Այս օրերին Հայաստանում է գտնվում ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որը հյուրընկալվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնին:
Հոկտեմբերի 19-ին դաշնակահարը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի հատուկ երևանյան այցի համար սովորած Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։
«Շնորհակալ եմ, որ ինձ առաջարկեցին սովորել այս կոնցերտը։ Ես ինձ համար շատ հոգեհարազատ ու հրաշալի երաժշտություն բացահայտեցի, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև ողջ աշխարհում։
Ա. Խաչատրյանը, առանց չափազանցության, հանճարեղ կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները հնչել ու հնչում են խոշորագույն երաժիշտների ու նվագախմբերի կողմից: Խաչատրյանի այդ ստեղծագործության մեջ նաև վառ արտահայտված ազգային երաժշտության տարրեր կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Ռոմանովսկին՝ հավելելով, որ առհասարակ ընտրում և կատարում է միմիայն այն ստեղծագործությունները, որոնք իրեն հոգեհարազատ են. «Մոտ ապագայում ավելի խորությամբ կուսումնասիրեմ Ա. Խաչատրյանի երաժշտությունը: Ցանկանում եմ բացահայտել նաև մյուս հայ կոմպոզիտորներին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
«Արամ Խաչատրյանի անունը մեզ օգնում է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը։ Նա մեծանուն կոմպոզիտոր է, որի անունը մեզ օգնում է նաև իրար շաղկապել անցյալի, ներկայի ու ապագայի արժեքները»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ երաժշտասեր հանրությունն արդեն հասցրել է սիրել Ա. Խաչատրյանի անվան փառատոնը, որը երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկել է սեպտեմբերից և կտևի մինչև դեկտեմբեր. «Այս ընթացքում մեծագույն երաժիշտներ են համերգներով եղել Երևանում և դեռ կլինեն մինչև դեկտեմբեր»,- ասաց Ս. Սմբատյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին կայանալիք համերգը նվիրվում է անվանի դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին:
Համերգին, Ա. Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտից բացի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչի նաև Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ