Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում 300 հազար երեխա առանց հայր է մեծանում

Հոկտեմբեր 17,2014 15:49

«Մեզ մոտ ամենալուրջ խնդիրը աշխատատեղերն են, աշխատավարձերի, նպաստների բարձրացման հարցերը, բժշկական օգնությունը եւ երեխաների ուսման հարցը: Այս խնդիրների կարգավորման արդյունքում միայն Հայաստանում բարեկեցիկ կյանք կունենանք»,- այսօր` աղքատության վերացման միջազգային օրվա առիթով «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, որը աղքատությունը չի համարում տնտեսական կատեգորիա այլ` սոցիալական, այսինքն` ինչպես է տվյալ երկիրը տիրապետում իր երկրի հարստությանը` կարողանո՞ւմ է ավելի արդար բաշխել եւ օգնել կարիքավորներին, աշխատատեղեր ստեղծել, բժշկությունը եւ կրթությունը դարձնել մատչելի:

«Գերմանիայի նման երկիրը, որը ոչ մի հումք չունի` եկամտային առումով մտնում է զարգացած երկրների տասնյակի մեջ` հասկանում է, որ ամենաեկամտաբեր ոլորտը` գիտությունն է, գիտելիքը եւ օրենք է հանել` բարձրագույն կրթությունը դարձրել է անվճար»,-ասաց բանախոսը, որը Հայաստանի «փրկությունը» համարում է դրսից եկող տրանսֆերտները, որը տարեկան կտրվածքով կազմում է 4.5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդը դրսի հայրենակիցներն են իրենց բարեկամներին ուղարկում:

Հայաստանում ապրող ընտանիքների 17 %-ը, ըստ Ա. Ադիբեկյանի` ապրում է դրսից ուղարկված փողերով. «300 հազար երեխա առանց հայր է մեծանում, որովհետեւ հայրը ինչ որ մի տեղ փող է աշխատում, որը մեծ հետեւանքներ կունենա հետագայում»:

Պարոն Ադիբեկյանը ներկայացրեց աղքատության գնահատման համակարգը, ըստ որի`իրական աղքատությունը գնահատվում է` շատ աղքատ, որտեղ մարդկանց միջոցները չի բավականացնում, նույնիսկ հիմնական կարիքների համար. «Աղքատ, որը սնունդը հազիվ հայթայթում եւ հագուստ են գնում հազվադեպ, համեստ՝ սնունդը բավարար է, երբեմն հագուստ են գնում, խնայողություն չունեն, ունեւոր` սնունդն ու հագուստը բավարար է, ունեն որոշ խնայողություններ եւ հարուստները նրանք են, որոնք ունեն խնայողություններ եւ ոչ մի բանում իրենց չեն սահմանափակում»,-ասաց սոցիոլոգը:

Աղքատության շեմը, ՄԱԿ-ի տվյալներով, պարոն Ադիբեկյանը ներկայացրեց` մեկ անձին ամսական 2 դոլար, իսկ ընչազուրկներին` 1 դոլար, որոնք չեն կարողանում լուծել անգամ սննդի հարցը:

«Մեր երկրի ընչազուրկների 10 %-ից 3.3-ն են միայն իրենց համարում ընչազուրկ: Աղքատների 32 %-ից` 15.5-ն է իրեն համարում աղքատ: Աղքատների, նաեւ ընչազուրկների տոկոսային հարաբերակցությունը միասին վերցրած, 42 տոկոսից իրեն աղքատ է համարում 19.4%-ը, մնացածը հոգեբանական պաշտպանվածության ֆունկցիա են կրում եւ չեն ուզում իրենց համարել աղքատ, նույնիսկ, եթե վատ ես ապրում, մտածում ես դե լավ, դիմանանք լավ կլինի»,-ասաց պարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա Հայաստանի ունեւորները կազմում են 13 %-ը. «Բայց իրենց այդպիսին են համարում 2.2 տոկոսը, քանի որ մեր երկրում հարուստ- ունեւոր լինելը , ըստ բանախոսի` պատվաբեր չէ: Բոլորը լաց են լինում, որ «յոլա» են գնում` ծայրը ծայրին են հասցնում եւ հարուստ լինելու ձգտումը մնում է ստվերի մեջ, եթե լավ է ապրում աշխատում է դրա մասին չխոսել , որովհետեւ բարեկամները միանգամից կգան պարտքով փող կուզեն, հարեւանները հաճախ հյուր կգան եւ այլն: Դրա համար էլ Հայաստանում օբյեկտիվորեն 40 տոկոս համեստ ապրողներին ավելանում է իրենց «համեստ» ապրող համարող մարդկանց քանակը, որն էլ կազմում է բնակչության 78 տոկոսը»:

Պարոն Ադիբեկյանը նշեց, որ որքան համեստ են մարդկանց պահանջները, եւ որքան միջինի չափ են նրանց եկամուտները, այնքան մարդիկ իրենց երջանիկ են զգում. «Եթե կղզում չկա տրանսպորտ ունենալու կարիք, մարդիկ կարող են ապրել առանց կահույքի, ինտերնետի եւ առանց բարձրագույն կրթության, գտնվելով հանգստի գոտում` հանգստի կարիք չունեն` այդպիսի մարդկանց կարիքները բավական փոքր են»:

Երջանիկ երկրների շարքում Հայաստանը, ըստ բանախոսի, 53-րդ տեղում է, ԱՄՆ` 105-ում է, Ռուսաստանը՝ 122, իսկ Ադրբեջանը` 80-րդ:

Պարոն Ադիբեկյանը Հայաստանը «փոսից» դուրս գալու համար, նշեց, որ հարկավոր է 150 միլիարդ դոլար, իսկ անկախությունից հետո Հայաստան է մուտք գործել 16 միլիարդ, իսկ թե որքանով է այդ 16 միլիարդը ծառայել նպատակին` պարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ գումարի շնորհիվ են մնացել կրթական օջախները, բանակը, բուժհաստատությունները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031