Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ. հայուհին

Հոկտեմբեր 18,2014 13:00
hayuhi

Կարծում եմ, որ չի կարող կանգուն մնալ կառավարությունն այն երկրի, որը բաղկացած է կիսով չափ ստրուկներից եւ կիսով չափ ազատ մարդկանցից:
Աբրահամ Լինկոլն

Ընկեր տղամարդ,
Ինչքան, այնուամենայնիվ, հրապուրիչ է քո պաշտոնը:
Բուլատ Օկուջավա,
«Երգ հետեւազորի մասին»

Հոգեբանության մեջ մի երեւույթ կա, որը կոչվում է «ստոկհոլմյան սինդրոմ»: Այն արտահայտվում է այսպես՝ գերյալ պատանդները կարեկցանք, համակրանք եւ դրական զգացումներ են տածում իրենց գերեւարողների նկատմամբ, երբեմն ընդհուպ մինչեւ նրանց պաշտպանելը եւ իրենց՝ նրանց հետ նույնացնելը: Ուժեղ շոկի ազդեցության տակ պատանդները սկսում են արդարացնել իրենց գերողներին եւ, ի վերջո, յուրացնելով նրանց գաղափարները, իրենց զոհաբերությունն անհրաժեշտ համարում ընդհանուր նպատակին հասնելու համար: Այսպես է վարվում պատանդների շուրջ 8 տոկոսը:

Այս երեւույթն ունի նաեւ ավելի պարզ կենցաղային տարբերակ, որը սինդրոմի առավել հայտնի տարատեսակն է: Այն առաջ է գալիս ընտանեկան-կենցաղային որոշակի հարաբերությունների, այլ կերպ՝ տնային բռնությունների ժամանակ:

Ամեն աղջիկ, գոնե մեր երկրում, մանկուց երազում է ամուսնանալ, ամուսին եւ երեխաներ ունենալ: Միանգամայն մարդկային, նորմալ բան է, թելադրված մարդու կենսաբանությամբ, հասարակության կառուցվածքով, ազգային ավանդույթներով եւ կրոնով:
Եվ երբ հասնում է պահը, քահանան նրան հարցնում է՝
-Հնազա՞նդ ես:
-Հնազանդ եմ, – երջանիկ պատասխանում է աղջիկը եւ անցնում իր հնազանդական պարտականությունների կատարմանը:
Մենք հասել ենք անկախության, այն բանին, որ մեր ժողովուրդն այլեւս ոչ մեկին հնազանդ չլինի, այլ ինքը լինի իր տերը: Մեր դարաշրջանում հասարակության ազատությունը խարսխված է մարդու անհատական ազատության վրա: Չի կարող մեր աշխարհում լինել ազատ հասարակություն, որի անդամներն ազատ չեն: Բայց դաստիարակությամբ, ադաթով, կրոնով, մեր բնակչության ուղիղ կեսին պարտավորեցնում ենք լինել հնազանդ մյուսին: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանց բախտ է ընկել ծնվել որպես կին: Այսինքն, մարդու հավասարության թեզը չի գործում՝ եթե ծնվել ես որպես տղամարդ՝ տեր ես, իսկ եթե որպես կին՝ հնազանդ ես:

Կարելի՞ է ճնշված կանանցով ընտանիքներում ազատ, նորմալ մարդիկ, քաղաքացիներ ձեւավորել: Գուցե եւ կարելի է, բայց դժվար: Ավելի լավ է, երբ մարդկանց մի կեսը մյուսին չի ճնշում՝ «հնազանդեցնում»:

Արդյո՞ք մեզանում կատարվում է եկեղեցում տրված խոսքը: Իհարկե, ոչ: Խոսք է, ասվում է, էլի, ավանդական մի բան է: Բայց եթե մեր քաղաքներում հասարակությունը զարգացման որոշակի աստիճանի է հասել, ապա գյուղերում՝ ոչ: Այնտեղ ոչ թե կամ ոչ միայն հնազանդ են, այլեւ հնազանդեցնում են: «Ընտանեկան բռնությամբ», այ թե ինչպես: Երջանիկ հայ ընտանիքը, ըստ հայոց հին արժեքների սիրահար պահապանների եւ եկեղեցու, պետք է լինի ավանդական՝ տղամարդը տան գլխավորն է, իսկ կինը նրա «հնազանդը»: Մյուս կողմից՝ կյանքը, աշխարհը, հեռուստատեսությունը, հենց հայ դասական գրականությունը մարդուն ըմբոստացնում են այդ «հնազանդ եմ»-ի դեմ: Այդ «տեր» եւ «հնազանդ» բաժանումը հայկական ընտանիքում կանանց կարծես պարտադրում են «ստոկհոլմյան սինդրոմի» պայմաններ:

-Աղջի, մարդդ տփո՞ւմ ա քեզ:
-Հա, տփում ա, բայց լավ ա անում:

Սքանչելի ռուսական խոսք կա ամուսնու կամ սիրեկանի մասին՝ «ծեծում է, ուրեմն՝ սիրում է»: Բայց անցել են այն երանելի ժամանակները: Եվ նույնիսկ հնում էլ այնքան էլ այդպես չի եղել: Ըստ Պուշկինի «Բելկինի վիպակների», գյուղական տղաներն ամուսնանում էին անչափահաս հասակում, իրենցից մի քանի տարի մեծ աղջիկների հետ: Եվ առաջին մի քանի տարին կանայք պարբերաբար դնգստում էին իրենց ամուսիններին, մինչեւ նրանք հասունանալով՝ ֆիզիկական գերազանցություն էին ձեռք բերում եւ մնացած կյանքում իրենք դնգստում կանանց: Մի կողմից վրեժ էին լուծում, ինքնահաստատվում, մյուս կողմից էլ՝ կանայք գիտեին, որ պատժվում են տեղին՝ առաջին մի քանի տարին նրանց ծեծելու համար: Այսինքն, նույնիսկ ճորտատիրական Ռուսաստանի ավանդույթը գոնե մի քանի տարվա շանս տալիս էր կանանց: Իսկ մեր ոչ ճորտատիրական Հայաստանինը՝ ոչ:
Հետո, ռուսը, ուրեմն, ծեծելով սիրում է: Ինչ էլ ասես, մխիթարություն է, էլի: Իսկ հայը, ինչպես կտեսնենք, չի սիրում եւ չի կարող սիրել՝ ոչ ծեծելով, ոչ առանց ծեծի:
Ինչպես ասվեց, գերյալների միայն ութ տոկոսն է, որ արդարացնում է գերողին եւ նույնացնում իրեն նրա հետ: Հարց՝ լավ, 8 տոկոսը հասկացանք, բա մնացած 92 տոկոսն ի՞նչ անեն: Պատասխան՝ ձգտել նմանվել ութ տոկոսին, դա է հայ կնոջ ավանդական երջանկությունը:

Այդ պատճառով մեզանում, ինչպես ընդհանրապես հայրիշխանական հասարակություններում, հարգի եւ հաճելի էր տղա ունենալը: Եվ հիմա էլ այդպես է: Աղջիկը երկրորդ տեսակի արարած էր եւ է: Մեզ վրա հզոր է եղել իսլամի ազդեցությունը, իսկ ըստ այդ կրոնի՝ կանայք նույնիսկ հոգի չունեն:

Մյուս կողմից, առաջ ենք գնացել-զարգացել, հասել քսանմեկերորդ դար: Երեխան երեխա է, տղա, թե աղջիկ: Բայց ի՞նչ հաճույք՝ աղջկան պահում-մեծացնում ես, որ տաս խալխին՝ հնազանդության: Լավ, Աստված իրենց՝ կանանց հետ: Թող տառապեն հնազանդ, ի՞նչ է եղել: Մի քանի հազար տարի տառապել են, թող մի քիչ էլ տառապեն: Բայց ոչ, այստեղ կարեւոր մի բայց կա: Ժամանակները փոխվում են: Ինչ հնարավոր էր առաջ, հնարավոր չէ հիմա, եւ ընդհակառակը, ինչ հնարավոր է հիմա, հնարավոր չի եղել առաջ: Գիտությունը եւ տեխնիկան առաջ են գնացել, իսկ եկեղեցին ու ադաթը դոփում են տեղում: Արվել է ցավալի մի գյուտ՝ ստեղծվել է սոնոգրաֆիան՝ մարմնի ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը: Էժան, արագ, անվնաս եւ բարձր արդյունավետ դիագնոստիկ մեթոդ: Ամեն մի մարդ, այդ թվում՝ հայ տղամարդ կամ նույնիսկ կին, կարող է էժան գնով իմանալ, թե ո՞ր սեռի է հղի կնոջ սաղմը:

Այստեղից՝ ընտրովի աբորտները: Աղջիկներին ոչնչացնում են արդեն սաղմնային վիճակում: Այդպիսի այլանդակություն հնարավոր է միայն թերզարգացած, հետամնաց, խավար հասարակություններում, որտեղ դրսից ներթափանցում է զարգացած աշխարհի արտադրանքը: Եվ հրաշալի գյուտը՝ սոնոգրաֆիան, կիրառում են չծնված աղջիկների ոչնչացման՝ սպանության համար: Դե, եթե մարդակերի ձեռքը փոշեկուլ տաս՝ նա այն կօգտագործի մերձավորի գլուխը ջարդելու համար:

Դա էլ այնքան սարսափելի չէր լինի, եթե չգտնվեինք ծայրահեղ դժվար, կիսապատերազմական վիճակում: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հիմա հաղթում է ոչ թե ռազմական ուժը, այլ դեմոգրաֆիան: Մեր հակառակորդների հզոր դեմոգրաֆիայի դեմ, մեր առանց այն էլ թույլ դեմոգրաֆիային գումարվում են այս ընտրովի աբորտները:
Սա է, ըստ իս, մեր հասարակության ամենաառաջնային խնդիրը:

Բազում հայրիշխանական համակարգեր նորմալ գոյատեւել են եւ շարունակում են գոյատեւել: Ճորտատիրական Ռուսաստանը գրավել էր աշխարհի կեսը: Ինչպե՞ս: Ճորտերին, ազնվականների ղեկավարությամբ, կռվեցրել են հակառակորդների դեմ: Այնտեղ միայն տղամարդկանցով հնարավոր է եղել հաղթանակներ կռել: Բայց մեր դեպքն առանձնահատուկ է: Մենք քիչ ենք (թեեւ մեզ հայ են ասում), եւ մեր տղաներն ավելի քիչ են: Դրանց պետք կլինի գումարել կանանց, որպես հասարակության լիարժեք անհատներ: Այդպես կրկնապատկվում են մեր ուժերը: Եվ այսպես, եթե կա հայի բախտ, ապա կա նաեւ հայուհու բախտ: Այն անհամեմատելի է հայի բախտի հետ: Այս կյանքում՝ «հնազանդ», «ստոկհոլմյան սինդրոմ», իսկ ապագայում, դեռ չծնված՝ մահ:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031