Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ներկայացել էր երկրորդ փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Ջաղինյանը, որը ստանձնեց Վարդան Պետրոսյանի պաշտպանությունը: Դատարանը լսեց ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Վոլոդյա Կարապետյանի, Գեւորգ Մարտիրոսյանի ցուցմունքները, ապա հարցաքննեց նրանց:
Դատարան էր ներկայացել նաեւ այս գործով ընթերակա ճանաչված տաքսու վարորդ Գրիշա Գասպարյանը: Երբ պաշտպանական կողմը փորձեց ընթերակայից ճշտել, թե նա նախկինում դատված է եւ ի՞նչ հոդվածով է դատվել, դատավոր Վաղինակ Մկրտչյանը հարցը հանեց, սակայն ընթերական ասաց. «Է, 80 թվին եմ դատվել: Մեռել է համ քննիչը, համ դատավորը, Աբրահամյան Սուրիկն էլ գործի չի»:
Նա հայտնեց, որ քրեականի աշխատակից Երջո Խաչատրյանին է ճանաչել: Երբ Երեւանից դեպքի օրը եկել է Եղվարդ, Ե. Խաչատրյանը նրան ասել է՝ «էս գործով ընթերակա է պետք: Կանգնեցի, մասնակցեցի չափուձեւին»: Սամվել Ջաղինյանի հարցին, թե որքա՞ն է մնացել «չափուձեւի», վկան ասաց՝ 15-20 րոպե, որից հետո գնացել է տուն:
Սամվել Ջաղինյանը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի՝ դեպքի վայրի զննությունը տեւել է 1 ժամ 9 րոպե, ինչից էլ սկսվեցին կողմերի փոխադարձ հայտարարությունները: Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ պաշտպանական կողմն օգտվում է վկաների՝ քրեական դատավարությանը չտիրապետելու հանգամանքից, իսկ ավտովթարի գործով տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ իր հերթին նկատեց, որ կողմը ծաղրում է վկաներին: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի՝ իրենք փորձում են ճշտել, թե քանի քննչական գործողության է մասնակցել ընթերական, արդյոք նա կամ որեւէ մեկը կարդացե՞լ է դեպքի վայրի զննության արձանագրությունը եւ արդյոք այս ընթերական այս գործողություններից հետո չի՞ հայտնվել ոստիկանության բաժնում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ առաջիկայում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ