Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը իրազեկման ավտոերթ կանցկացնի

Հոկտեմբեր 17,2014 15:15

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ռեժիմին հեռացնելու մեր ծրագրի մասին իրազեկելու, ժողովրդին հույս ու հավատ ներշնչելու, քաղաքական գործակալների խարդավանքներից ու մոլորություններից զերծ պահելու ու նրանց ազգային շահերի դաշտ բերելու և ազգային նպատակների ծառայող շարժման մեջ դնելու համար մենք կազմակերպում ենք իրազեկման գործընթացներ, որոնցից է նաև ավտոերթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նախախորհրդարանի մամուլի խոսնակ և Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը:

Հոկտեմբերի 19-ին կայանալիք երթը ձգվելու է հանրապետության ամբողջ տարածքում: Առաջին ավտոերթի երթուղին է՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երևան՝ շուրջ հիսուն բնակավայր՝ մեկ մետր ձգվող մեքենաների շարասյունով: Մեկնարկը կտրվի առավոտյան 9-ին՝ «Նաիրիտ-2» գործարանի տարածքից:
Վարուժան Ավետիսյանը խոսեց այն աղետներից ու խնդիրներից, որոնք կան Հայաստանում.

«Համակարգային աղետներից մեկն էլ անասելի չափերի հասնող արտագաղթն է, որը աղաղակող անարդարության, կամ, ինչպես մենք ենք ասում՝ արդարության ճգնաժամի պայմաններում տեղի ունեցող գործընթացն է, որի հետևանքով երկիրը արյունաքամ է լինում, և եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ հետո մենք չենք ունենա մարդկային այն ռեսուրսը, որը հնարավորություն է տալիս ապահովելու պետության գոյությունը:

Սակայն, ցավոք սրտի, քաղաքական գործակալների այս թիմը ավարտված չի համարում իր առաքելությունն ու մի մասով կազմելով ռեժիմը, մյուսով՝ կեղծ ընդդիմությունը, որի մի հատվածն իրեն տվել է ծիծաղելի՝ «ոչ իշխանական ընդդիմություն» անվանումը, փորձում է արմատական փոփոխությունների կարոտ մեր ժողովրդին խաբել ու մոլորեցնել հեղափոխության կոչերով, լոզունգներով և խոստումներով: Եվ այս ամենի ազդեցությամբ մենք մեծամասամբ շարունակում ենք մնալ թմբիրի և մոլորության մեջ ու չենք կարողանում ազգովի գիտակցել մեր նպատակները, շահերը ու ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը:

Հենց այս խնդիրը լուծելու նպատակով է ժամանակին ծնվել «Սարդարապատ» շարժումը: Հետագայում առաջացավ ավելի լայն հարթակը՝ Նախախորհրդարանը: Իսկ հիմա արդեն մենք նպատակ ենք դրել ստեղծելու մեր ժողովրդի կամքը ներկայացնող մի ներկայացուցչական հիմնադիր խորհրդարան, որը պիտի ռեժիմի հեռանալուց հետո ստանձնի պետական կառավարումը: Այս գործընթացը ավարտին հասցնելու համար մենք բնականաբար կարիք ունենք իրազեկելու միջոցով մոբիլիզացնելու մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Նախախորհրդարանի մամուլի խոսնակը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031