Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլն ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»

Հոկտեմբեր 18,2014 16:30

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում էր հայկական մամուլի օրը։ Մեր երկրում անկախության տարիներից ի վեր մամուլն, ինչպես ասում են, շատ բաների միջով է անցել: Լրատվամիջոցներ են փակվել, քաղաքական հետապնդումների ու ծեծի են ենթարկվել լրագրողները:

Այսօր էլ մամուլն ու լրագրողները իրավապահների «ուշադրության» ներքո են գտնվում: Եվ դա վատ է: Նշանակում է՝ մեր երկրում ժողովրդավարության, մամուլի ազատության պահպանման անհրաժեշտության գիտակցման պակասը դեռ պահպանվում է իշխանությունների մոտ:

Փառք Աստծո, սակայն, այսօր փոքրիկ Հայաստանի լրատվական դաշտն իսկապես մեծ է ու բազմազան: Իշխանությունն ու «ոչ իշխանությունն» արտահայտվելու, իրենց գաղափարները հասարակությանը ներկայացնելու բավական լայն, ընդարձակ հնարավորություններ ու ռեսուրսներ ունեն:

Իհարկե, մեր օրերում զարմանալի չէ, որ նախկինում լճացած պաշտոնյան, որի իշխանության տարիներին ընդդեմ մամուլի, եւ ոչ միայն ընդդեմ մամուլի, հազար ու մի հանցագործություն է տեղի ունեցել` հնազանդորեն ծառայել են այդ «ռեժիմին», բայց այսօր «մանրադիտակով» հետեւում է «ոչ մերոնքականների» աշխատաոճին՝ մոռանալով «մերոնքականների» ոճին էլ երբեմն թեթեւ ուշադրություն դարձնել:

Երբ իրեն «համաժողովրդական շարժում» անվանվող ուժը ընկնում է մի քանի «ջղաձգվողների» ու «գիծ» ունեցող մամուլի հետեւից, օրինակ՝ Եվրասիական միության անդամակցության դեմ հանդես եկող որոշ «անհնազանդ» լրատվամիջոցների, եթե մի քանի «ջղաձգվողներ» ու վերլուծաբաններ ընդունակ են «համաժողովրդական շարժման» մոտալուտ հաղթանակին խոչընդոտել ու «կազմաքանդել» եռյակների կամ քառյակների գործունեությունը, ուրեմն դա Շարժում չէ:

Լավ է, որ Հայաստանում կան «գիծ» ունեցող լրատվամիջոցներ: Բայց վատ է, եթե Հայաստանում արդարություն հաստատելու հավակնորդ «ոչ իշխանական» «ռեժիմում» կա մեկ` անքննելի դիրքորոշում, չկա ներքին ժողովրդավարություն, իսկ մեկ անքննելի դիրքորոշումը պետք է տիրաժավորվի անընդհատ, եւ դրանից չի կարող շեղվել ոչ միայն շարքային կուսակցականը, այլեւ այդ ուժի համակիրը, համակիրի համակիրը` անգամ սոցիալական ցանցերում: Եզրակացությունը թերեւս մեկն է` ուրեմն այդ «ռեժիմն» էլ է շարունակական «խուճապի» մեջ, այլապես ստիպված չէր լինի հետեւել «ներքին գրաքննության»:

Եթե «գիծ» ունեցող, «իշխանության հաճախորդ» անվանվող խմբագրության աշխատակիցներից յուրաքանչյուրն ավելի ազատ է մամուլում իր տեսակետը ներկայացնել, քան «համաժողովրդական» ամբողջ շարժման ներկայացուցիչները միասին վերցրած, ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը:

Եթե «ոչ իշխանությունը» տեսնում է երկրից թալանած յուրաքանչյուր լուման, բայց չի տեսնում Հայաստանի ինքնիշխանության կորուստը, որպեսզի Պուտինի «ռեժիմի» հասցեին թթու խոսք չասի, ուրեմն թող շարունակեն իրենց «ազգանվեր» գործն այնքան ժամանակ, մինչեւ Պուտինը կորոշի Հայաստանում «պալատական հեղաշրջում» իրականացնել, որն, իհարկե, հեշտությամբ կարելի կլինի մատուցել որպես «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» հերթական պտուղ: Կարեւորն այն է, որ եթե հանկարծ դա չհաջողվի, ապա «մեղավորներ» միշտ կգտնվեն: Կասեն` «մամուլն էր մեղավոր», որ չստացվեց:
Այսօր արդեն կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչ կկատարվի «ոչ մերոնքական» ու սեփական «գծից» շեղվող մամուլի ներկայացուցիչների հետ, եթե այսօրվա «ոչ իշխանությունը» երկու-երեք շաբաթ իշխանություն ունենա. սկզբում՝ դաժան գրաքննություն, հետո՝ «բանագնացների» գործուղում դեպի «խառնակիչների» խմբագրություններ, իսկ վերջում, հավանաբար, բանտերում տեղ ու դադար չլինի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031