Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել լրացուցիչ վկաներ` ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Գեւորգ Մարտիրոսյանն ու Վոլոդյա Կարապետյանը:
Տուժողներ Հակոբյանները, իրավահաջորդները դատարան չէին ներկայացել, նրանց ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը խոչընդոտ չտեսան՝ շարունակելու դատական նիստը:
Մինչ նրանց ցուցմունք տալն ու հարցաքննությունը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց դատարանին, որ դատական նիստերի դահլիճի դռների մոտից հեռու գտնվի վկաներից մեկը, որպեսզի «անհայտ սարքերով չլսի», թե ինչ է ասվում, քանի որ նույնաբովանդակ հարցեր են հնչեցվելու երկու վկաներին: Նա նաեւ այդ հայտարարության ժամանակ նշեց, որ դատարանում չկա վկաների համար առանձնացված սենյակ:
Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե որքանով տեղյակ է, լրատվամիջոցները ուղիղ եթերով են ցուցադրում, եւ տեխնիկական հնարավորություններն այնպիսին են, որ վկան կարող է ցանկության դեպքում լսել, հետեւաբար, իր հերթին հայտարարեց, որ նկարահանումներ դադարեցվեն:
Կարդացեք նաև
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը տեղյակ էր, որ լրատվամիջոցները նկարահանումներ են կատարում, բայց եւ հավաստիացրեց, որ վկան չի լսի նախորդին:
Ոստիկանության կապիտան Գեւորգ Մարտիրոսյանը հայտնեց, որ ավտովթարի օրը ահազանգ է ստացվել, եւ մեկնել է դեպքի վայր: Ահազանգում նաեւ իմացել է, որ կա մահվան ելք: Իրենց խնդիրն է եղել պահպանել դեպքի վայրի հետքերը, ընթերակաների ներկայությամբ երկու մեքենաները` Վարդան Պետրոսյանի եւ տուժող Արթուր Սարգսյանի մեքենաները տեղափոխվել են Եղվարդի բաժին: Նա ասաց, որ իր գործընկերոջից բացի դեպքի վայրում տեսել է երկու ընթերակաների, քննիչին:
Այսօր ներգրավված Վարդան Պետրոսյանի երկրորդ պաշտպանի` Սամվել Ջաղինյանի հարցին էլ, թե երբվանից է աշխատում ՃՈ-ում, վկան ասաց, որ 2008-ից:
Մինչ դատարան գալը, զրուց՞ել եք Կարապետյանի հետ՝ հարցրեց պաշտպանը:
Դատավորը հանեց այս հարցը, ասելով, թե այն կապ չունի դեպքի վայրի զննության արձանագրության հետ: Վկան ասաց, թե իրենք են չափագրումներն իրականացրել: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին, թե եթե ապահովել եք վթարի վայրի հետքերի պահպանությունը, ինչպես է պատահել, որ քննիչը եկել կանգնել է ավտոմեքենայի ապակիների վրա, կրկին հանվեց:
Վկան չհիշեց, թե ով է եղել ոստիկանության երրորդ աշխատակից Միշա Խուդավերդյանը, որը, ըստ շրջանառու տեղեկությունների, ինքն է կատարել չափագրումները: Ըստ այս վկայի, ոստիկանության մի աշխատակից էլ է եղել, եւ քանի որ մութ էր, նա լապտերով լուսավորել է դեպքի վայրը:
Երկրորդ ՃՈ աշխատակիցը պնդեց դարձյալ, որ երկու ընթերակա է եղել, որ իրենք են իրականացրել չափագրումները, քննիչն է եղել, մնացած այլ բաներ չհիշեց: Մասնավորապես, քննիչը բացատրել է իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչ քննչական գործողությունների են մասնակցել դեպքի վայրի զննությունից բացի:
Նա էլ համակարգում էր անցյալ տարվա հունվարից:
Պաշտպանական կողմի հարցին. «Տեսե՞լ եք, որ ոստիկանության մեքենան կանգնի հետքի վրա», վկան չհիշեց: Թե ինչ է գրվել, զննության արձանագրության մեջ, վկան ասաց, տեղյակ չէ:
Դատավորը վկային ցույց տվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, նա հաստատեց, որ դրա տակ եղած ստորագրությունն իրենն է:
Ինչ վերաբերում էր ընթերակաների երկուսի իրական լինելուն, այսօր մեկն էր եկել`Գրիշա Գասպարյանը, որին հավաստիացրել էին, թե «արի, կանգնի, նայի, հետո քեզ ոչ մեկ չի կանչի», ինքն էլ «կանգնել էր ընթերակա»:
Նա տաքսու վարորդ էր, ասաց, որ մասնակցել է դեպքի վայրի զննությանը` իր իսկ բառերով «չափուձեւին», սակայն չի կարդացել արձանագրությունը, քանի որ լավ չի տեսնում, տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
Դատական նիստի ավարտին հայցադիմումը լրացումների տեսքով կողմերին ներկայացրեց գյուղնախարարության ԾԻԳ ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը: Կողմերը այդ կքննարկեն հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ