«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով մեղադրյալ Տիգրան Պետրոսյանը իրենց գործով դատաքննությունը համարեց պատմության մեջ երբեւէ արձանագրված ամենածիծաղելի դատաքննությունը:
«Ծիծաղելի է, որ արժանապատիվ մարդկանց խուլիգան են անվանում, ու ծիծաղելի կլինի, որ դատարանը համաձայնի այդ տեսակետի հետ: Դա պատմության մեջ կմնա որպես ամենածիծաղելի դատաքննություն»,- այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց Տիգրան Պետրոսյանը:
Մեղադրյալ Սեւակ Մնացականյանն էլ կիսվեց իրենց գործով դատաքննության տպավորություններով, ասաց՝ թատրոններ շատ է հաճախել, ու վերջին տասը ամսում դատաքննությունն իրեն հիշեցրեց իր այցելած թատրոնները:
«Արդարադատությունը ավելի շատ դրամա է, իսկ արդարադատություն իրականացնողները՝ տիկնիկներ»:
Հետո անդրադառնալով դատախազ Գեւորգ Գեւորգյանի պնդմանը, թե ապացուցվել է իրենց խուլիգանությունը, հարցրեց՝ ոնց է ապացուցվել. «Երկու րոպեում որոշում կայացնող նախագահ Սերժ Սարգսյանը ինչ հիմնավորում ունի մեզ հանցագործ անվանելով: Փաստորեն հերոսին մի վայրկյանում խուլիգան դարձրեց»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ավելի հեշտ է մի ցատկով լուսին հասնել, քան թե Հայաստանում արդարադատություն գտնել.« Թող իշխանությունները իմանան, որ մենք իրենց կեղծ խաղերը տեսնում ենք ու չենք կարող երկար առաջ գնալ»:
Հետո դժգոհեց, որ շատերը իրենց պայքարին միացան սոսկ խոսքով.«Մեր երկրում մեր դատավարության ընթացքում բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում էին, թե պայքարում են, ժամանակը ցույց տվեց, որ նրանց մեծ մասը խոհանոցում բամբասող կանանց պես են: Մարդիկ էդպես էլ չհասկացան, որ դատարանում ոչ թե մեզ են դատում, այլ Հայաստանի քաղաքացուն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ