Այսօր ՀՀ վարչական դատարանում շարունակվում է (նախագահող դատավոր՝ Արծրուն Միրզոյան) «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստը: Նա մեղադրվում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գործը վերաբերում է 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացված բողոքի ակցիային, երբ Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել:
Որպես վկա՝ հարցաքննվում է Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը: Դատավորի հարցին՝ դուք ճանաչո՞ւմ եք Արգիշտի Կիվիրյանին, Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Արգիշտի Կիվիրյանին ճանաչում եմ Երևանում տարատեսակ հավաքներում մասնակցությունից, նա իմ ֆեյսբուքյան ընկերն է»:
Դահլիճից Արգիշտի Կիվիրյանը հակադարձեց, թե «կեղծ ցուցմունք է տալիս, նա իմ ֆեյսբուքյան ընկերը չէ»: Կարեն Մովսիսյանն էլ, թե՝ գուցե «պադպիսչիկ ա»:
Այնուհետև Կարեն Մովսիսյանը պատմեց, թե Արգիշտի Կիվիրյանը, կանգնելով գծանշումների վրա, խոչընդոտում էր երթևեկությանը: Բայց ըստ Կարեն Մովսիսյանի՝ «չարամտորեն» դուրս չի եկել: Դատավորը հորդորեց որակումներ չտալ, Կարեն Մովսիսյանն էլ, թե իրեն Արգիշտի Կիվիրյանն ասել է. «Կարեն, դու վաբշե հեռու գնա. ես սա դիտում եմ որպես չարամտորեն»:
Երբ Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչը հարցրեց, թե ո՞ւմ են պահանջ ներկայացրել այդ օրը քաղաքացիները, Կարեն Մովսիսյանը պատասխանը զավեշտի վերածեց. «Աստծուն էին պահանջ ներկայացնում, Աստված, փրկիր մեզ»:
Կարդացեք նաև
Պատասխանող կողմի ոչ մի հարցին Կարեն Մովսիսյանը հստակ պատասխան չէր տալիս: Այս վիճակն այնքան սրվեց, որ Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչը չկարողացավ զսպել իրեն. «Տպավորություն է, թե վկան եկել է այստեղ՝ քոմեդի քլաբ»:
Արգիշտի Կիվիրյանը Կարեն Մովսիսյանից հետաքրքրվեց, 2014-ին քանի՞ գործով է վկա եղել, պարոն Մովսիսյանի պատասխանը կրկին զավեշտի վերածվեց. «Բազմաթիվ գործերով, ավելի կոնկրետ՝ 62 և ավելի»:
Կարեն Մովսիսյանին Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը խնդրեց մեջբերել այն պահանջը, որը ներկայացվել է Կիվիրյանին: Նա երկար, բարդ ստորադասական նախադասություններ ասաց, ինչը առաջացրեց դատավորի զարմանքը, թե այդքան բան հարցրե՞լ եք ասել այդ խառնաշփոթին:
Ողջ դատական նիստի ընթացքում Կարեն Մովսիսյանը լղոզված պատասխաններ էր տալիս, ինչը առաջացրեց նաև դատավորի դժգոհությունը, նա ասաց. «Հստակ պատասխաններ տվեք, խնդրում եմ»:
Նիստի ընթացքում կրքերը թեժացան, մինչև անգամ Կարեն Մովսիսյանի պատասխաններից սկսեց հասկացվել, թե իբր Արգիշտի Կիվիրյանը հավաքի մասնակից չի եղել: Արգիշտի Կիվիրյանը վրդովվեց. «Ուզում ենք հասկանալ ձեր կոմեդիան ինչի՞ հետ է կապված»: Կարեն Մովսիսյանը ձայնը բարձրացրեց. «Վկային չեն կանչում դատարան ու սկսում վիրավորական տոնով նրա հետ խոսել»: Դատավորը բարկացավ ու դուրս հրավիրեց Կարեն Մովսիսյանին դատական նիստերի դահլիճից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ