Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը դժգոհել է, որ հարցերով իրեն հունից հանում են

Հոկտեմբեր 18,2014 14:30

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող, HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Նրա միջնորդությամբ վերաքննիչ դատարան է ներկայացել քննիչ Մուշեղ Ալեքսանյանը:

Երկրորդ անգամ Աշոտ Առուշանյանի եւ նախկին բռնցքամարտիկ Էդգար Կարաքեշիշյանի գործը հանգրվանելով վերաքննիչ դատարանում, առաջին ատյանի դատարանը նոր կազմով միայն մի դրական քայլ է արել՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշում էր կայացրել որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ` հանգուցյալ Արտաշես Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, Արտաշես Գալուստյանի եւ Աշոտ Առուշանյանի միջեւ տեղի ունեցած առերես հարցաքննությունը Առուշանյանի մեղադրանքի հիմքից հանել եւ դրանք որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին. «Դատարանը, խորհրդակցական սենյակում վերահաստատելով վերը նշված երկու ապացույցների` որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը, եւ դրանք ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի մեղքն ապացուցող ապացույցների շարքում տեսնելու անհնարինությունը, փաստում է, որ սույն գործով ամբաստանյալներ Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից դրանք պետք է մեկնաբանվեն եւ դիտարկվեն ոչ թե որպես ապացույցներ, այլ որպես գործին վերաբերելի, արժանահավատ վարկած, որը պետք է քննվի ձեռք բերված մյուս ապացույցների հետ փոխհարաբերության եւ դրանց հետ մրցակցելու համատեքստում»:

Վերաքննիչ դատարան ներկայացած քննիչ Մուշեղ Ալեքսանյանը պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի մի քանի հարցերից հետո սկսել է զայրանալ, ապա հայտարարել, դատարանի դիտողության հետ կապված, որ այնպիսի հարցեր են տալիս, որ իրեն հունից հանում են:
Լիպարիտ Սիմոնյանին հետաքրքրել է, թե քննչական գործողությունների իրականացման ժամանակ եղե՞լ են ապօրինություններ, ինչի մասին պնդել են ամբաստանյալները:
Քննիչն ասել է, թե երկու տարի է անցել, որ նա կարող էր չհիշել, քանի որ բազմաթիվ գործեր են եղել իր վարույթում:

Նա չհիշեց նաեւ, թե այս գործով ականատես վկաների հարցաքննե՞լ է, թե՞ ոչ:
Սիմոնյանին նաեւ հետաքրքրել էր, թե գործում առկա տեսանյութն արդյոք մոնտաժվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ փորձագետի մոտ արձանագրվել էր մեկ ժամ տեւողության տեսանյութ, իսկ քննիչի մոտ՝ 40 րոպե:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, այդ նույն տեսաերիզում պատկերվել է ոմն Սամվել Հակոբյանը: Նա էլ հայտարարել էր, թե ճանաչում է Էդգար Կարաքեշիշյանին: Զննության արձանագրության մեջ չկար այդ անձի մասին, իսկ արձանագրության մեջ կար: Քննիչին դատարանում տրամադրվել է այդ արձանագրությունը, այն նայելուց հետո քննիչն ասել է. «Երեւի տպագրական թյուրիմացություն է»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031