«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր դատական նիստի ժամանակ միջնորդեց վերսկսել դատաքննությունը, ասաց, որ ունեն եւս մի տեսաերիզ, որն ապացուցում է իրենց պաշտպանյալների անմեղությունը. «Ուզում ենք դատարանին ներկայացնել տեսաերիզի զննությունը, որով ապացուցվում են հանգամանքներ, որ մեր պաշտպանյալները անմեղ են, և որ նրանց իրավունքները խախտվել են: Բացի այդ, մեզ մոտ կան 10.000 քաղաքացիների ստորագրություններ, որով պահանջում են՝ դադարեցնել Շանթի եւ ընկերների հանդեպ հետապնդումը, պահանջում ազատ արձակել նրանց»,- ասաց պաշտպանը:
Նա նաեւ միջնորդություն ներկայացրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հարցաքննության հրավիրելու մասին: Նա հիշեցրեց, որ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանը իրենց պաշտպանյալներին անվանեց հանցագործներ.«Միգուցե նա փաստեր ունի եւ դատարանում հարցաքննվելիս նա հնարավորություն կունենա հիմնավորել իր այդ հայտարարությունը»:
Այս միջնորդությանը միացան մյուս փաստաբանները եւ մեղադրյալները:
Դատախազ Գևորգ Գևորգյանը առարկեց միջնորդությունը ՝ պնդելով, որ արդեն կատարվել է զննություն և ուսումնասիրվել են բոլոր փաստերը. «Կարծում եմ՝ պաշտպանական կողմը բավականին ժամանակ ուներ ապացույցներ ներկայացնելու համար: Սա ընդամենը կձգձգի դատավարությունը»: Դատավոր Մնացական Մնացականյանն էլ մերժեց միջնորդությունը՝պնդելով, որ չի մեկնաբանվում, թե ինչ տեսաերիզներ են ներկայացվելու, որոնք հիմք կստեղծեն սկսել դատական գործընթացը:
Ինեսա Պետրոսյանն էլ բացատրեց, որ տեսաերիզում երևում է Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Շանթ Հարությունյանի ու ընկերների հանցագործներ լինելու մասին: Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը, իսկ մեղադրյալ Վարդան Վարդանյանը ռեպլիկ արեց. «Ինչի նախագահի ասածը ասնավանի չի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ