Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը վիրավորված է. «Ես կհուսահատվեմ, էլ երբեք չեմ ներկայացնի օրենքի նախագիծ»

Հոկտեմբեր 17,2014 12:14

Այսօր ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  ներկայացրեց «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման, մինչդեռ մինչ օրս, օրինակ, Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում չեն ստացել:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայնեց եւ ասաց, որ կողմ է օրենքին. «Մարտի 1-ին վնասված մեքենաների, այրված խանութների տերերը փոխհատուցում ստացել են, բայց զոհերի հարազատները՝ ոչ»:

Նախագծին կառավարությունը բացասական գնահատական է տվել, ու այնպիսի ձեւակերպումներով մերժել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրավորվել է՝ որպես մասնագետ. «Չի կարելի այսպիսի բաներ գրել: Իհարկե, կարելի է լրամշակել, խմբագրել, ստորակետը տանել այնտեղ, բութը բերել այստեղ: Կարելի է, բայց սենց բովանդակային բաներ չի կարելի անել, անհարմար է: Ես կհուսահատվեմ, էլ երբեք չեմ ներկայացնի օրենքի նախագիծ: Մասնագիտական իմ ինքնասիրությունը վիրավորում եք: Կառավարությունն ասում է՝ հետադարձ ուժի բանը Սահմանադրական դատարանի որոշմամբ թողնված է ԱԺ-ի հայեցողությանը: Այ ձեր ցավը տանեմ, բա ես բերել եմ, ասում եմ, Վիեննայի կոնվենցիա ենք վավերացրել, ես էլ եմ թողել ԱԺ-ի հայեցողությանը: Բա սենց կարելի է եզրակացություն գրե՞լ:

Ասում եք՝ բարոյական վնասի հատուցում: Ես հատուկ սպասում եմ, որ ԱԺ-ն բարոյական վնասի հատուցման նախագիծն ընդունի: Ավելի լավ չէ՞ր գրել՝ այս նախագիծը բյուջեի ծախսային մասն ավելացնելու է, դրա համար այո, այս տարվա բյուջեում միջոցներ նախատեսված չէ: Դրա համար նախագիծը տարվա վերջում եմ բերել, որ եկող տարվա բյուջեի մեջ գումար նախատեսի կառավարությունը: Ես ինքս ինձ լայն պրոֆիլի իրավաբան չեմ համարում, վարչականով երբեմն Մարուքյանի հետ եմ խոսում: Չկա այդպիսի իրավաբան, սա Մխիթար Գոշի թիվը չի, որ համ առակագիր լինեն, համ իրավաբան լինեն: Իհարկե, ես քաղաքացիական օրենսդրությունն ինչ-որ մակարդակում գիտեմ, բայց այս մասնագիտությունը, որը ես տիրապետում եմ, բայց դուք ինձ ասում եք՝ բռնությունը սա է, նա է,, արդեն ինձ վիրավորում եք: Ես վստահ եմ, որ այ աշխատակազմի մեջ եզրակացություն գրողը քաղաքացիաիրավական ոլորտի մասնագետ է: 100 տոկոս, ուզում է բերի դիպլոմը ցույց տա, ուզում է՝ չէ: Եթե, իհարկե, ավարտել է: Չի կարելի»:
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն առաջարկեց, որ եթե խոսքը միայն Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման մասին է, կարելի է առանձին օրենք ընդունել Մարտի 1-ի մասով, որ հնարավոր լինի հաշվարկել, թե ինչ ծախսի մասին է խոսքը: Գագիկ Ջհանգիրյանը չհամաձայնեց. «Դուք առաջարկեք դա է: Դուք առաջարկեք՝ ձերը կընդունվի, ես էլ կողմ կլինեմ: Ես ձեր հետ չեմ առաջարկի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031