Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատության առումով ՀՀ-ն վարկանիշի անկում է գրանցել

Հոկտեմբեր 17,2014 13:03

Հայաստանի ընդհանուր վարկանիշը 2014-ի առաջին հնգամսյակի կտրվածքով՝ «5» է, այն զիջում է Վրաստանին՝ «7» և Մոլդովային՝ «6»,-այս իրավիճակն է արտացոլված «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» հերթական ուսումնասիրության մեջ: Այն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում «Արեւելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» նախագծի շրջանակներում։ Նախագիծն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։ ՀՀ-ում այն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, գնահատելով ստացված արդյունքներն, ասաց. «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հերթական փուլը թևակոխած երկրներն ունեն առաջընթաց: Այն երկրները, որոնք կամ չէին էլ պատրաստվում ստորագրել ասոցացման համաձայնագիր, կամ փոխել են իրենց ուղղվածությունը՝ արտաքին քաղաքական վեկտորը, այնտեղ լավագույն դեպքում վիճակը կայուն է, վատագույն դեպքում՝ գրանցվել է հետընթաց»:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է չորս բաղադրիչներով քաղաքականություն, գործնական կիրառում, հեռարձակվող ԶԼՄ-ներ, ինտերնետ և նոր մեդիա: ՀՀ-ն ամենացածր վարկանիշն է գրանցել հեռուստատեսություն և ռադիո բաղադրիչում՝ «3» միավոր, գործնական կիրառման առումով վարկանիշը «3-4»ն է, համեմատաբար բարվոք է իրավիճակը քաղաքականության բաղադրիչում և ինտերնետում ու նոր մեդիայում «6»-ական միավոր:

Հայաստան-Ուկրաինա իրավիճակը համեմատելով՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Եթե չորս եռամսյակների ընթացքում ՀՀ-ն գրավում էր երրորդ տեղը, հինգերորդ եռամսյակում՝ Ուկրաինան առաջ անցավ Հայաստանից: Այն փորձագետները, որոնք ներառված էի ուսումնասիրությունում Ուկրաինայում հիմնականում մայդանականներ էին, որոնք կողմ էին քաղաքական փոփոխություններին և այդ մարդկանց շրջանակներում ոգևորությունը մեծ էր այնքան, որ նույնիսկ փորձագետ լինելով, ավելի բարձր միավորներ են տվել Ուկրաինայում մամուլի ազատության իրավիճակին»:

Հատկանշական է նաև այն, որ Բելառուսում մամուլի ազատության իրավիճակը աստիճանաբար մոտենում է Ադրբեջանին միայն այն տարբերությամբ, որ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումներ կան, ձերբակալված լրագրողներ, փակված լրատվամիջոցներ, Բելառուսում չկան ազատազրկված լրագրողներ, այլ կան մի քանի բլոգերներ ու սոցցանցերի ակտիվիստներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Պարոն Նավասարդյանը եզրափակեց, թե «թվերի առումով ՀՀ-ն ամենակայուն երկիրն է» ու մանրամասնեց. «Եթե մեր տեղերը փոխվել են, բայց միավորների առումով Հայաստանում զգալի փոփոխություններ տեղի չեն ունենում»:

Դիտարկմանը, թե միավորների առումով ՀՀ-ն այնուամենայնիվ, նահանջ է գրանցել, պարոն Նավասարդյանն ասաց. «Այդ հարցում ազդեցություն են գործել լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած անձանց անպատժելիությունը, ֆեյքերի նախագիծը, որի համաձայն հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն սոցցանցերում գրառումներ կատարելու համար»:

Հարցին՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը բացասաբար կազդի՞ ՀՀ-ի մամուլի ազատության ինդեքսի վրա, պարոն Նավասարդյանն ասաց. «Այս պահին մենք չենք տեսնում ուղղակի անդրադարձ ԶԼՄ վիճակին, քանի որ ֆորմալ առումով ինքը հենց տնտեսական միություն է, ուստի առայժմ բացասական փոփոխությունները հիմնականում տնտեսության ,առևտրի ոլորտին են վերաբերելու»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք նման նախադեպ եղե՞լ է, երբ դատարանը պարտավորեցնի լրատվամիջոցին բացահայտել տեղեկատվական աղբյուրը, ինչպես եղավ Ilur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի պարագայում և արդյոք դա բացասաբար չի՞ անդրադառնում ՀՀ-ի մամուլի ազատության ինդեքսին, պարոն Նավասարդյանն ասաց. «Նման նախադեպ երբևէ չենք ունեցել, դա, իհարկե, ամենատագնապալի իրավիճակն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031