Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին

Հոկտեմբեր 17,2014 17:32

Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմազան են՝ սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից, մինչև զբաղվածության խնդիրների լուծում, սակայն ըստ «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեվոսյանի՝ առաջնային և կարևոր խնդիրը մնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումը:

Հ/կ նախագահը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու համար քիչ պակաս կարևոր չհամարեց նաև անմատչելիության խնդրի լուծումը. «Այն կնպաստի ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույն կարիքները հոգալուն, այլև հասարակությանը կպարտադրի հաշմանդամություն ունեցող անձանց դիտել որպես հասարակության լիարժեք անդամներ»:

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի (ԿԱԲԾ) ավագ իրավախորհրդատու Արսեն Մանուկյանը խոսելով զբաղվածության խնդրի մասին, հույս հայտնեց, որ «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվար ամսից, կնպաստի հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորմանը: «Պետական կառույցների համար այն սկսելու է գործել 2015 թվականի հունվարից, ըստ որի՝ 100-ից ավելի աշխատողներ ունեցող պետական կառույցների աշխատակազմի առնվազն 3%-ը պետք է կազմեն հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Իսկ մասնավոր կառույցների համար օրենքը կսկսի գործել 2016 թվականի հունվարից , համաձայն որի՝ աշխատակիցների գոնե 1%-ը պետք է կազմեն հաշմանդամություն ունեցող մարդիկ»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ օրենքի պահանջը չկատարելու դեպքում գործատուն ամեն չընդունած հաշմանդամի համար կվճարի տարեկան 300 հազար դրամ:

ՀՀ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ կարեւորելով հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես համընդհանուր ներառման գաղափարը, ֆիզիկական համապատասխան միջավայրի ստեղծումը, կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչի դերի մեծացումը, եռաստիճան գնահատման կենտրոնների ներդրումը, անթույլատրելի համարեց առաջին հայացքից եզրակացության հանգել մարդու կարողությունների մասին.«Ես ինքս հաշմանդամություն, ներառում բառերը խուսափում եմ օգտագործել: Հավատացեք, թերությունների ընդգծումը երբեմն լավ բանի չի հանգեցնում»,-ասաց Հակոբյանը:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031