Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկի թաղումը (Պատմվածք)

Հոկտեմբեր 17,2014 12:50

Հիմնարկի աշխատակիցներից մեկի տատիկը մահացել էր: Կոլեկտիվով գումար հավաքեցին, ծաղկեպսակ պատվիրեցին հանգուցյալի անունով և պատրաստվեցին հաջորդ օրը մասնակցելու տատիկի թաղման արարողությանը: Չնայած դեռ մի կարգին իրար հետ չէին ծանոթացել նոր կոլեկտիվի աշխատակիցները, բայց կարգ էր, պետք է կատարեին: Տղաներից մեկը զանգահարեց Նարեկենց տուն, որի տատիկն էր մահացել, որպեսզի ճշտի թաղման օրը և ժամը, նրանց շենքի գտնվելու մոտավոր վայրը: Մնացածը, ինչպես ասում են տեխնիկայի գործ էր: Նարեկենց տանը գտնվողներից ինչ-որ մեկը վերցրել էր հեռախոսափողը և բացատրել, որ փողոցը գտնվում է եկեղեցու դիմաց: Սակայն մեր հարգելի զանգահարողը այնպես էր հասկացել, որ տատիկի հուղարկավորությունը կատարվելու է եկեղեցուց: Մեր ժամանակներում կարծես ավանդույթ է դառնում եկեղեցուց հուղարկավորություն կատարելը և երևի դրա համար էլ զանգահարողը սխալ էր հասկացել:

Հաջորդ օրը կոլեկտիվի աշխատակիցները իրենց երկու մեքենաներով ճամփա ընկան դեպի նշված եկեղեցին: Ճանապարհին վերցրեցին նախապես պատվիրված ծաղկեպսակը և շարունակեցին իրենց հանդիսավոր երթը: Տեղ հասան, մեքենաները կանգնեցրեցին փողոցի հարմար տեղում, իջան մեքենաներից, ծաղկեպսակը հանդիսավոր կերպով բռնած մտան եկեղեցու բակ, այն տեղավորեցին եկեղեցու բակում շարված մյուս ծաղկեպսակների կողքին և խմբով արագ ներս խուժեցին եկեղեցու արարողասրահ` կարծելով, թե շատ են ուշացել արարողակարգից: Իհարկե, առաջին հերթին նրանք փնտրեցին Նարեկին, որպեսզի ցավակցություն հայտնեն, բայց նրան չգտան անծանոթ ամբոխի մեջ: Երկար որոնումներից հետո որոշեցին դուրս գալ եկեղեցու բակ և զանգահարել Նարեկի բջջայինին: Գուցե ինչ որ բան այն չէ: Իրենց բախտից Նարեկը չէր անջատել բջջայինը և նրանց բացատրեց, որ զանգահարող ընկերը ճիշտ չի հասկացրել, որ տատիկին թաղելու են ոչ թե եկեղեցուց, այլ իրենց տանից, որը գտնվում է եկեղեցու դիմացի փողոցի բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում:

Ա՚յ, քեզ փորձանք: Զանգահարողները վերադարձան եկեղեցու արարողասրահ, գտան կոլեկտիվի մնացած անդամներին, շշուկով հաղորդեցին կատարված թյուրիմացության մասին և դանդաղորեն մեկ-մեկ դուրս եկան եկեղեցուց, իբր իրենց պարտքը կատարեցին, հիմա գնում են: Բայց գլխավոր խնդիրն այն էր, թե ինչպես պիտի ետ վերցնեին ծաղկեպսակը, չէ որ այն տատիկի համար էր նախատեսված, իսկ այստեղի հանգուցյալը տղամարդ էր: Բայց ո՞վ էր այն համարձակը, որը կհանդգներ գտնել և ետ վերցնել իրենց պատվիրած ծաղկեպսակը` բազմաթիվ ծաղկեպսակների միջից և տանել այն մինչև փողոցում հանգրվանած մեքենան:

Վերջապես, ինչ գլուխներդ ցավեցնեմ, նրանց մեջ գտնվող համարձակը Հակոբն էր, որն էլ գտավ իրենց պատվիրած ծաղկեպսակը մյուսների շարքում, վերցրեց, առանց շուրջը նայելու` բերեց և խցկեց մեքենայի բեռնախցիկը: Կոլեկտիվը նորից ճանապարհ ընկավ` որոնելու հանգուցյալի գտնվելու իրական վայրի փողոցը, շենքը և իհարկե, բնակարանը: Ինչպես բացատրել էր Նարեկը` այդպես էլ արեցին, սակայն այստեղ էլ խնդիրներ ծագեցին, քանի որ բարձրահարկերը երեքն էին և հայտնի չէր դրանցից որ մեկում էր կատարվում թաղման արարողությունը: Նրանց դեգերումները վերջապես ավարտվեցին և վերջին պահին գտան անհրաժեշտ շենքը և բնակարանը:

Տխուր էր տատիկի թաղումը, ինչպես ամեն մի սովորական մահկանացուի թաղում: Հուղարկավորությունը խստիվ ենթարկվում էր մեզանում ընդունված ընդհանուր կանոններին: Սենյակի մեջտեղում, հին, պապենական թախտի վրա դրված էր հանգուցյալի դագաղը, որտեղ ծաղիկների մեջ փառահեղորեն, հանգիստ ու խաղաղ, ձեռքերը կրծքին խաչաձև ծալած պառկած էր տատիկը: Աչքերը, ինչպես վայել է մահացած մարդուն, փակ էին, դեմքը մոմի պես դեղին էր, քիթը` բնականից ավելի դուրս ցցված: Հանգուցյալի դեմքի վրա կարծես դրոշմված էր ոչ թե 76, այլ դրանից շատ ավելի տարիներ ապրածի տառապալից կյանքը, որը արտահայտված էր խորշոմների տեսքով, ինչպես ծառի տարիքն է դրոշմվում նրա կտրված բնի մեջ եղած օղակներով: Երջանիկ ապրած տարիների ժամանակահատվածը թաքնված էր խորշոմների փոսորակներում և նկատելի չէր:
Տատիկը անդամալույծ էր դարձել յոթ տարի առաջ և այդ օրվանից անկողնուց դուրս չէր եկել: Իրականում նա արդեն մահացել էր հենց այդ ժամանակ, երբ կաթվածահար էր եղել` զրկվելով խոսելու և շարժվելու ընդունակություններից: Դեմքի արտահայտությունը այնպիսին էր, կարծես շնորհակալություն հայտնելիս լիներ այն մարդկանց, ովքեր այդքան տարի լուռ ու մունջ իր հետ քաշել էին իրենց բաժին ընկած տանջանքների բեռը:
Իսկ մարդիկ գալիս էին ու գալիս: Կարծես թե այդ հոսքը վերջ չուներ: Երևում էր, որ մեծ գերդաստանի շառավիղներից էր սերվել տատիկը:

Ահա և ժամանեցին նվագախմբի տղաները, որոնց համար շտապ տեղ հատկացրին սենյակի վերևի մասում` նախօրոք տեղադրված աթոռների վրա:

Քիչ անց լսվեց դուդուկների ու կլարնետի աղիողորմ ձայնը, իսկ դափ զարկողը սկսեց նվագակցել մելամաղձոտ եղանակին, ապա, բնականաբար, երգեց մի հին երգ, իհարկե մոր մասին, որտեղ սիրասուն որդին ներողություն էր խնդրում հանգուցյալ մայրիկից` իր գործած և գործելիք մեղքերի համար, ապա գովաբանում նրան իր նկատմամբ տածած անսահման սիրո համար: Երգչի համար այնքան էլ կարևոր չէր, որ երգը գրված է երիտասարդ զույգի սիրո մասին, որոնք Ռոմեոյի և Ջուլիետի նման սիրում են իրար, որ այդ երգի մասին գիտեն շատերը, որ նրանք էլ նույնիսկ երգել են դա, որ այն հարմարեցված է անշնորհք ձևով մոր և որդու սիրո երևույթին, կարևորն այն էր, որ երգը արտահայտեր այդ պահի, իրավիճակի ողբերգականությունը:

Սահմանված քանակի երգերի կատարումից հետո, նվագախումբը լռեց, երաժիշտները հավաքեցին գործիքները, տեղավորեցին դրա համար նախատեսված պատյաններում և արագորեն ներքև իջան: Երիտասարդ տղամարդիկ տատիկին ամփոփող դագաղը դուրս բերեցին և տեղավորեցին բակում նախօրոք տեղադրված սեղանի վրա, որը ծածկված էր գունազարդ շքեղ գորգով: Հանգուցյալի թոռնիկների դպրոցական ընկերները շարք կազմած, ծաղկեպսակները և ծաղկեփնջերը ձեռքերում բռնած պատրաստվում էին քայլելու սգո թափորի առջևից: Ծաղկեպսակները շատ էին, դրանցից առավել աչքի էին ընկնում` §Սիրելի տատիկին…¦, §Սիրելի Մայրիկին…¦, §Զոքանչ Մայրիկին խորին հարգանքով…¦, §Աննման քրոջս…¦ և այլ մակագրություններով ժապավենները: Այս շարքին հետևում էին լացող թոռնուհիները, իսկ տատիկի միակ հարսը, որը երկար ու ձիգ տարիներ անկողնում խնամել ու հոգացել էր հանգուցյալի կարիքները` դառնագին ողբում էր:
Թաղման թափորը ինչ որ մեկի հրահանգով դանդաղորեն շարժվեց դեպի փողոց, որից հետո սկսվեց փողոցային քայլարշավը` նախատեսված տարածքի վրա` նույն նվագախումբի ուղեկցությամբ: Տատիկի դագաղը, բնականաբար, ձեռքերի վրա տանում էին երիտասարդները: Նրանց ետևից գնում էին ծաղկեփնջերով և պսակներով ծանրաբեռնված երեխաները, որոնց ետևից արդեն գնում էին արարողության բոլոր մասնակիցները: Փողոցի նախատեսված տարածքը անցնելուց հետո թափորը կանգ առավ: Տատիկի դագաղը, տեղադրեցին սև ժապավենով պատած դիակառքի վրա, որը պետք է շարժվեր առջևից, իսկ ծաղկեպսակները և ծաղկեփնջերը տեղավորեցին հատուկ դրա համար հրավիրված երթուղայինի մեջ: Մոտիկ բարեկամները և հարազատները տեղավորվեցին ուղեկցող ավտոմեքենաներում, իսկ մնացած ամբոխը արագորեն տեղավորվեց հատկապես այդ նպատակով հրավիրված ավտոբուսներում և երթուղայիններում: Երբ ամեն ինչ պատրաստ էր մեքենաների շարասյունը նույն անձի հրահանգով ուղղություն վերցրեց դեպի գերեզմանատուն:

Այն մասնակիցները, որոնք նպատակադրված չէին գնալու գերեզմանատուն` դանդաղորեն ձուլվեցին մայթերով քայլող մարդկանց քաոսում կամ իրենց հարմար տրանսպորտով մեկնեցին տուն կամ աշխատավայր:

Կես ժամ հետո ավտոշարասյունը հասավ գերեզմանատուն, որտեղ մեծ դժվարությամբ հանգուցյալին տեղ էին հատկացրել, ծախսելով մի կլորիկ գումար:

Նույն երիտասարդները հանգուցյալի դագաղը զգուշորեն ցած իջեցրին դիակառքից և իրենց ձեռքերի վրա բարձրացրած տարան դեպի գերեզմանատուն, որին հետևեց մնացած ամբոխը:

-Նայի՚ր, տե՚ս, այստեղ էլ են մարդիկ իրարից տարբերվում,-շշուկով կողքինին բոթեց թաղման մասնակիցներից մեկը` ցույց տալով շքեղ դամբարանաձև շինությունը, որի կողքին մեկ ուրիշ գերեզմանոց էր` թափթփված քարերով և մոլախոտերով ծածկված:

-Հենց այստեղ է ցցուն կերպով երևում մարդկանց տարբերությունը,-հակադարձեց կողքինը:

Գերեզմանատան թարմ, նոր քանդված հողափոսի մոտ թափորը կանգ առավ, հանգուցյալի դագաղը արագորեն ցած իջեցրին և դրին հողաթմբի վրա` փոսի պռնկին: Փոսի շուրջ հավաքվածները իրենց մտահոգությունը շշուկով արտահայտեցին` հողափոսի խորության կապակցությամբ: Իրոք, առաջին հայացքից փոսի խորությունը կասկած էր առաջացնում:

այց չափում-ձևումից հետո պարզվեց, որ մտահոգությունը տեղին չէ, որ ամեն ինչ կարգին է, որ փոսի խորությունը չափի մեջ է:

Երկարաշունչ կամ նույնիսկ կարճ ճառեր չարտասանվեցին, դագաղը արագորեն փակեցին կափարիչով, պարանները հարմարեցվեցին և գերեզմանափորները արագորեն այն իջեցրին փոսի մեջ: Սկսվեց հողալցման գործընթացը և շուտով սև հողաթումբը վեր բարձրացավ, ծածկվեց ծաղկեփնջերով և ծաղկեպսակներով, որոնք մեքենայից արդեն տեղափոխվել էին թաղման վայր: Հետո մի փոքրիկ տախտակ ամրացրին շիրմաթմբին, որը նախօրեին էին պատվիրել և որի վրա գրված էր տատիկի ամենակարևոր տեղեկատվական տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը:

Ահա և վերջ: Տատիկը այլևս երկրային կյանքում չէ, նրա հոգին այսուհետ սավառնելու է անեզերք տիեզերքում: Մի հարմար քարի վրա դրվեցին բացված օղու շշերը, խաշլամայի ամանը, կտրտված երշիկն ու բաստուրման, կանաչին, ջերմուկի և հյութի շշերը և էլի ինչ որ բաներ, բաժակ վերցնողները առաջարկեցին տատիկի կենացը, ցանկացան, որ հողը թեթև լինի վրան, մի կում խմեցին, իսկ մնացած օղին ցողեցին տատիկի թարմ շիրմաթմբին, հրաժեշտի խոսքեր ասացին նրան, մխիթարանքի խոսքեր ասվեցին հարազատներին, հետո թանկարժեք ծաղկեփնջերը կոտրատվեցին, որ անշնորհք լակոտները չտանեն վերավաճառեն:

Գերեզմանատնից ավտոշարասյունը ետ վերադարձավ, իսկ բարձրահարկ շենքի բակում սպասում էին երկու երիտասարդ աղջիկներ, որոնց մի թևից կախված էր սպիտակ, մաքուր սրբիչը, մյուս ձեռքը բռնել էր ջրով լի բաժակը, իսկ գետնին դրված էին ջրով լցված դույլերը:
Այցելուները հերթականությամբ լվացին ձեռքերը, սրբեցին սրբիչներով, բարձրացան բնակարան, դանդաղորեն զբաղեցրին սեղանի շուրջ հատկացված տեղերը: Ինքնաբուխ կամ նախօրոք ընտրված թամադան բաժակ բարձրացրեց, առաջինը խմեց հանգուցյալի կենդանի կենացը, ապա որոշակի ընդմիջումներով շարունակեց մնացած պարտադիր կենացները:

Քիչ հետո օղու բարերար ազդեցության տակ թաղման մասնակիցների գլուխները տաքացան ու այլևս սկսվեց ակտիվ խոսքն ու զրույցը, կարծես տատիկը իսկի էլ չէր մահացել:

Առաջին անգամ թաղման մասնակցողը այսպիսի արարողության ժամանակ դժվարությամբ է օգտվում սեղանին դրված բազմաթիվ բարիքներից, նրան թվում է, թե այս ամբողջը պատրաստված է հանգուցյալի ձեռքերով կամ նրա ակտիվ մասնակցությամբ, ամեն ինչից հանգուցյալի հոտն է առնում:

Արարողության վերջին կրկին հիշեցին տատիկին, նորից խմեցին նրա կենդանի կենացը, ապա ցանկացան նրա ոսկորներին հանգստություն, խրախուսանքի և շնորհակալական խոսքեր ասացին նրան խնամող հարսի և թոռների հասցեին: Այլևս կենացները վերջացան, վերջում թամադան շնորհակալություն հայտնեց սեղանը նախապատրաստողներին, չարչարվողներին:

Դա նշանակում էր, որ մեռելահացի արարողությունն արդեն վերջացել է և ցանկացողները կարող են թողնել արարողության վայրը: Սակայն հանգուցյալի ավելի մոտիկ հարազատները և մի քիչ գինովցած մասնակիցները դեռ միտք չունեին տուն գնալու և ավարտելու մեռելահացը: Հիմնական սեղանները հավաքվեցին, սպասքը փոխադրվեց խոհանոց` լվանալու համար, իսկ սեղաններից մեկի բարիքները նորից թարմացվեցին, որի շուրջ դեռ երկար պիտի զրուցեին ու շարունակեին կերուխումը տատիկի ավելի մոտ բարեկամները և հարազատները: Այդպես է ավանդաբար մեզ հասած կարգը, բայց վերջերս այն կարծես բարեփոխման է ենթարկվում:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031