Երեկ երեկոյան Երեւանի Շահումյանի հրապարակի ավտոկայանատեղիում սովորականից ավելի աշխուժություն էր: Հավաքվել էին հայ ավտոմարզիկները, որոնք մեկնում էին ՌԴ Կիսլովոդսկ քաղաք` մասնակցելու Տրոֆի-սպրինտի` Հյուսիսային Կովկասի գավաթի խաղարկությանը, որն արդեն 5-րդ տարին է անցկացվում: Մրցարշավին մասնակցելու են ավելին քան 100 էկիպաժներ, որոնք մրցելու են 6 դասերում: Այդ 100-ից երեքը հայկական էկիպաժներ են. Wrangler` Արտաշես Ստեփանյան-Վահե Ալեքսանյան, Patrul` Էդգար Մանուկյան-Խաչատուր Ասատրյան, Mitsubishi Nativa` Անդրեյ Վերմիշյան – Վիլեն Վարդանյան:
Վերջիններս համեմատաբար նորեկներ են, սակայն դրանից ակնկալիքները չեն նվազում: Համենայն դեպս, այդպես է կարծում «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ, այս մրցումների մասնակից Արտաշես Ստեփանյանը:
«Այս մրցաշարին երեք թիմով ենք մեկնում: Wrangler-ն ու Patrul-ը կմասնակցեն բացարձակ, իսկ Mitsubishi Nativa-ն` 1-ին դասին: Դա նոր` սիրողական դաս է, որտեղ մենք բավական շատ ակնկալիքներ ունենք, քանի որ թե էկիպաժն ու թե մեքենան բավական պատրաստված են: Սա մեր երկրորդ մասնակցությունն է: Առաջին անգամ մասնակցել ենք երեք տարի առաջ: Այն ժամանակ մրցուղում երիզներից մեկը կտրեցինք, տուգանային 5 րոպե ստացանք, ինչի արդյունքում 4-րդն էինք միայն: Իսկ այս անգամ ինչպես կստացվի` ցույց կտա հենց մրցարշավը»:
Նրա խոսքով` նման մրցումների մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում ամեն ինչ պարզ է, լճացած, նոր լուծումներ չեն տրվում, իսկ նման մրցարշավները թույլ են տալիս նոր փորձ թե՝ տեսնել ու թե՝ ունենալ, տեսնել, թե փոփոխությունն ու թե արդյունքը:
Նշենք, որ մեր ավտոմարզիկները ստիպված են մինչեւ մրցավայր 24 ժամ ճանապարհ անցնել` այն մեքենաներով, որոնցով մասնակցելու են մրցարշավին: Իսկ դա լրացուցիչ բարդություն է, քանի որ, օրինակ, օֆֆ-ռոուդ մեքենաները նախատեսված չեն ասֆալտային ծածկույթով երթեւեկելուն: Իսկ թե ինչու են մերոնք ստիպված գնալ այդ քայլին` պարզ է ու հասարակ. չկա համապատասխան ֆինանսավորում, չկան լուրջ հովանավորներ, որոնք հայկական ավտոսպորտին միջազգային ասպարեզում կաջակցեն` թեկուզ պարզապես մեքենաների տեղափոխումն ապահովելով. «Այս մեքենաները «մեռնում են»` մինչ հասնում են մրցատեղի: Դա էլ քիչ է` մրցուղում այս կամ այն փոսը մտնելուց առաջ մենք հաճախ մտածում ենք`արժե՞ արդյոք, չէ՞ որ մենք այդ նույն մեքենաներով դեռ պիտի ետդարձ ճանապարհն անցնենք: Մինչդեռ, իդեալում պիտի հանգիստ «ջարդեինք-փշրեինք» մրցուղում` առանց մտահոգվելու ետդարձի մասին»,- ասում է Արտաշես Ստեփանյանը` նշելով, որ իրենք` չնայած հովանավորական լուրջ աջակցության բացակայությանը, հարուստ են: Հարուստ են ընկերներով, այն բոլոր մարդկանցով, ովքեր իրենց ներածի չափով օգնում ու աջակցում են:
Ի դեպ, հայկական 3 էկիպաժներին ճանապարհելու էին եկել թե՝ նրանց բազմաթիվ ընկերները, որոնց թվում էր նաեւ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը` ֆրանսահայ հանրահայտ ռեժիսոր Անրի Վերնոյի որդին: Նա, մեծ ավտո-մոտոսիրահար է ու ֆրանսիական «Հարլեյ» ակումբի նախագահը:
Նշենք նաեւ, որ մեր ավտոմարզիկները մրցատեղի մեկնեցին ոչ միայնակ, այլ` բավական մեծ պատվիրակությամբ` շուրջ երկու տասնյակ մարդ, ովքեր նրանց կսատարեն հոկտեմբերի 18-ին կայանալիք մրցարշավում:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2014