Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին գրեն լրատվամիջոցները

Հոկտեմբեր 18,2014 18:00

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են «Հրապարակ» թերթի
խմբագիր Արմինե Օհանյանը եւ Anews.am կայքի հիմնադիր, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

Արամ Աբրահամյան.– Կյանքը ավելի հարուստ է, քան քաղաքականությունը` մշակույթ, իրավաբանություն, տնտեսություն… բայց երբ լրագրողների կամ խմբագիրների հետ սկսում ես խոսել, խոսում են հենց քաղաքականությունից: Ինչո՞ւ:

Արմինե Օհանյան.- Ինձ թվում է, որ մեր ընթերցողներն առաջին հերթին քաղաքական գործիչներն են: Այս տարիներին անընդհատ փորձում եմ այդ շրջանակը ընդլայնել, ինչքան հնարավոր է այլ մարդկանց հետաքրքրություններ բավարարել, չգիտեմ՝ ինչքանով է դա ստացվում: Բայց մեզանում, ցավոք, սոցիոլոգիական ուսումնասիրություններ, հասարակական կարծիքի հետազոտություններ, մեր ընթերցողական շրջանակները պարզելու ուսումնասիրություններ չեն անում, այսինքն՝ մենք ավելի շատ կարծիքներ ենք իմանում զանգերով, մարդկանց այցելություններով, ֆեյսբուքյան մեկնաբանություններով:

Ա. Ա.– Երբ 20 տարի առաջ ես դարձա խմբագիր, որոշեցինք՝ քաղաքականության մասին քիչ ենք գրում, փառատոներ, համերգներ եւ այլն, բայց պարզվեց, որ դա չի կարդացվում, կարդացվում է սպորտը, սեքսը, սկանդալը, որը Հայաստանում այնքան էլ շատ չի, որովհետեւ փոքր երկիր ենք, եւ քաղաքականությունը:

Աստղիկ Ավետիսյան.- Իրականում, երբ լրատվական դաշտը 20 տարի առաջ ձեւավորվեց, շատ քիչ հնարավորություններ կային, եւ դժվար տարիներ էին, ուստի թերթ պահելը եւ լրագիր ունենալը բավականին մեծ հնարավորություն էր տալիս: Բայց նաեւ շատ սուղ միջոցներ կային, որ կարողանաս ներգրավել: Ուզում եմ փաստել, որ դուք կարողացաք ստեղծել թերթ եւ կարողացաք մինչեւ այսօր պահել: Այսօր Հայաստանի լրատվադաշտում շատ քիչ թերթեր ունենք, որոնք վերցնում ես, կարդում ես եւ կարողանում ես հասկանալ` ինչ է կատարվում իրականում:

Ա. Ա.- «Հայկական ժամանակում» իրավական թեմաներով էիք գրում, եւ հիմա մամուլում կարծես թե չեն նայվում իրավական թեմաները` դատեր եւ այլն:

Ա. Օ.– Չէի ասի: Իհարկե, շատ են հասարակ մարդիկ, որոնք առնչվել են դատական անօրինականությունների հետ, տարբեր պաշտոնյաների, չինովնիկների հետ, նրանք դիմում են խմբագրություն, եւ նրանց շատ դժվար է մերժել: Որպես կանոն, ասում են, որ ավելի լավ է մեկ քաղաքացու մասին մի փոքր գրենք, եւ դա արձագանք գտնի, հարցը լուծվի, քան հարյուրավոր քաղաքական հրապարակումներ անել, որոնք լցնում ենք մի տեղ եւ ոչ մի արդյունք չի տալիս:

Աստղիկ Ա.– Ճիշտ եք, ինչ-որ տեղ սովորական մարդու կերպարն է ԶԼՄ-ներից դուրս եկել, եւ հիմա քիչ-քիչ մենք պետք է հենց այդ կերպարը ետ բերենք եւ մարդուն սկսենք ներկայացնել իր կենցաղով, առօրյայով, որովհետեւ երբ նայում ենք մեր լրատվադաշտը, մեզ ամեն ինչ շատ գունեղ է երեւում, բայց իրականում ունենք եւ հակառակ՝ սեւ կողմերը, եւ դա էլ պետք է ունենանք:

Ա. Օ.- Բայց կան նաեւ զուտ բիզնեսի շահեր, թերթը նաեւ բիզնես է, պետք է ունենա ընթերցող, որը քիչ է, կամ այդ ընթերցողը չի հետաքրքրվում հասարակ մարդու խնդիրներով, այդ թեման կամաց-կամաց մղում ես ետին պլան:

Ա. Ա.– Մարդիկ գալիս են խմբագրություն, նամակ են գրում Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, պատճենը` Արմինե Օհանյանին, եւ այլն, այսինքն՝ նրանք կարծում են` մենք այդ իշխանավորների չափով կարող ենք նրանց օգնել, իրավակա՞ն են այդ սպասելիքները:

Աստղիկ Ա.- Կարծում եմ` այո, որովհետեւ ինչքան էլ մենք ասենք` չորրորդ իշխանությունը կորցրել է իր դերը, բայց հասարակական կարծիք ձեւավորող ամենակայունը եւ ամենաուժեղը մնում է էլի զանգվածային լրատվության միջոցը: Եթե այդ սովորական քաղաքացին սովորեց բարձրաձայնել խնդիրը, հաստատ ինչ-որ տեղից օգնություն գալիս է, շատերը լռում են, շատերը մեթոդը չգիտեն, չգիտեն ձեւը` ինչպես անել, եթե մարդը էլ ուրիշ ելք չունի, ստիպված հանդես է գալիս բաց նամակով: Մի ուրիշ բան էլ կա` շատերը հանդես են գալիս անանուն, եւ այս դեպքում շատ լրատվամիջոցների համար խնդիր է առաջանում՝ հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել:

Քննարկումն`  ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031