Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է լինելու ակադեմիական փառքից հեռու արվեստագետի 90-ամյակին

Հոկտեմբեր 18,2014 13:30

Երվանդ Մանարյանի համար անակնկալ է

Այսօր Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Երվանդ Մանարյանի մեծարման երեկոն է՝ անվանի արվեստագետը տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Արվեստագետի ծնունդը կնշվի «Երվանդ Մանարյան՝ 100 մինուս 10» հոբելյանական ներկայացմամբ, որի գաղափարը պատկանում է նրա թոռանը՝ «Փոփոխությունների թատրոն» մշակութային կազմակերպության գործադիր եւ ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանին: Թե ի՞նչ է լինելու բեմում, բոլորի համար անակնկալ է, նույնիսկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չգիտի:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Բաբայանն ասաց, որ փորձն էլ չի տեսել ու իր համար եւս անակնկալ է լինելու: Իրականում՝ յուրահատուկ ներկայացում է բեմադրված, այդ մասին հայտնել է դերասանի թոռը, նշելով, որ ներկայացման ընթացքում Երվանդ Մանարյանը «ստիպված» է լինելու պատասխանել իրեն տրվող հարցերին ու այս մասին տեղյակ չէ:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ Երվանդ Մանարյանի 90-ամյակն ավելի մեծ շուքով, մեծ դահլիճում չի նշվում, ինչո՞ւ որոշվեց անվանի արվեստագետի ծնունդը, մեծարման երեկոն ձեր՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կազմակերպել, ճիշտ չէ՞ր լինի այն ավելի ճոխ կազմակերպել, օրինակ՝ Օպերային թատրոնում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որովհետեւ, եթե ասենք՝ Ալլա Լեւոնյանը կարող է իրեն թույլ տալ մեծ համերգասրահում սովորական համերգ ունենալ, որին մասնակից էր նաեւ առաջին տիկինը, եւ ի վերջո՝ Երվանդ Մանարյանը շարքային մեկը չէ, Ռուբեն Բաբայանն ասաց. «Ես չեմ համարում, որ Երվանդ Մանարյանի ծննդյան միջոցառումը մեզ մոտ կազմակերպելը ինչ-որ ձեւով վիրավորական է: Ընդհակառակը: Ես ինքս եմ ցանկացել ու առաջարկել մեզ մոտ նշել նրա ծննդյան 90-ամյակը, իրենք էլ մեծ հաճույքով համաձայնել են: Բացի այդ, հաշվի առնելով հենց Երվանդ Մանարյանին որպես արվեստագետ, նրա էությունը, թե ինչքան հեռու է նա ակադեմիական փառքից, ինչքան ավելի կենդանի է, անմիջական ու երիտասարդ՝ սա իսկական իր տեղն է: Մենք մի անգամ էլ ենք այստեղ նշել նրա ծնունդը, երբ լրացավ նրա 75-ամյակը: Դա 1999 թվականն էր, առաջին տարին, երբ ես գլխավորում էի թատրոնը ու առաջին բանը, որը արեցի՝ դա նրա ծնունդը նշելն էր: Ավելացնեմ, որ նույնիսկ, եթե Երվանդ Մանարյանի հոբելյանը նշվեր Օպերային թատրոնում, Սունդուկյան թատրոնում կամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, միեւնույն է՝ մեզ մոտ այն եւս նշվելու էր, որովհետեւ մեր թատրոնն ու Երվանդ Մանարյանը շատ են կապված իրար հետ»:

«Երվանդ Մանարյան՝ 100 մինուս 10» ներկայացման տոմսերը չեն վաճառվելու, մուտքը հրավիրատոմսերով է, իսկ թե ովքեր են հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաներից, ՀՀ նախագահը կամ նրա կինը, հայտնի մարդիկ, Ռուբեն Բաբայանը դժվարացավ պատասխանել, տեղյակ չէր, միայն ասաց, որ արվեստագետի թոռն է հրավիրատոմսերով զբաղվում, բայց նախագահը եւ նրա կինը ներկա չեն լինի, հավանաբար հրավիրված է ԱԺ նախագահը:

Ռուբեն Բաբայանը նաեւ ավելացրեց, որ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճում 300 մարդ է տեղավորվում, իսկ եթե ցանկացողներ լինեն, իրենք կարող են մինչեւ 350 հոգու տեղավորել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031