Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մովսիսյանը՝ դատարանում. «Ինքը ինձ չի կարա ասի…աչքիդա երևում՝ կնստեմ»

Հոկտեմբեր 17,2014 20:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած դատական գործի քննության ժամանակ՝ որպես վկա հարցաքննվում էր Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը: Նա դատարանի դահլիճում շատ ակտիվ էր իրեն պահում, երբեմն չէր ենթարկվում նաև դատավորի օրինական պահանջին, բանավեճի մեջ էր մտնում պատասխանող կողմի ներկայացուցիչների հետ: Նա այն աստիճան հունից հանեց նախագահող դատավոր Արծրուն Միրզոյանին, որ նա Մովսիսյանին ստիպված դուրս հրավիրեց: Քիչ անց նորից ներս կանչեց, սակայն Կարեն Մովսիսյանի վարքը չփոխվեց: Երբ Կարեն Մովսիսյանին հարց էին տալիս, նա պատասխանը տալուց հետո անգամ շարունակում էր խոսել այն աստիճան, որ անգամ հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը տեղից նրան հուշում էր, թե «մի խոսա», երբեմն նաև աչքով-ունքով հասկացնում էր, թե երբ խոսի երբ՝ ոչ:

Սա նկատեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը և վրդովված բարձրաձայնեց այդ մասին: Կարեն Մովսիսյանն էլ, թե սուտ են ասում ու նետեց. «Ինքը չի կարա ինձ ասի ի պաշտոնե»: Քանի որ Կարեն Մովսիսյանն իր խոսքում հայտարարեց, որ ինքն է ցուցում տվել բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, պարոն Կիվիրյանի ներկայացուցիչները ամեն գնով ցանկանում էին իմանալ, թե ինչու է նման ցուցում տվել, ինչին Կարեն Մովսիսյանը այդպես էլ ըստ փաստաբանների՝ սպառիչ պատասխան չտվեց: Զարմանալի էր նաև այն, որ Կարեն Մովսիսյանի խոսքով՝ ինքը կարող է հրահանգ տալ ոչ իր ենթակայության տակ գտնվող ոստիկանների: Այս խոսքի վրա Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Վովա Գասպարյանին է՞լ եք Դուք ցուցում տալիս»:

Ի պատասխան Կարեն Մովսիսյանը ասաց, թե «զինիզմով եք տառապում»: Պարբերաբար Կարեն Մովսիսյանը ռեպլիկի կարգով նետում էր, «դուք ինչ իրավաբաններ եք», «անգրագետ հարցեր եք տալիս»: Իսկ երբ հարցաքննությունն ավարտվեց, Կարեն Մովսիսյանը դահլիճից դուրս գալուց ասաց. «Վերջապես ազատվեցի»: Դահլիճում ներկա Արգիշտի Կիվիրյանի մերձավորներից մեկն ի պատասխան ասաց, թե «միևնույն է նստելու ես»: Կարեն Մովսիսյանն էլ ի պատասխան նետեց. «Աչքիդ ա երևում» և դուռը շրխկացնելով դուրս եկավ:

Պատասխանող կողմը միջնորդեց նոր ապացույցներ ներկայացնել, ուստի գործի քննությունը հետաձգվեց՝ հոկտեմբերի 31-ին ժամը 12.00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը Կարեն Մովսիսյանի պահվածքը դատարանում այսպես գնահատեց. «Նրա վարքագիծը դատարանում ցույց է տալիս, որ ի դեմս ոստիկանության ՀՀ-ն ունի ոչ թե իրավապահ մարմին, այլ ուրիշ մենթալիտետով և գործելաոճով առաջնորդվող կիսակրիմինալ էլեմենտներ: Կարեն Մովսիսյանն անգամ սպառնում էր դատավորին ու հեգնում մնացած մասնակիցներին, չէր ենթարկվում դատավորի օրինական պահանջներին»:

Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանությունը գործում է որպես բանդա, ոչ թե իրականացնում օրենքով նախատեսված գործողություններ: Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ «արդեն հասել են այնպիսի իրավիճակի, որ էլ չեն էլ թաքցնում այդ վարքագիծը գոնե դատարանում»:

Կարեն Մովսիսյանին Արգիշտի Կիվիրյանը համարեց «պրոֆեսիոնալ ստախոս»: Իսկ այն, որ Կարեն Մովսիսյանի պնդմամբ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան ընկերն է, պարոն Կիվիրյանն այսպես արձագանքեց. «Ոնց որ մնացած հարցերում, այդ հարցում ևս նա սուտ է խոսում: Կարեն Մովսիսյանը պրոֆեսիոնալ սուտասան է, նրա ցուցմունքից դա երևաց»:

Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք չի՞ խանգարում գործի քննությանը այն հանգամանքը, որ Կարեն Մովսիսյանը բազմաթիվ այլ գործերում էլ է ընդգրկված որպես վկա: Նա պատասխանեց. «Շատ դժվար է ոստիկանության աշխատողին սովորեցնել ցուցմունք, որը նա դատարանում պետք է անընդհատ կրկնի: Դրա համար նրանք նախընտրել են սովորեցնել մեկ ոստիկանի, մեջներից ընտրել են անձի, ով հնարավորինս կարող է իրականացնել նրանց հանձնարարությունները: Բայց հարցաքննությունից հասկացանք, որ մեր ոստիկանությունը խղճուկ վիճակում է, քանի որ իրենց նախընտրած լավագույն կադրը Մովսիսյանն է, և նա խայտառակեց ոստիկանությանը»:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ Կարեն Մովսիսյանն ընդհանրապես օրենքի չի տիրապետում, չի հասկանում, որ օրենքով նման գործողություններ կատարելու իրավունք չուներ: Ըստ Լուսինե Սահակյանի՝ Կարեն Մովսիսյանի ցուցմունքը արժանահավատ չէր և ՀՀ-ին ծանր վիճակի մեջ է դնում. «Նրա պահվածքը դատարանում ցույց է տալիս, թե ինչպես է նա իրեն պահում հավաքների ժամանակ: Նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ ինքը կատարել է խաղաղ հավաքին ապօրինի միջամտություն: Երբ այս գործերը գնան Եվրադատարան, այս ցուցմունքների հիման վրա ՀՀ-ն շատ ծանր վիճակում է հայտնվելու, քանի որ դա Կոնվենցիայի խախտում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031