Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն առաջարկում է գերմանացիների օրինակով մեզանում էլ հիմնել նման «կառույց»
Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) վերադարձավ Ավստրիա, Գերմանիա կատարած համերգային շրջագայությունից:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՊՖՆ-ի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանն ասաց, որ երեք տարբեր ծրագրերով համերգներ են ունեցել Ավստրիայի Լինց, Կլագենֆուրտ եւ Գերմանիայի Լյուբբեկե քաղաքներում: Նշեց, որ, օրինակ՝ Կլագենֆուրտում կայացած համերգի կազմակերպիչն էր հայաստանցի հանդիսատեսին ծանոթ դիրիժոր Էռնեստ Հոյցելը: Հայտնեց նաեւ, թե երեկոները կայացել են հայտնի սրահներում, հատկապես առանձնացրեց Լինցի «Bruknerhaus»-ը, որտեղ պատիվ են ունենում բեմ բարձրանալու ճանաչված նվագախմբեր եւ անհատ կատարողներ: Ինչ վերաբերում է մատուցած ծրագրին, մեր զրուցակիցը հայտնեց, որ հնչեցրել են ստեղծագործություններ համաշխարհային կոմպոզիտորական արվեստի գանձարանից, այդ թվում՝ Շոստակովիչի թիվ 5, Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաները, Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ այլն: Ի դեպ, վերջինիս մեկնաբանությամբ հանդես է եկել ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
Դիտարկմանը, թե սեպտեմբերի 12-ից մեկնարկած 8-րդ Երեւանյան միջազգային փառատոնն այս ուղեւորության պատճառով, փաստորեն, ընդհատվել է, Կարմեն Թոսունյանը նախ հիշեցրեց, որ փառատոնը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 24-ը, հետո էլ ասաց. «Փառատոնային ծրագրում, ինչպես միշտ, ընդգրկված են սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններ, հետեւաբար նվագախմբի բացակայության ժամանակ շարունակվել են կամերային երեկոները: Այսօր Թոփչյանի ղեկավարությամբ կկայանա փառատոնային հերթական համերգը, կհնչեն Չայկովսկու, Շնիտկեի, Բեթհովենի երկերից: Իբրեւ մենակատարներ էլ հանդես կգան ալտահար Դիմուտ Պոպպենը (Գերմանիա) եւ դաշնակահար Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան): Ընդ որում, բարձրակարգ երաժիշտներ են, որոնց հետ ժամանակին պատիվ ունեցել ենք համագործակցելու»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հյուրախաղերին՝ հետաքրքրվեցիք, թե ունկնդիրն ինչպես է ընդունել Հայաստանից ժամանած նվագախմբին: «1990-ականներին Թոփչյանի հիմնած «Սերենադ» կամերային նվագախմբով հաճախ ենք հյուրընկալվել եվրոպական քաղաքներում: Այնպես որ, Եվրոպայում ճանաչված եւ սպասված է Թոփչյանը,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց,- օրինակ, Լյուբբեկեում ժամանակին սերենադցիներիս մեծ սիրով հյուրընկալել էին գերմանացիներն իրենց ընտանիքներում, ինչը կրկնվեց այս անգամ: Կոնկրետ այդ քաղաքում գործում է դասական երաժշտության սիրահարների ընտանեկան խորհուրդը, որը հոգում է ցանկացած հյուրախաղորդ երաժշտի կամ նվագախմբի կեցությունը: Իհարկե, սա չի նշանակում, որ հյուրախաղերի հետ կապված ողջ ծախսերն այդ խորհրդի աշխատանքն էր: Մեզ աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ, ինչպես հայտնի է, նվագախմբի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել- ՄՏՍ»-ը: Թե ավստրիացիները, թե գերմանացիները ոչ միայն յուրաքանչյուր կատարումից հետո անբռնազբոս ցույց էին տալիս իրենց խանդավառությունը, այլեւ համերգներից հետո նույնիսկ ժամերով շփվում էին մեզ հետ»: Կարմեն Թոսունյանն ասվածին հավելեց, որ Ավստրիայում եւ Գերմանիայում իրենց համերգներին ներկա են եղել նաեւ մասնագետներ: Մասնավորապես ասաց, որ հանդիպել են Կլագենֆուրտի ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ, ջութակահար Աննա Հակոբյանին, որը ժամանակին մեր կոնսերվատորիայից տեղափոխվել եւ ուսումը շարունակել է Ավստրիայում: «Աննան Ավստրիայի մեր երկու համերգներն էլ բաց չթողեց, նա ներկայացավ իր կոլեգաների հետ,- նշեց Կարմեն Թոսունյանը:- Ավելին, Աննան ասաց, որ մեր համերգներին ներկա Կլագենֆուրտի ֆիլհարմոնիկի երաժիշտները, զուգահեռներ անցկացնելով իրենց ու հայկական նվագախմբի միջեւ, ազնվորեն իրեն ասել են, թե Հայաստանի ֆիլհարմոնիկը, այնուամենայնիվ, մի քանի հորիզոնականով բարձր է իրենցից…»:
Դիտարկմանը՝ ՀՊՖՆ-ն վերջին շրջանում հայաստանյան համերգային ծրագրերում, իհարկե, սկսել է ավելի հաճախ ներկայացնել հայ կոմպոզիտորների երկեր, ինչը չես ասի հյուրախաղերի մասին. չէ՞ որ, ի վերջո, ՀՊՖՆ-ն ազգային նվագախումբ է, կոնցերտմայստերը պատասխանեց. «Ինչպես այս, այնպես էլ նախորդ հյուրախաղերի ժամանակ, ծրագրի մասով հրավիրող կողմն է հայտնում իր ցանկությունները: Այս անգամ մենք, բացի Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հատվածներից, իբրեւ բիս ներկայացրինք նաեւ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» լիրիկական պոեմը: Իսկ ընդհանրապես, Հայաստանում ու մարզերում մեր ծրագրերում մշտապես ընդգրկել ենք հայ հեղինակների: Օրինակ, ֆիլհարմոնիկի՝ հոկտեմբերի 31-ին մեկնարկող Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած համերգաշարում ՀՊՖՆ-ն կներկայացնի միանգամից 4 կոմպոզիտորների՝ Իրինա Խաչատրյանի, Վահրամ Բաբայանի, Նուբար Ասլանյանի եւ Ստեփան Սուքիասյանի սիմֆոնիկ գործերը»:
Զրույցի ընթացքում Կարմեն Թոսունյանը քանիցս հայտնեց ոչ միայն իր, նաեւ կոլեգաների ցանկությունը, այն է՝ Երեւանում էլ հիմնել դասական երաժշտության սիրահարների ընտանեկան խորհուրդ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` ՀՊՖՆ-ի արտիստներ Մարինե Ասատրյանը (ձախից), Կարմեն Թոսունյանը եւ Մերի Մարգարյանը՝ Աննա Հակոբյանի հետ (ձախից երկրորդը):
«Առավոտ» օրաթերթ
17.10.2014