթացքում անցկացվող հանդիպումները, քննարկվող թեմաները:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ