«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի երեք օրինակ կուղարկվի Թուրքիայի Հանրապետության ղեկավարությանը՝ նախագահին, վարչապետին և արտգործնախարարին:
Այս մասին այսօր՝ գրքի շնորհանդեսի ժամանակ, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, որը հենց այսօր էլ մակագրեց գրքերը հասցեատերերի անուններով. «Մենք այս գիրքը կուղարկենք նրանց, որպեսզի հայելու մեջ տեսնեն իրենց «ժառանգությունը»: Գրքում տեղ գտած այս պատկերները ես պայմանականորեն անվանում եմ Օսմանյան Թուրքիայի անձնագիր»,- ասաց պարոն Դեմոյանը՝ հավելելով, որ ՀՑԹԻ-ի կողմից հաջորդիվ տպագրված և ներկայացված ցանկացած ցուցադրության կատալոգի առաջին երեք հասցեատերերն այսուհետև հայտնի են:
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը երկարատև հավաքչական աշխատանքի արդյունք է: Այն, «Ամերիա» ընկերությունների խմբի հովանավորությամբ, կազմել և հրատարակել է Հայկ Դեմոյանը. «Պատկերազարդ հավաքածուն ամփոփում է եզակի նյութեր՝ քաղված 19-20-րդ դարերի համաշխարհային մամուլից: Մեր թանգարանն ունի ներկայացված բոլոր թերթերի ու ամսագրերի բնօրինակները՝ չնչին բացառությամբ: Սա 5-6 տարվա ընթացքում աճուրդներին ուշադիր հետևած և գնված, անհատների նվիրատվությունների արդյունքում ձևավորված հավաքածու է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հ. Դեմոյանը՝ ընդգծելով, որ հատորը կազմելիս որպես սկզբունք ընդունվել է հայերի և տարբեր ժողովուրդների հանդեպ գործադրված թուրքական բռնությունների լուսաբանումը մի շարք երկրների պարբերական մամուլի առաջին էջերին՝ փորագրանկարների և լուսանկարչական նյութի տեսքով:
«Հայերիս մեջ դեռևս բավականին ամուր են պատկերացումներն այն մասին, որ Ցեղասպանության, ինչպես նաև դրան նախորդած զանգվածային կոտորածների ժամանակ աշխարհն անտարբեր է եղել մեր նկատմամբ: Ահա այս յուրօրինակ հավաքածուն գալիս է ապացուցելու հակառակը. աշխարհը հիմնականում տեղյակ է եղել հայերի նկատմամբ բռնություններին և արձագանքել է այնքանով, որքանով կարողացել է»,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
«Հայերի կոտորածները և երիտթուրքերի կողմից իրագործված հայ ժողովրդի ցեղասպանությունը մշտապես եղել են հայ և համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այս խնդրին վերաբերող՝ մամուլում տեղ գտած անդրադարձերն ու հրապարակումները պատմական բացառիկ նշանակություն ունեն: Ուշագրավ են հատկապես անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են ինչպես 1894-96 թթ. համիդյան կոտորածներին, 1909 թ. կիլիկյան նախճիրին և 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ դրանց հետևանքներին»,- գրված է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի ներածական բաժնում (հեղինակ՝ Հայկ Դեմոյան):
Կարդացեք նաև
Նա հատկապես ուշագրավ է համարում այն հրապարակումները, որոնց կցված են բացառիկ նշանակության լուսանկարներ:
«Հետաքրքիր խումբ են կազմում մամուլի այն հրապարակումները, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներկայացված է պարբերականների առաջին էջերին՝ դրանով իսկ կարևորելով այդ ողբերգության հանրային բարձրաձայնման նշանակությունը: Այդ բնույթի հրապարակումներ ամերիկյան և եվրոպական մամուլում եղել են ինչպես 19-րդ դարի վերջին, այնպես էլ 20-րդ սկզբին լույս տեսած պարբերականներում»,- ասված է շարունակության մեջ:
Պարոն Դեմոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ևս երկու աշխատանք կներկայացնի. «ՀՑԹԻ-ն մոտակա երկու ամիսների ընթացքում ինտենսիվ գրահրատարակչական աշխատանք է ձեռնարկում, դրան զուգահեռ՝ աշխատանքներ են տարվում նաև ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ: Նախատեսում ենք եկող տարի մոտ երկու տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպել տարբեր երկրներում՝ բազմալեզու կատալոգների ուղեկցությամբ»,- ասաց ՀՑԹԻ-ի տնօրենը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ