Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Այ ձեր խիղճը կտրվի, բա մարդու կյանքը ոչ մի քոռ կոպեկ չե՞ք գնահատում, դուք անսիրտ եւ անհոգի եք»

Հոկտեմբեր 17,2014 13:55

«Մենք ռեալիստ ենք, չկա անձ, ով չուզենա փոխհատուցում տա բռնության ենթարկվածներին, բայց սա բարի ցանկությունների դաշտ չի»,- այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագծի մասին:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Սա նաեւ փոխհատուցում է լինելու ոչ միայն այն սեւազգեստ մայրերին, որոնք ամեն օր կառավարության շենքի մոտ կանգնում են, այլ այն զինվորներին, որոնք զոհվել են: Որպես ԱԺ ներկայացուցիչներ, պարտադիր պետք է անդրադարձ կատարենք այս հարցին: Սա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի այդ գործերի վերաբերյալ լինի լուրջ մոտեցում, որ վարույթ իրականացնող մարմինը լուրջ մոտենա եւ բացահայտի այն սպանությունները, որոնք կատարվել են բանակում: Մենք ունենք բարոյական պատասխանատվություն նրանց առաջ, ում երեխաները զոհվել են բանակում: Մենք ոչ մի փոխհատուցում մինչ օրս չենք տրամադրել: Սա շատ բարոյական հարց է: Եկել է պահը, որ գոնե այսօր այս հարցին անդրադառնանք»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Մենք այսօր քվեարկում ենք, որ նախագիծը մտնի օրակարգ: Դեմ քվեարկելը նշանակում է արգելափակել օրենքի նախագիծը: Եթե առարկություններ կան, կարող են քննարկվել եւ լուծվել լիագումար նիստում, բայց դուք այստեղ ասում եք՝ գաղափարը լավն է: Ինձ համար ընդունելի չէ լավ գաղափարը մերժել՝ զուտ ֆինանսավորման պատճառով: Ֆինանսներ լավ բանի համար միշտ կգտնվեն»:

Գագիկ Ջհանգիրյանն իր եզրափակիչ խոսքում օրինակներ բերեց, թե ինչքան անարդարացի են վարվել իշխանությունները. «Մարտի 1-ի համար «Երեւան» հիմնադրամին 73 մլրդ վճարել եք, այ ձեր խիղճը կտրվի, բա մարդու կյանքը ոչ մի քոռ կոպեկ չե՞ք գնահատում: Դուք անսիրտ եւ անհոգի եք մոտենում: Մարտի 1 -ը բացահայտելու կամք չկա, քաղաքական արգելք՝ վետո է դրած դրանց բացահայտման վրա: ՀՔԾ պետը կպատժվեր, նախկին զինդատախազը կպատժվեր, եթե կամք լիներ: Կանխատեսելով ձեր քվեարկությունը, ես մեկ տարի ժամկետով հետաձգում եմ նախագծի քննարկումը»:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ իրենք էլ ցանկանում էին առաջարկել, որպեսզի հետաձգեին նախագիծը օրակարգ մտցնել՝ ֆինանսական ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031