Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ծխախոտի հարկը բարձրացնել. ովքե՞ր են խոչընդոտում ծրագրին

Հոկտեմբեր 18,2014 16:00
pox

Հայաստանում ծխախոտն իր արժեքով, կարելի է ասել, մատչելի է նույնիսկ անապահով խավի համար, մինչդեռ եվրոպական բազմաթիվ երկրներում եւ ԱՄՆ մի շարք նահանգներում ծխախոտի գինն այնքան բարձր է, որ շատերը պարզապես հրաժարվել են ծխախոտից:

Արդեն մի քանի տարի է՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունն առողջապահության նախարարության հետ պայքարում է Հայաստանում առողջապահության ոլորտի համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ առաջարկվում է բարձրացնել ծխախոտի ակցիզային հարկը, ինչի արդյունքում ծխախոտն էլ կթանկանա:

«Առավոտի» հետ զրույցում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Երեխաների առողջության քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանն ասում է, որ նման ծրագիր մշակել են՝ հաշվի առնելով միջազգային փորձը, Ազգային ժողովում մի քանի պատգամավորների մասնակցությամբ քննարկվել է ծրագիրը, բայց դեռ որեւէ արդյունք չկա. «Հայաստանում միշտ շեշտվում է, որ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները քիչ են, դրանք հազիվ բավականացնում են բժշկական միջամտություններին, իսկ կանխարգելիչ միջոցառումների համար, կարելի է ասել, գումար չկա: Մեր առաջարկած ծրագրով ցույց ենք տալիս, թե որտեղից կարելի է առողջապահության ոլորտի համար այլընտրանքային ֆինանսական միջոցներ գտնել, այսինքն՝ հարկային մեխանիզմը փոխել, ծխախոտների որոշակի գնաճ կլինի, իսկ ակցիզային հարկն էլ որքանով որ բարձրանա, այդ հավելյալ ֆինանսներն ուղղել առողջապահությանը, առողջ ապրելակերպին»:

Ազգային ժողովի քննարկմանը մասնակցել է նաեւ ֆինանսների նախարարության եկամտային քաղաքականության, մեթոդաբանության եւ կարգապահական ծրագրերի վարչության պետ Արման Պողոսյանը, որն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը դեռեւս պետք է հիմնավորվի վերլուծություններով, եւ գնահատականներ տրվեն: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ ֆիսկալ գործիքը արդյունավետ է ծխողների թվի կրճատման համար, ծխողների թվի կրճատումը առողջապահության ոլորտի խնդիրն է՝ կանխարգելիչ, կրթական ծրագրերի եւ այլնի միջոցով: Չկա այնպիսի միանշանակ որոշում, որ հարկային բեռի ավելացում պետք է լինի: Այս տարվա սկզբին ծխախոտի հարկման քաղաքականությունը վերանայել ենք, ինչի արդյունքում հարկային բեռն ավելացել է»:

Իսկ տիկին Ղարախանյանը միջազգային ուսումնասիրության տվյալներն է մեջբերում, թե ինչպես է ծխախոտի թանկացումն ազդել ծխողների վրա. «Բարձր եկամուտ ունեցող երկրներում ծխախոտի գնի 10% աճը հանգեցրել է ծխախոտ օգտագործողների թվի 5% նվազեցման, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում նմանատիպ միջամտությունը կարող է ծխողների թիվը կրճատել 7-8 %-ով: Կանադայում 1979 թվականին դեռահաս բնակչության 47 տոկոսը ծխող էր, իսկ 2,5 անգամ գինը աճելուց հետո նվազել է 16%: Սա փայլուն օրինակ է, այս երկրում ծխախոտի գինը բարձրացվել է հարկային քաղաքականության շնորհիվ: Նույն գործիքը կիրառվել է Թաիլանդում, որտեղ 2% հավելյալ հարկ են կիրառում ծխախոտի համար եւ ավելացված գումարներն ուղղում հատուկ հիմնադրամին, որն էլ առողջ ապրելակերպին է ուղղում գումարները, տարեկան 100-150 միլիոն դոլար են հավաքագրում, ծխողների թիվն էլ գնալով նվազում է»:

Ֆինանսների նախարարության պաշտոնյան էլ ասում է, որ ծխախոտի գնի կտրուկ բարձրացումը կարող է ազդել սպառման եւ սպառման կառուցվածքի վրա, տեղական արտադրությունը կարող է չընդլայնվել ներքին սպառման ծավալների հաշվին կամ հակառակը տեղի ունենալ: Եթե Պողոսյանը գտնում է, որ ծխողների թվի կրճատմանը պետք է հասնել կրթական, կանխարգելիչ այլ ծրագրերով, ապա նշենք, որ ծխախոտի դեմ պայքարողները փորձում են պաշտոնյայի նշած ծրագրերի ֆինանսավորման համար այլընտրանքային ֆինանսավորում գտնել հենց գնի բարձրացմամբ:
Պարոն Պողոսյանը հիշեցնում է, որ գնի կտրուկ բարձրացումը ծխախոտի ապօրինի ներմուծման պատճառ կարող է դառնալ, այլ երկրներից ավելի էժան գնով մի քանի տուփով ներմուծեն մեր երկիր:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ նկատում է, որ մեր հարեւան երկրներում արդեն կիրառվում է ծխախոտի բարձր հարկի մեխանիզմը: «Օրինակ՝ Թուրքիայում շատ լուրջ քայլեր է ձեռնարկվել հակածխախոտային ոլորտում, մասնավորապես՝ հարկային միջոցների կիրառմամբ բավականին թանկացել են ծխախոտները, Վրաստանում եւս մի փոքր ավելի թանկ են, քան Հայաստանում: Նախկին ԽՍՀՄ երկրները եւս օգտագործում են այդ գործիքը, որպեսզի իրենց երկրում կառավարեն ծխախոտի օգտագործումը: Ուկրաինան է նույնն արել, նույնիսկ Ռուսաստանն է հիմա սկսել այդ քայլերին դիմել»: Այսինքն՝ եթե մեր հարեւան երկրներում արդեն թանկ է ծխախոտը, եվրոպական երկրներում՝ եւս, ապա էժան ծխախոտ էլ որտեղի՞ց կարող են հայերը բերել:
Պարոն Բազարչյանը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծխախոտի դեմ արդյունավետ պայքար է համարում հենց հարկային բեռի եւ գնի բարձրացումը:

«Առավոտի» հետ զրուցած ծխող եւ չծխող քաղաքացիների վերաբերմունքը ծխախոտի կտրուկ թանկացմանը շատ տարբեր էր. հատկապես չծխողները կողմ էին թանկացմանն ու հավելյալ գումարներն առողջապահությանն ուղղելուն: Քաղաքացիներից մեկն էլ վստահեցնում է՝ եթե կրկնակի թանկանա իր նախընտրած ծխախոտը, ապա ինքը կսկսի քիչ ծխել, գուցե աստիճանաբար նաեւ թողնի ծխելը. «Ես դեմ չեմ, լավ կլինի, թե չէ՝ ծխախոտին գումար տալը ոնց որ կորցնելու նման մի բան լինի»: Մեկ այլ քաղաքացի էլ ասում է. «Հիմա իմ սիգարետն էնքան էլ թանկ չի, բայց ասենք թե 100 դրամով թանկացնեն, ես կթարգեմ ծխելը, որովհետեւ օրը 1.5 տուփ ծխում եմ, իսկ 100 դրամ ավելի տալը ամսվա կտրվածքով ահագին թիվ ա: Ինձ թվում ա, ցածր աշխատավարձ ունեցողների վրա դա կազդի, իրանց գրպանին կպնելով մենակ կարելի ա ստիպել թարգելը»:

Նշենք, որ ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտի հարկերի ավելացումը լավագույնս նպաստում է երիտասարդների եւ անապահով բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման սպառման նվազեցմանը:

Աշխարհում ծխախոտի հետեւանքով տարեկան գրանցվում է 6 միլիոն մահվան դեպք, իսկ Հայաստանում՝ մոտ 3000: Ըստ ԱՀԿ տվյալների՝ ծխախոտի օգտագործումից մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ծխողների մեծ մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է միջին տարիքում՝ 36-69 տարեկանում, ծխախոտի ծուխը պարունակում է քաղցկեղածին 50 նյութ:

Ընդ որում, ծխախոտի հետեւանքներով առաջացած հիվանդությունների բուժմանը պետբյուջեից բավականին մեծ գումարներ են ուղղվում, ուստի պետության համար էլ ձեռնտու է թանկ ծխախոտից հավելյալ գումարներ ստանալ եւ ուղղել առողջ ապրելակերպին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ի դեպ, իր նախընտրական ծրագրում ներառել է առողջ ապրելակերպին ուղղված կետ: Նշենք, որ ծխախոտի հարկումը կիրառվում է ավելի քան 150 երկրում. հավաքագրված միջոցներն օգտագործվում են առողջության խթանման ծրագրերում: Նկատենք, որ մեր երկրում կան պատգամավորներ եւ ազդեցիկ գործարարներ, որոնք ծխախոտ են ներկրում, եւ այս ծրագիրը հատկապես ձեռնտու չէ նրանց, ուստի ծրագիրն իրականություն դարձնելու համար լուրջ խոչընդոտներ կլինեն, ընդ որում՝ որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031