Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում: Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի:
Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաեւ աշխատանքային ստաժից։ Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաեւ չաշխատող մայրերին:
«Առավոտի» հետ զրույցում մասնագիտությամբ հաշվապահ Գայանե Սիմոնյանը, որը սպասում է իր առաջնեկին, ասաց. «Ամուսնությունից հետո հիփոթեքով տուն ենք գնել: Ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք ու կարողանում ենք մեր աշխատավարձով հիփոթեքի պարտքը մարել: Դեկրետ գնալուց հետո մտածում էի՝ ամուսնուս թիկունք կլինեմ իմ փոխհատուցման գումարով, բայց, ըստ նախագծի, ինձ նախատեսվում է վճարել փոխհատուցման միջին աշխատավարձի միայն 40 տոկոսի չափով, քանի որ աշխատանքի ընդունվել եմ հղիանալուց մեկ տարի առաջ: Հուսանք, որ այս անհասկանալի օրինագիծը չի ընդունվի ու պատուհաս չի դառնա մեր գլխին»:
Սյուզաննա Հունանյանի կարծիքով էլ՝ օրենքը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի աճին եւ նպաստավոր պայմաններ ստեղծում արտագաղթի համար. «Աշխատելու եւ ապրելու նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն՝ այնպես են անում, որ մարդիկ հեռանան երկրից՝ առանց վերադառնալու ցանկության: Եթե մի քանի տարի առաջ մտածել անգամ չէի ուզում Հայաստանից հեռանալու մասին, այսօր առաջին իսկ հնարավորության դեպքում ընտանիքիս կվերցնեմ, կգնամ այստեղից: Մենք ծերացող ազգ ենք, ու որ այսպես շարունակվի, մի 50 տարի հետո Հայաստանում էլ մարդ չի մնա»:
Մեր զրուցակից Սյուզաննա Գեւորգյանը կողմ է, որ չաշխատող մայրիկներին նպաստ տրամադրվի, բայց համաձայն չէ, որ այն լինի աշխատողների հաշվին: Ըստ նրա՝ այս նախագիծը կարող է մի շարք անհարմարություններ ստեղծել: «Եթե մինչ այսօր մայրիկները դեկրետում կարող էին մնալ մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, ապա այն ընդունելուց հետո կինը ստիպված կլինի թողնել նորածին երեխային ու վերադառնալ աշխատանքի՝ ֆինանսական նկատառումներից ելնելով»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ միանում է աշխատող մայրիկների դժգոհություններին:
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը գտնում է, որ օրենքի ընդունմամբ կսահմանափակվի նաեւ կնոջ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Նրա խոսքերով՝ առաջին վնասը, որ առաջանալու է օրենքն ընդունելուց հետո, նյութականն է, քանի որ օրենքով նախատեսվում է սահմանել կնոջ նպաստի չափը վերջին աշխատավայրում աշխատանքի անցնելու տեւողությամբ, նախկին՝ միջին աշխատավարձի փոխարեն. «Եթե կինը ընդունվել է աշխատանքի հղիանալուց մեկ տարի առաջ, ապա նախատեսվում է նրան փոխհատուցում տրամադրել միջին աշխատավարձի միայն 40 տոկոսի չափով, 1-3 տարի աշխատելու դեպքում՝ 60 տոկոսի չափով, իսկ 3 տարուց ավելի աշխատելու համար 80 տոկոսի չափով փոխհատուցում է սահմանվել»: Անդրադառնալով փաթեթի հետ կապված հաջորդ խնդրին՝ Նվարդ Փիլիպոսյանը նշեց, որ այն կարող է խտրական մոտեցում ցուցաբերել կանանց եւ տղամարդկանց նկատմամբ. «Քանի որ կինը այդ ընթացքում չի աշխատում եւ եկամուտ չունի, ապա այդ ժամանակահատվածի համար զրկվում է գումար կուտակելու հնարավորությունից, իսկ տղամարդը այդ խնդրի առաջ չի կանգնում եւ ստանում է իր ամբողջ աշխատավարձը»:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ հարցին վերջնական եւ արդյունավետ լուծում տալու համար բողոքի ակցիաներ են նախապատրաստում իրականացնել, որոնց մասին ժամանակին կիրազեկեն հանրությանը:
ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2014