ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք պատրաստ են լսել սուր քննադատություն եւ չեն խուսափելու տհաճ հարցերից: Նա տեղեկացրեց, որ ՊՆ-ն վերջին 3 տարիներին ծրագրային բյուջետավորման համակարգին անցնելու փորձ է կատարել, որը ռեսուրսների կառավարման շնորհիվ իր դրական ազդեցությունը կթողնի. «ՀՀ ՊՆ-ի ծախսերը մեծ տեսակարար կշիռ ունեն պետբյուջեի ծախսերի մասով, իսկ սա նշանակում է պատասխանատվության ավելացում եւ թափանցիկության ավելացում, ոչ արդյունավետ կառավարմանը նպաստող պայմանների վերացում, ԶՈՒ համակարգի բարելավում՝ առկա միջոցների համապատասխան: ՊՆ-ի ծրագրային բյուջետավորման համակարգը դեռեւս գտնվում է նախնական փուլում»:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ «ՎՊ-ի համար պետբյուջեի ծախսային մասին վերահսկողությունը կախված է մի քանի հանգամանքներից՝ թե ինչքանով են բաց ծախսային մասի այն հոդվածները, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին: Շատ կարեւոր է բյուջետային համակարգի ծրագրային տեսակին անցնելը: Բնական է, որ որոշ հոդվածներ պետք է պահեն խիստ գաղտնիություն: Բայց ինչքան թափանցիկ եւ հասարակությանը մատչելի լինեն ծախսային ծրագրերը, այնքան ավելի լավ:
Նա անդրադարձավ գնումների ոլորտին. «Անցյալ տարի գնումների ոլորտում մենք ուսումնասիրություն արեցինք, այդ ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք հաճախ խոսում ենք գնումների գործընթացի ոչ ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման մասին, բայց այս նախարարության դեպքում մենք խոսում ենք 83 տոկոս պայմանագրերի ոչ ռիսկային լինելու մասին, բավականին հուսադրող է իրավիճակը: Սա չափազանց լավ ցուցանիշ է ընդհանրապես որեւէ նախարարության համար»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ գնումների համակարգը, որն այսօր գոյություն ունի, անկասկած, կատարելագործման տեղ ունի. «Հաշվի առնելով այն, որ ՊՆ-ի ոլորտում քանի որ գնումները նպատակային են, պետք է հնարավորություն տրվի, որ ընտրել կազմակերպություններ, որոնք կհամապատասխանեն այն որակներին, որոնք պետք է: Լինում են միջնորդավորված գնումներ: Դեպք է լինում, որ 500 կազմակերպություն է մասնակցում գնումների մրցույթներին: Այն կազմակերպությունները, որոնք անպարտաճանաչ են նախկինում ճանաչվել, մի քանի օրվա ընթացքում ստեղծում են նոր կազմակերպություն՝ մասնակցելու մրցումներին, ու ՊՆ-ի համար պրոբլեմներ ստեղծում: Խնդիր է եղել նաեւ գնագոյացման համար, որը ՊՆ-ն հնարավորություն չունի ուսումնասիրել՝ հարկային դաշտի հետ է կապված: Սա բավականին լուրջ ազդեցություն է ունենում գների ուռճացման վրա: Մենք հնարավորություն չունենք ազատելու կամ դուրս հանելու այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են, բայց արտադրող չեն, միջնորդավորված են գալիս ու խնդիրներ են առաջացնում»,- իրենց խնդիրներից պատմեց նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ «եթե հաշվի առնենք սպառազինության այն կատաղի մրցավազը, որն, ըստ էության, պարտադրված է մեզ մեր ոխերիմ թշնամու կողմից, ցանկացած մեկ լումայի արդյունավետությունը բացառիկ կարեւորություն է ստանում այս ոլորտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ