Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանակային մարզիկները տարեցտարի բարելավում են արդյունքները միջազգային մրցումներում

Հոկտեմբեր 17,2014 15:37

Օրերս ԱՄՆ-ում անցկացված ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի առաջնությունում Հայաստանի բանակային մարզիկները նվաճել էին 2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ եւ մեդալների հաշվարկով 25 երկրների մեջ զբաղեցրել 3-րդ տեղը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԶՈւ ֆիզիկական պատրաստվածության եւ սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանը եւ բաժնի մարզական աշխատանքների եւ սպորտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը խոսեցին Հայաստանի զինված ուժերում տարվող աշխատանքների եւ դրա արդյունքում` միջազգային մրցումներում եւ աշխարհի առաջնություններում մեր բանակային մարզիկների ու թիմերի տարեցտարի աճող արդյունքների մասին:

Գնդապետ Արամ Գրիգորյանը նշեց, որ աշխարհի առաջնությունն անցկացվում էր Միջազգային ռազմական սպորտի խորհրդի շրջանակներում: «Այդ խորհուրդը ՄՕԿ-ից հետո երկրորդ մարզական խոշոր կազմակերպությունն է աշխարհում եւ ընդգրկում է 132 երկրներ: Մենք երրորդ անգամ էինք մասնակցում նման մակարդակի մրցումների եւ սա դեռ սկիզբն է: Արդյունքներից, բնականաբար, գոհ ենք: Նույն օրերին Հարավային Կորեայում ընթանում էր սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ ԲԿՄԱ-ն ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը եւ Սեյրան Սահակյանը, համապատասխանաբար, ոսկի եւ արծաթ նվաճեցին:

Հայաստանի զինված ուժերի թիմերն ու մարզիկները հանդես են եկել նաեւ ԱՊՀ ԶՈւ սպարտակիադայում, առանձին մարզաձեւերի առաջնություններում, նվաճել անհատական մեդալներ, դարձել թիմային հաղթող ու մրցանակակիր: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ տարեցտարի մեր մարզական արդյունքներն աճում են թե որակական, թե քանակական առումով: Եթե առաջ բրոնզե մեդալը ուրախացնում էր, հիմա արդեն ոսկին է մեզ համար չափանիշ դառնում», – ասաց գնդապետ Արամ Գրիգորյանը:

Փոխգնդապետ Նարեկ Չալիկյանն էլ, որ պատվիրակության կազմում եղել է ԱՄՆ-ում, ընդգծեց, որ մեր ըմբիշները մեդալները նվաճեցին արժանիորեն, արդար պայքարում: «Ի տարբերություն նախորդ` աշխարհի 28-րդ առաջնության, որ անցկացվել էր Թեհրանում, մրցավարությունը անկողմնակալ էր, հաղթում էր արժանավորը: Մենք ազատ ոճում էլ ոսկի նվաճելու շանս ունեինք: Նարեկ Սանոյանի մասին է խոսքը, որին վիճակահանությամբ նախնական գոտեմարտերում շատ ուժեղ մրցակիցներ, ծանր գոտեմարտեր էին բաժին հասել: Այն մարզիկին, որին նա եզրափակչում պարտվեց, ավելի վաղ մեկ անգամ արդեն հաղթել էր: Բայց ինչ արած: Սա սպորտ է եւ սպորտում ամեն բան էլ լինում է», – ասաց փոխգնդապետը:

Որպեսզի պատկերացում կազմվի, թե որքան մեծ ու լուրջ մարզական կազմակերպություն է Միջազգային ռազմական սպորտի խորհուրդը եւ ինչ մակարդակի մարզիկներ են մասնակցում դրա մրցումներին, Նարեկ Չալիկյանը տեղեկացրեց, որ եթե ցանկանում են որեւէ երկրում մարզական խոշորագույն համալիր մրցում, ասենք, օլիմպիական խաղեր կամ աշխարհի առաջնություն կազմակերպել, դրանից առաջ այդ երկրին վստահում են Միջազգային ռազմական սպորտի խորհրդի մրցումները: Եվ եթե տվյալ երկիրը պատվով է դուրս գալիս, դրանից հետո այդ երկրի շանսերը զգալիորեն մեծանում են: «Այդպես է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Բրազիլիայում, օլիմպիական խաղերը` Լոնդոնում անցկացնելու որոշումները կայացնելուց առաջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031