Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մի հայ էլ սպանենք, սրտներս հովանա»

Հոկտեմբեր 18,2014 17:30

Ադրբեջանական հայտնի ձեռագիրը` փարիզյան հանդիպմանն ընդառաջ

Սահմանային միջադեպերի վերջին շրջանի վիճակագրությունը հետաքրքիր դինամիկա է ցույց տալիս: Օգոստոսյան դիվերսիաներից ու լարված իրավիճակից հետո, որը կտրուկ նվազեց նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի՝ Սոչիում կայացած հանդիպումից հետո, կրկին սկսել է աճ արձանագրել: Արձագանքելով «Առավոտի» այդ դիտարկմանը՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց. «Սպասվում է նախագահների հերթական հանդիպումը: Բնականաբար, Ադրբեջանը փորձում է դրան ընդառաջ իր համար, այսպես ասած, նպաստավոր մի իրավիճակ ձեւավորել, որ մինչեւ Փարիզ գնալը ասեն` տեսեք, մենք պատասխանը տվեցինք: Միգուցե այդ խնդիրներն են: Իսկապես, պահեր են գալիս, երբ իրենք չեն կարողանում հաշտվել պարտվողի հոգեբանության հետ ու հանդարտվել: Ավելի ու ավելի շատ զենք են գնում, բայց որեւէ խնդիր չեն կարողանում լուծել»: Բացի այդ՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Կարեն Պետրոսյանի խոշտանգումների ու սպանության նման դեպքերը ձեռք են բերում միջազգային մեծ հնչողություն, եւ իրենց մեջ արթնանում է վայրագ մի բան` «մի հայ էլ սպանենք, սրտներս հովանա»:

«Ամենաառաջին բանը, որ մենք պետք է գիտակցենք, այն է, որ պատերազմը չի ավարտվել: Մեր պատերազմը շարունակվում է: Այն մի ակտիվ իրավիճակից անցել է ուրիշ ակտիվ իրավիճակի: Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամեն րոպե իրավիճակը կարող է թեժանալ կամ հանդարտվել, ու մեր խնդիրները պետք է լուծենք: Ցավոք, ունենք այն թշնամին, ինչ ունենք: Մի քիչ ավելի քաղաքակիրթ թշնամի ունենայինք, իրավիճակն այլ կարող էր լինել: Ադրբեջանը փորձում է ամեն իրավիճակից օգտվել, ու ցանկացած տեղ, որտեղ իրավիճակը սրվում է, փորձում է ամեն կերպ օգտագործելով այդ սրության մի խնդիրը` բերել տարածաշրջան: Մտածելու փոխարեն, թե ինչպե՞ս անեն, որ դիպուկահարները սահմանին ամեն օր կրակեն, լավ կանեն ադրբեջանական հրոսակներին Միջին Արեւելքից ետ կանչեն, որովհետեւ իրենք այդտեղ ավելի շատ են զոհվում, քան անգամ այստեղ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին` Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը հերթական արարողակարգայի՞նն է լինելու, թե՞ հնարավոր են փոքրիկ առաջընթացներ, Թեւան Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ հերթական արարողակարգայինն է լինելու, քանզի ՌԴ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո կայացած հանդիպումների տրամաբանական շարունակությունն է. «Բնականաբար, այդ տեսակի հանդիպումներն ամեն անգամ փորձում են նպաստել տարածաշրջանում լարվածության սրմանը կամ նվազմանը, ինչ-որ փոքրիկ դրական խնդիրներ կարող են լուծել, բայց ես մնում եմ իմ համոզմանը, որ մինչեւ չիմանանք, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը, այդ տեսակի հանդիպումներից ես որեւէ իրական առաջընթաց չեմ ակնկալում»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031