Գասպարյանների ընտանիքն 9 ամիս շարունակ բնակարանի վարձ է վճարել՝ նկատի ունենալով, որ քաղաքապետարանը մի օր կկատարի պայմանագրով ստանձնած իր պարտականությունները:
Շինարարների փողոցի 15 շենքի (4-րդ կարգի վթարային) նախկին բնակիչներ Գրիգոր Գասպարյանը եւ նրա ընտանիքի մյուս անդամները՝ տիկին Նվարդը, Հայկ եւ Հասմիկ Գասպարյանները, բողոք են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարան:
Ամիսներ առաջ «Առավոտն» անդրադարձել էր Գասպարյանների՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումին, որով, մասնավորապես, Գասպարյանների ընտանիքը դատարանից պահանջում էր Երեւանի քաղաքապետարանից բռնագանձել այն վարձավճարը, որը նրանք վճարել են քաղաքապետարանի փոխարեն: Պայմանագրով, որը կնքվել է Գասպարյանների ընտանիքի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ, վարձավճարը պարտավորվում էր վճարել քաղաքապետարանը, սակայն դա չի կատարվել:
Նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանն ընդունելով, որ պայմանագիրը պահպանում է իրավական լինելու բոլոր հիմքերը՝ վճռում նշել էր, որ պայմանագրում նշված չի եղել, թե որքան գումար պետք է վերադարձնի Երեւանի քաղաքապետարանը եւ ըստ այդմ՝ մերժել էր համահայցվորներ Գասպարյանների պահանջը: Այդ առթիվ «Առավոտը» զրուցեց Գասպարյանների՝ դատարանում որպես ներկայացուցիչ՝ փաստաբան Մարո Խաչատուրյանի հետ, ով քաղաքացիական վերաքննիչ դատարանում նույնպես պետք է ներկայացնի Գասպարյանների բողոքը:
Կարդացեք նաև
-Տիկին Խաչատուրյան, Գասպարյանների ընտանիքի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվեց պայմանագիր, որով պարտավորություններ սահմանվեց քաղաքապետարանի վրա: Պայմանագրով ի՞նչ պարտավորություններ սահմանվեցին, որը քաղաքապետարանը չկատարեց եւ խնդիրը բարձրաձայնվեց դատարանում:
– Պայմանագրով Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել էր մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը Գասպարյանների ընտանիքին հանձնել բնակարան, որը գտնվում է Սիսակյան 22 շենքի 18 հասցեում, միեւնույն ժամանակ նույն պայմանագրով նախատեսվել էր պատասխանատվություն Երեւանի քաղաքապետարանի համար, եթե վերջինս բնակարանը չհանձնի ժամանակին: Ստացվում է, որ պատասխանատվությունն իրենից ներկայացնում է տուժանք, որը պայմանագրի ապահովման միջոց է եւ վրա է հասնում դրա խախտման դեպքում: Չնայած պայմանագրով ուղղակիորեն չի սահմանվել, որ պատասխանատվությունը տուժանք է, բայց բնույթով տուժանք է, իսկ օրենքն ուղղակիորեն ասում է, որ տուժանքի դեպքում անձը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել: Նոր բնակարանի բանալին Գասպարյանների ընտանիքին է հանձնվել 13.07.2013 թվականին: 9 ամիս շարունակ նրանց ընտանիքը բնակվել է վարձակալված բնակարանում եւ իրենց սեփական միջոցների հաշվին վճարել բնակարանի վարձավճարը, սակայն պայմանագրով պարտավորվում էր վճարել Երեւանի քաղաքապետարանը, քանի որ նոր բնակարանը չէր հանձնվել սահմանված ժամկետում:
– Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գասպարյանների ընտանիքի հայցապահանջը եւ հրապարակեց, որ պայմանագրում նշված չի եղել, թե որքան գումար պետք է վերադարձնի Երեւանի քաղաքապետարանը, միաժամանակ հաստատեց այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքված՝ Գասպարյանների ընտանիքի եւ քաղաքապետարանի միջեւ, պահպանում է իրավական լինելու բոլոր հիմքերը: Մեզ հայտնի է, որ դուք նշել էիք գումարի վերադարձման չափը: Որքա՞ն գումար էիք նշել, եւ արդյո՞ք դատարանը վճռում անդրադարձել է Ձեր կողմից նշված գումարի վերադարձման չափին:
-Նախ՝ ասեմ, որ սույն պատասխանատվությունը ծագել է պայմանագրից՝ Երեւանի քաղաքապետարանի կետանցի փաստի ուժով: Պայմանագրում պատասխանատվության չափը որոշելու համար հղում է կատարված մի իրավական ակտի, որը կարգավորում է պետական հիմնարկներին ամրակցված գույքի վարձակալության հարցերը, հետեւաբար՝ այն չի կարող վերաբերելի լինել ֆիզիկական անձանց հարաբերություններին եւ չի էլ բխում մարդու իրավունքներից ու շահերից: Այդօրինակ հանգամանքների առկայությամբ, հաշվի առնելով նաեւ մինչեւ պայմանագրի կնքումը կողմերի միջեւ հարաբերությունների բնույթը, նրանց կողմից կատարված գործողությունները, դրանց նպատակը եւ այլն` մեր կողմից ներկայացվել էր պահանջ՝ ամսական կոնկրետ գումար հաշվարկելու մասով եւ դրա հիման վրա կատարվել էր հաշվարկ՝ ինն ամսվա կտրվածքով, որը կազմում է պատասխանատվության ամբողջ ժամանակահատվածը՝ 630.000 ՀՀ դրամ: Դատարանը, ինչպես արդեն ինքներդ նշեցիք, հաստատված է համարել Երեւանի քաղաքապետարանի կողմից կետանցի փաստը, հարց է առաջանում` կարո՞ղ էր, արդյոք, դատարանը մերժել գումարի բռնագանձման պահանջը նման պայմաններում: Դատարանն այդ ապացուցման բեռը դրել էր հայցվորների վրա եւ պատճառաբանել, որ հայցվորները չեն ապացուցել պատասխանատվության չափը, թե որտեղից է գոյացել բռնագանձվելիք գումարի չափը: Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել մեր կողմից բերված փաստարկներին, ավելին, նույնիսկ վճիռ չի կայացրել ամսական 70.000 ՀՀ դրամ գումար հաշվարկելու մասով, մինչդեռ պարտավոր էր վճիռ կայացնել մեր կողմից բերված յուրաքանչյուր պահանջով:
-Տիկին Խաչատուրյան, ասացիք, որ հաշվարկված վարձավճարի ամսական չափը կազմել է 70. 000 ՀՀ դրամ, որն 9 ամսվա ընդհանուր հաշվարկով կազմում է 630. 000 ՀՀ դրամ: Գումարի մասին նշվա՞ծ է պայմանագրում: Եթե նշված չէ, ապա վարձակալվող բնակարանի վարձավճարի չափն ինչպե՞ս է որոշվում:
-ՀՀ օրենսդրությունը պայմանագրի գնի մասով նախատեսում է կարգավորում 2 ուղղությամբ՝ պայմանագրի մեկնաբանում, եթե պարզ չէ պայմանագրից, թե որքան է կազմում գինը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447 հոդված), եւ նույնանման հանգամանքների օգտագործում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 440 հոդված), եթե գին որոշված չէ եւ հնարավոր չէ որոշել պայմանագրի պայմանների հիման վրա:
Հաշվի առնելով, որ պատասխանատվությունը ծագել է պայմանագրից, ապա առաջին ապացույցը հենց պայմանագիրն է, սակայն պայմանագրում նախատեսված իրավական հիմքը պայմանագրի գնի վերաբերյալ կիրառելի չէ կողմերի հարաբերությունների նկատմամբ, հետեւաբար՝ գործում են իմ կողմից մատնանշված իրավական նորմերը (440 եւ 447): Դատարան ներկայացվել էր ապացույց այն մասին, որ հայցվորներին եւ 10 անձանց Երեւանի քաղաքապետարանի կողմից վճարվել է վարձավճար՝ նրանց ժամանակավոր բնակության համար, մինչեւ բնակարանային հարցերի լուծումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարաբերությունները նույնանման են, ինչպես նաեւ պայմանագրի կողմերի միջեւ մինչեւ պայմանագրի կնքումը նույնանման հանգամանքներում կատարվել է վճարում ամսական 70.000 ՀՀ դրամի չափով, ապա պետք է որոշվեր պատասխանատվության չափն ամսական 70.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Ակնհայտ է՝ կա երկուստեք պայմանագիր, իսկ Գասպարյանների ընտանիքն 9 ամիս շարունակ բնակարանի վարձ է վճարել՝ նկատի ունենալով, որ քաղաքապետարանը մի օր կկատարի պայմանագրով հաստատված պատասխանատվությունը: Այստեղ ակամայից հիշեցի Միցկեւիչի միտքը. «Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն»:
Գասպարյանների ընտանիքի բողոքը քաղաքացիական վերաքննիչ դատարանում նշանակվել է հոկտեմբերի 30-ին:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում՝ փաստաբան
Մարո Խաչատուրյանն է
«Առավոտ» օրաթերթ
17.10.2014