Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հարցրել

Հոկտեմբեր 18,2014 17:00

ՎՍԴՀԿ ատենապետը՝ ՀԱԿ-ի հետ տարաձայնությունների
եւ ամսի 24-ի հանրահավաքից սպասելիքների մասին

– Թեեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, այնուհանդերձ՝ արագ փոփոխությունների մասով հանրության սպասելիքները կարծես չիրականացան: Ամառվա ընթացքում հանրությանը մատուցվում էր տեսակետ, որ ամսի 10-ին միասին կորոշենք` ինչ անել, բայց այդ օրն այդ որոշումն այդպես էլ չկայացվեց: Հետեւաբար ՀՀ քաղաքացին ամսի 24-ին ինչո՞ւ պիտի գա հանրահավաքի:

– Նախ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կարեւոր էր այն առումով, որ տարբեր քաղաքական ուժերի խմբակցություններ` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», ներկայացան մեկ տեղ: Ես դա ուզում եմ դիտարկել որպես խմբակցությունների համագործակցություն, համենայնդեպս՝ փաստ է, որ այսօր կարծես տարաձայնություններ կան այդ հարցում: Ինչեւէ, տարբեր ուժերի մեկ տեղ ներկայանալն արդեն շատ կարեւոր է դարձնում հետագա համագործակցության փաստը: Քաղաքացիների մի հատվածը հակված է «հիմա-հիմա» պահանջել. դա իրենց իրավունքն է: Խնդիրներն այնքան են հասունացել, մարդիկ այնքան են հոգնել ու զզվել գործող իշխանություններից, հիասթափությունն էլ հասել է գագաթնակետին, ու բնական է, որ մարդիկ պետք է բղավեն` «հիմա-հիմա»: Բայց մեծ հանրահավաքային փորձ ունեցող հատվածը, որը տարիներ շարունակ մեզ հետ պայքարել է, նաեւ հասկանում են, որ հախուռն եւ չհաշվարկված քայլերի արդյունքում այս շարժումը չի կարող հաջողության հասնել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ թույլ չենք տա, որ Հայաստանում երկրորդ մայդան տեղի ունենա: Ամսի 24-ի հանրահավաքում էլ հանրությանը կներկայացվի այն ճանապարհային քարտեզն ու ամբողջական ծրագիրը, որը կմշակվի երեք խմբակցությունների կողմից:

Ես կարծում եմ, որ իշխանություններին ճնշելու եւ հանրության պահանջները պարտադրելու բավականին մեծ հնարավորություն կա: Պետք է գնալ այդ ճանապարհով: Արդյունքում կտեսնենք, թե ինչ կստացվի: Հուսով եմ՝ սկիզբ է դրվում մի նոր համաժողովրդական շարժման, որը հաջողություն կունենա: Համենայնդեպս՝ քաղաքացին չի տեսնում այլ դաշինք կամ միավորում, որ ի վիճակի է իրեն առաջնորդելու: Հաճախ ասում են` 2007-ից այսքան պայքար տարանք, ի՞նչ ստացվեց: Միգուցե ամեն ինչ չստացվեց, բայց շատ բան ստացվել է. թեկուզ այն, որ ունենք գիտակից եւ վճռական քաղաքացի: Քաղաքական ուժերն այսօր հանրության պայքարող հատվածի հետ մեկտեղ պիտի փորձեն խնդիրներին լուծումներ տալ: Հուսով եմ, որ կհաջողվի:

– Հանրահավաքից հետո տարբեր վերլուծություններ եղան այն մասին, որ Ազատության հրապարակում մեծամասնություն էր կազմում ԲՀԿ-ի էլեկտորատը, եւ որ այդքան մարդ հրապարակում հավաքվել էր մեծամասամբ այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը ներդրել էր իր ռեսուրսները:

– Ես այդպես չէի գնահատի հանրահավաքի մասսայականությունը: Կարծում եմ, որ ՀԱԿ դեռ դաշինքն ուներ բավական մեծ ընտրազանգված, մենք բավական շատ նման հաջողված հանրահավաքներ ենք տեսել: Իսկ այդ հանրահավաքում մեկտեղված էին երեք ուժերի ընտրազանգվածները եւ համակիրների բանակը: Այո, կային մարդիկ, ովքեր զուտ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ համակրանք ունենալով էին ներկա, բայց այդ ներկայությունն արդեն խոսում է այն մասին, որ տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ կա համակրանք, ու մենք դա մեկտեղում ենք: Հետեւաբար չի խանգարում, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասը զուտ հետաքրքրությունից կամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած համակրանքի արդյունքում է հայտնվել Ազատության հրապարակում: Ոչ միայն չի խանգարում, այլեւ կարեւոր է, որովհետեւ մենք համագործակցում ենք:

– Ամսի 10-ի հանրահավաքում մի հետաքրքիր բան էլ կատարվեց. ամռան ընթացքում հանրությանն անընդհատ ասվում էր` աշնանը կայանալիք հանրահավաքում միասին կորոշենք` ինչ անել: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ որոշումները կայացնելու են կուսակցությունների առաջնորդները, եւ հանրությանն ուղղակի հորդորեց վստահել իրենց:

– Ես հակասական ոչինչ չեմ տեսնում: Ժողովուրդը պահանջներ ունի, վճռականություն ունի, փոփոխություններ է ակնկալում, բայց ժողովրդի որոշումներն ու ցանկությունները խմբագրում են քաղաքական ուժերը: Եվ դա բնական է, որովհետեւ ժողովրդի տարբեր հատվածներ տարբեր ձեւով են հարցերին մոտենում: Չի կարող հիսուն հազար մարդ որոշում կայացնել: Նրանք վստահել են այդ քաղաքական ուժերին եւ եկել են նրանց ետեւից գնալու: Որոշումներն, ի վերջո, ներկայացվելու են ժողովրդին, ես կարծում եմ` եթե մարդիկ վստահել են այդ ուժերին, ապա պիտի ընդունեն նաեւ նրանց որոշումները:

– Ամսի 24-ին Դուք հարթակում լինելո՞ւ եք, Ձեր կուսակիցները Ազատության հրապարակում լինելո՞ւ են, քանզի ինքներդ էլ նկատեցիք, որ դեռ հստակ չէ՝ սա կուսակցությունների՞, թե՞ խմբակցությունների համագործակցություն է:

– Եվ ամսի 10-ին մեր կուսակցության ակտիվն ու ղեկավար կազմը ներկա էին հանրահավաքին, ես հարթակում էի, հետո իջա, քանզի ելույթ չունեի ու անհրաժեշտություն չտեսա այնտեղ երկար մնալու: 24-ին նույնպես նույն ֆորմատով մենք ներկա կլինենք: Ֆորմատի փոփոխության` ԱԺ խմբակցություններից կուսակցական ֆորմատի, միասնական կարծիք դեռ չկա, հետեւաբար դեռ խնդիր էլ չկա:

– Իսկ այս ընթացքում փորձե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսյանից ստանալ հարցի պատասխանը, թե ինչու ՀԺԿ-ն առանձնացվեց, կարեւորվեց, իսկ Ձեր ղեկավարած կուսակցությունը` ոչ:

– Կարիք չկա այդ հարցը նախագահին ուղղելու, որովհետեւ ես շատ լավ տեսնում եմ, որ նույնիսկ մեկ կուսակցության դեպքում մյուս խմբակցությունների կողմից ինչպիսի դիմադրություն կա: Առավել եւս՝ հնարավոր չէ, որ ՀԱԿ խմբակցության երեք կուսակցությունները լինեն նույն կարգավիճակում, ինչ-որ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: Բայց ակնկալում եմ, որ եթե համագործակցությունը վերածվի կուսակցական ֆորմատի, ապա ՎՍԴՀԿ-ն նույնպես կլինի այդ ցանկում եւ առաջինների շարքում: Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, ու կապ չունի, որ կուսակցությունն այժմ ոչ թե ՍԴՀԿ, այլ ՎՍԴՀԿ է: Նույն թիմն է, որը տարիներ շարունակ համագործակցել է ՀԱԿ դաշինքի, այժմ էլ ՀԱԿ կուսակցության հետ: Մենք չենք անջատում մեզ իրարից, եւ հույս ունեմ, որ մեզ էլ չեն անջատի:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031