Այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ հնարավո՞ր է Դուք դառնաք փոխվարչապետ, որովհետեւ Ձեր անունը եւս շրջանառվում է՝ պատասխանեց. «Եթե հիշեք, ես երբեւէ որեւէ հարցում կանխագուշակումներ չեմ անում»:
Հարցին՝ իսկ ցանկություն ունե՞ք՝ նա պատասխանեց. «Ցանկությունների վերաբերյալ ասեմ, գործադիր իշխանությունն այլ ոլորտ է, ի տարբերություն ԱԺ-ի եւ օրենսդիր իշխանության, որտեղ դու պարտավոր ես կատարել այն, ինչ անհրաժեշտ է կատարել այդ պահին թիմին: Գործադիր իշխանությունը պահանջում է կատարել կարգապահական առումով ավելի պատասխանատու աշխատանք: ԱԺ-ում դու ավելի ազատ ես»:
Հարցին՝ ունե՞ք նախընտրած թեկնածու՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ անգամ եթե ունենար էլ, չէր բարձրաձայնի:
Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Արմեն Գեւորգյանի հանկարծակի հրաժարականը, մամուլում տարածված է, որ նա, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի կադրն է եւ Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որ ինքը հեռանա այս կառավարությունից՝ նա պատասխանեց. «Ես կոռեկտ չէի համարի մեկնաբանել Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը: Այդ հարցին լավագույնս կպատասխանի Արմեն Գեւորգյանը»:
Թե ի՞նչ սեկտորում է նա աշխատելու, արտերկրո՞ւմ է աշխատելու, գնալու է Տիգրան Սարգսյանի մո՞տ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Արմեն Գեւորգյանի հետ կապված բոլոր հարցերը խնդրում եմ ուղղել իրեն: Ես կարող եմ խոսել իր արժանիքների մասին, երկար տարիներ միասին աշխատել ենք, բարձր եմ գնահատում իրեն թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ամեն դեպքում Արմեն Գեւորգյանին Քոչարյանի կադր համարո՞ւմ եք՝ Դավիթ Հարությունյանը ճշտեց՝ ի՞նչ է նշանակում Քոչարյանի կադր: Դիտարկմանը, որ Քոչարյանի քաղաքականությունը կրող՝ նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այս պահին քաղաքական դաշտում առկա չէ: Եվ ասել քաղաքականությունը կրող տերմինաբանությունը ուղղակի ճիշտ չէ: Այն, որ եւ Արմեն Գեւորգյանը, եւ Հովիկ Աբրահամյանը, եւ ես աշխատել ենք, երբ նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ իհարկե, մենք աշխատել ենք եւ աշխատել ենք մեկ թիմով»:
Հարցին՝ ուրեմն Դուք է՞լ եք Ռոբերտ Քոչարյանի կադրը՝ նա պատասխանեց. «Կադր ասելով ի՞նչ եք հասկանում: Ես ԱԺ պատգամավոր ընտրվել եմ 95-ին, երբ պարոն Քոչարյանը դեռեւս Հայաստանում չէր»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չեն քննարկել նոր փոխվարչապետի հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ